«Ալիևն ասել է՝ հայերը պետք է հրաժարվեն 5 միլիոն բնակչություն ունենալու մտքից. հասկանո՞ւմ եք… Պիտի բոլորս մեռնենք, երեխա չունենանք, հայերը չպիտի Հայաստան վերադառնան…». Արմեն Աշոտյան
«Ուզում եմ անդրադառնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա ելույթին, քանի որ խնդիրներ կան, որոնց, ցավոք սրտի, հայկական կողմից, ինչպես և կանխատեսվում էր, որևէ անդրադարձ չկա, որովհետև մենք չունենք պետություն, չունենք պետական այրեր, որոնք զբաղված են մեր պետական, ազգային օրակարգով, չունենք վարչապետ, արտգործնախարար, Անվտանգության խորհրդի քարտուղար, խորհրդարանական դիվանագիտություն: Մենք ոչինչ չունենք, որովհետև մեզ ներկայացնող մարդիկ ոչնչություն են»,- ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ընթացքում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ այս պատճառով է, որ Ալիևի՝ միջազգային լրահոս նետված կեղծ, սադրիչ թեզերին պետությունը որևէ կերպ չարձագանքեց:
Ըստ նրա՝ օկուպացիոն վարչակարգը, որն այսօր կա մեր երկրում, ամեն ինչ անում է, որ հնարավորինս արագ, էժան, լիկվիդացիոն գներով վաճառի ՀՀ քաղաքացիների վերջին արժանապատվությունը, Արցախից մնացած տարածքները, վաճառի մեզ բոլորիս:
«Այդպիսի վարչակարգ ունենք մենք, որոնք երկրի ներսում առյուծ են ձևանում, ոստիկանական բիրտ ուժ են կիրառում, ապօրինի ձերբակալություններ են անում, բերման են ենթարկում, խոչընդոտում են ժողովրդի ըմբոստությանը, իսկ դրսում փիսո են: Այդ մարդիկ դրսում, կուռկուռի ձագ դարձած, սուսիկ-փուսիկ, մեզ տանում են քաղաքական սպանդի, որի արդյունքում, եթե չկանխենք Ալիևի և Նիկոլի սիրավեպը, կշարունակենք կոնկրետ մարդկային զոհեր ու տարածքային կորուստներ»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:
Արմեն Աշոտյանը հիշեցրեց՝ առավոտվանից քաղաքի տարբեր աղբավայրերում Նիկոլ Փաշինյանի խրտվիլակներն են նետված, և քանի որ այսօր շաբաթօրյակ է, պետք է ազատվել ոչ միայն կենցաղային, այլև քաղաքական աղբից:
«Ալիևն իր կեղծիքներն ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու փորձերն արել է միջազգային մի կոնֆերանսի ժամանակ, ինչը շատ ուշագրավ է: Միջազգային կոնֆերանս կոչվածն ակնհայտորեն ադրբեջանական նավթային, խավիարային փողերով Բաքու բերված մի քանի տասնյակ տարբեր տրամաչափի, տարբեր զբաղմունքի արտասահմանցիներն էին: Այսինքն՝ մինչ մենք Երևանում փորձում ենք Նիկոլից ազատվել, ադրբեջանցիները գլուխները կախ աշխատում են, դիրքերն ամրացնում, միջազգային միջոցառումներ են կազմակերպում»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը՝ նշելով, որ դրանցից հերթականը տեղի է ունեցել երեկ:
Հաջորդիվ Արմեն Աշոտյանը հերթով անդրադարձավ Ալիևի կատարած հայտարարություններին ու բացահայտեց դրանցում եղած կեղծիքները:
«Ալիևը երեկ հայտարարել է, որ նույնիսկ մինչև ուկրաինական դեպքերը Մինսկի խմբի համանախագահների շրջանում շփոթվածություն կար առ այն, թե ինչ կարող են անել, քանի որ ադրբեջանցիներն ինքնուրույն իրականացրել են Մադրիդյան սկզբունքները: Եկեք հասկանանք՝ ինչ նկատի ունի Նիկոլի տերը: Նա նկատի ունի հետևյալը, որ Ադրբեջանը, հրահրելով 44-օրյա պատերազմը, իբր թե իրականացրել է Մադրիդյան սկզբունքները: Հիշեցնեմ, որ Մադրիդյան սկզբունքների իմաստն այն էր, որ այս կոնֆլիկտը չունի ռազմական լուծում, և լուծման համար հիմք են հանդիսանում 3 սկզբունքներ՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նա նկատեց, որ Ալիևը երեկ ցինիկ, լկտի սուտ է ասել, որովհետև Ադրբեջանը, պատերազմ հրահրելով, չէր կարող իրականացնել Մադրիդյան սկզբունքները, որովհետև դրանք նրա համար էին, որ կանխեին պատերազմը, հետևաբար՝ Ադրբեջանը, հրահրելով 44-օրյա պատերազմը, չէր կարող իրականացնել Մադրիդյան սկզբունքները, քանի որ խախտվել է այդ 3 սկզբունքներից առնվազն 2-ը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չգործադրման և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները:
Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ հաջորդ սուտը, որ ասել է Ալիևը, որ ուկրաինական պատերազմից հետո Մինսկի խումբն այլևս գործունակ չէ:
«Հերթական սուտն է, դա Ալիևի խնդիրը չէր, նա այնքան ուժեղ տղա չէր, որ վերացներ Մինսկի խումբը, թեպետ ամբողջ կյանքում երազել է տապալել Մինսկի խմբի աշխատանքները, մտածել՝ ինչպես անի, որ այն փլուզվի, որ Թուրքիային մտցնի Մինսկի խմբի աշխատանքների մեջ: Սա իրենից անկախ է ստացվել, որովհետև Ռուսաստանն ու Արևմուտքը բախվել են աշխարհով մեկ և, ցավոք սրտի, չեն կարողացել պահպանել նաև այն կապը, որ ունեին Արցախի խնդրի շուրջ, և սա նաև Հայաստանի իշխանությունների կողմից դիտավորյալ վարվող ապիկար քաղաքականության շնորհիվ է»,- ասաց Արմեն Աշոտյանը:
ԱԺ նախկին պատգամավորը նշեց նաև, որ Ալիևը երեկվա ելույթում բոլոր հայերիս կոչ է արել զերծ մնալ ռևանշի փորձերից:
«Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ է ասում: Նա կպած նիկոլական քարոզչությունն է իրականացնում: Ռևանշիստ բառը մեր հանդեպ օգտագործում են նիկոլները և Ալիևը: Բոլոր այն մարդկանց, ովքեր ասում են՝ այս պատերազմն անարդար էր, դրա արդյունքներով՝ Արցախյան խնդիրը չի լուծվել, Նիկոլն ու Ալիևը միասին անվանում են ռևանշիստներ: Նրանք հայրենասեր հայ ժողովրդի նկատմամբ նույն բառամթերքն ունեն»,- ասաց նա:
Անդրադառնալով այն հարցին՝ ինչո՞ւ է ընդդիմությունը նորից պայքարի դուրս եկել, բազմիցս ասել ենք, որ պատճառը, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրն է», որն իրականում Հայաստանը «կզացնելու», Հայաստանից կտոր-կտոր պոկելու պայմանագիր է:
«Խաղաղության պայմանագրի մասին Ալիևն ասել է, որ մի քանի շաբաթ առաջ Նիկոլենք համաձայնել են իրենց ներկայացրած 5 պայմաններին, այսինքն՝ Հայաստանին զրկել են դրանք սակարկելու, այդ պայմանների շուրջ բանակցելու, լրացուցիչ գործընթաց ծավալելու հնարավորությունից: Սրանք ասում են՝ ընդունելի է, բայց մի բան էլ ավելացնենք, բայց պետք է ասվեր՝ ընդունելի կլինեն, եթե այս, այս հարցերը, այդ թվում՝ Արցախի ապագայի, կարգավիճակի, ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցերն արծարծվեին»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ շեշտելով՝ սա կարևոր փաստարկ է հասկանալու համար՝ ինչու ենք ոտքի կանգնել, ինչու է Լաոն զարթնել:
Նրա խոսքով՝ Ալիևը նաև շատ ցավոտ, սակայն ճիշտ բան է ասել՝ հայտարարելով, որ Հայաստանը կորցրել է նպատակը:
«Ճիշտ է ասում, որովհետև նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում փլվել են ոչ միայն անվտանգային, դիվանագիտական և այլ համակարգերը, այլև բարոյական արժեհամակարգերը, այն ամենը, ինչի վրա մենք 30 տարի մեծացել ենք, դաստիարակվել, միասին պետություն կառուցել: Հայաստանի 3-րդ Հանրապետությունն Արցախյան շարժման ծնունդ է, և եթե դրա տակից հանես Արցախյան շարժման բովանդակությունը, ոգին, արժեքները, շենքը փլվում է: Եթե ֆունդամետը հանես շենքի տակից, այն կփլվի: Իսկ ֆունդամենտը հանվել է ոչ այնքան նոյեմբերի 9-ի պատճառով, որքան 2021թ. հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների հետևանքով, որովհետև դավաճանը, մարդը, ով այսպիսի արյունալի պատերազմ է բերել մեր գլխին, շարունակում է մեզ ներկայացնել արտաքին աշխարհում»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:
Նա նշեց՝ աշխարհը տեսնում է, թե ինչպես է նա այդ պատերազմը բերել, ինչ է արել, երբ ինքն անգամ խոստովանել է, որ կարող էր կանխել պատերազմը, որ չլինեին մեր լուսավոր զոհերը, և դրանից հետո նա կրկին Հայաստանի ղեկին է, ու այս ամենը վկայում է, որ մենք խորը ճգնաժամի մեջ ենք:
«Մեզ պետք է նոր գաղափարախոսություն, նոր առաջնահերթություններ: Մենք ինչի՞ վրա պետք է կառուցենք Հայաստանի Հանրապետությունը, քաղաքացու կեղծ սիմվոլի վրա՞… Հայաստանի մտավորականությունը, ինտելեկտուալ հատվածը պարտավոր է ստեղծել նոր գոյաբանական իմաստ՝ ՀՀ արժեհամակարգային հիմքը վերականգնելու համար: Իսկ քանի Նիկոլը կա, մենք չենք կարող խոսել արժեհամակարգից»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Վերջինս խոսեց նաև այն մասին, որ երեկ Ալիևը ֆաշիստական, նացիստական հայտարարություններ է արել, և իշխանություններից ոչ ոք չի արձագանքել:
«Ալիևն ասել է՝ հայերը պետք է հրաժարվեն բանակը վերակառուցելուց, ավելի ուժեղ դառնալուց, պետք է հրաժարվենք 5 միլիոն բնակչություն ունենալու մտքից: Նա առաջին անգամ խոսում է ֆաշիստական ձևակերպմամբ՝ ասելով, որ հայերն իրենց հայրենիքում չպետք է բազմանան: Հասկանո՞ւմ եք… Պիտի բոլորս մեռնենք, երեխա չունենանք, հայերը չպիտի Հայաստան վերադառնան: Այսինքն՝ հենց մենք որոշենք՝ 3-4 երեխա ունենալ, Ալիևը պատժելու է: Հենց ձեր տներում, անկողիններում որոշեք սերունդը շարունակել, իմացեք, քանի Նիկոլը կա, Ալիևը վերևից ձեզ հաթաթա է տալու՝ մի հատ հլը կանխեք ազգը վերարտադրելու գործընթացը»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նա նկատեց՝ սա ասվում է նրա համար, որ մենք փոքրանանք, վերանանք աստիճանաբար, թուրքերն էլ գան, լցվեն, բազմանան ու իրենցը դարձնեն մեր հայրենիքը:
«Թուրքերի ամենաուժեղ զենքը բայրաքթարը չէ, արգանդն է, որ աշխատեցնում են մեր դեմ»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը՝ տարակուսելով, որ Ալիևի նշյալ արտահայտությունից հետո անգամ ՀՀ իշխանությունների կողմից արձագանք չի եղել:
Նախկին պատգամավորը պնդում է՝ փոխանակ բոլոր դեսպանատների մոտ աղաղակեին, որ Ադրբեջանի նախագահը նման ֆաշիստական հայտարարություն է արել, ոչինչ չեն ձեռնարկում:
«Ալիևը նաև մի շարք բաներ է ասել, որ մենք ասում էինք, իսկ դուք չէիք հավատում, ժողովուրդ ջան: Ասել է՝ Ադրբեջանը թանկով ՌԴ-ից զենք էր առնում, իսկ Հայաստանը ձրի էր ստանում: Այո: Սերժ Սարգսյանը 2 տարի առաջ դրա մասին ասել էր, որ 2016թ.-ից հետո 50 000 տոննա զենք է եկել Հայաստան, անվճար»,- նկատեց ՀՀԿ փոխնախագահը:
Ըստ նրա՝ Ալիևը նաև շատ կարևոր շեշտադրումներ է արել՝ կապված բանակցային գործընթացի հետ, և մասնավորապես խոստովանել է, որ «Սերժի վախտ» Արևմուտքն իրեն պարտադրել է ճանաչել Արցախի անկախությունն ու ինքնորոշման իրավունքը:
«Մելիք-Ադամյանի կողքի շենքում նստող արարածը սրիկայաբար ձեզ խաբում էր: Էն որ ասում էր՝ հողերը տայի, սաղ նույնն էր լինելու, բացի զոհերից, դա էլ է ցինիկ լպիրշություն, բայց դա էլ է սուտ ասում, որովհետև եթե հողերը բանակցային փաթեթով, 5+2-ով տային, Արցախը կունենար միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ և ինքնորոշման իրավունքի հնարավորություն»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նա հիշեցրեց, որ Ալիևը նաև ասել է՝ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանին միշտ գովում էին՝ ասելով՝ Հայաստանը կառուցողական է, իսկ Ադրբեջանը՝ դեստրուկտիվ:
«Մինչև 2018թ. աշխարհի աչքերում մենք եղել ենք կառուցողական կողմ: Մենք ճիշտ էինք, Ալիևը՝ սխալ: Նիկոլը եկավ և դիտավորյալ այնպես փչացրեց բանակցային գործընթացը, որ Հայաստանին սարքեց սխալ, և մինչև պատերազմ Մինսկի խմբի համանախագահները սկսեցին երբեմն նույնիսկ անթաքույց սատարել Ադրբեջանին»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Մանրամասները՝ տեսանյութում