Բաժիններ՝

Ինչո՞ւ է «պայթել» ՔԿԱԳ սերվերը, և ինչո՞ւ չեն գործում Իջևանի և Գյումրիի կենտրոնները

Մինչ երկրում մոլեգնում են բողոքի տարերային ակցիաները՝ «Ստոպ Նիկոլ», «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում», «Ազատենք Հայաստանն ու Արցախը թուրքից» կարգախոսների ներքո, իշխանությունները ողջ պետական ռեսուրսը  կենտրոնացրել են Նիկոլ Փաշինյանի աթոռի պահպանության շուրջ: Բողոքի ապակենտրոն, ցանցային ակցիաները ճնշելու, իրազեկման երթերի մասնակիցներին հաճախ բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկելու համար գործի են դրվում մեծաքանակ ոստիկանական ուժեր՝ տարագույն բերետների բազմազանությամբ:

Միևնույն ժամանակ, առանց այդ էլ կենսունակությունը վերջին ճիգերով պահող պետական ապարատը պայթում է:

168.am-ի տեղեկություններով՝ շարքից դուրս է եկել Արդարադատության նախարարության (ԱՆ) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) էլեկտրոնային սերվերը: Փորձել են վերականգնել, բայց հիմքային փաստաթղթեր կան, որոնք հնարավոր չի եղել վերականգնել:

ԱՆ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների խոսքով՝ դրա պատճառն այն է, որ էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը (Էկենգ) ճիշտ հաշվարկ չի կատարել, և ըստ էության համակարգի սերվերը չի դիմանում ծանրաբեռնվածությանը:

Որպեսզի ավելի պարզ ներկայացնենք իրավիճակը, նշենք, որ խոսքը վերաբերում է բոլոր այն հիմքային փաստաթղթերին, որոնք անհրաժեշտ են ծնունդ կամ ամուսնություն գրանցելու կամ ամուսնալուծություն ձևակերպելու կամ ՔԿԱԳ որևէ այլ գործառույթ իրականացնելու համար: Դրանք սկանավորված ու մուտքագրված են՝ որպես արխիվ: Ակտերը վերականգնվել են, սակայն հնարավոր չի եղել վերականգնել հենց այդ արխիվը:

Այս պահին, մեր տեղեկություններով, Էլենգը քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ, բայց կարծես թե դեռ հաջողություն չեն գրանցել:

ՔԿԱԳ-ում սա, սակայն, միակ պրոբլեմը չէ: 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ փակ են, չեն աշխատում Գյումրիի և Իջևանի ՔԿԱԳ կենտրոնները: Պարզվում է, կառավարությունը ստեղծել է միասնական գրասենյակը, սակայն հաստիք չի տալիս, որ կարողանան քաղաքացիներին սպասարկել: Ուշագրավ է, որ երբ պետք է ուրախության ցույցեր ու PR ակցիաներ կազմակերպել միասնական գրասենյակի, մեկ պատուհանի սկզբունքով աշխատելու առնչությամբ, դա ընտիր կազմակերպվում է, բայց երբ հարցը հասնում է գործնականին, դրանք աշխատեցնելուն, հաստիքներ չեն տրամադրվում. Փող չկա: Տարածք կա, աշխատող չկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս