Սա ոչ թե ընդդիմադիր, այլ համաժողովրդական պայքար է, նպատակն էլ ոչ թե իշխանափոխությունն է, այլ հայոց պետությունը փրկելը․ Խոսրով Հարությունյան
Այն, ինչին մենք ականատես ենք այսօր, այլևս լոկ ընդդիմադիր շարժում չէ, այն համաժողովրդական պայքար է, և Ազատության հրապարակում կամ երթերին միայն կուսակցականներ չեն, խոսքն արդեն քաղաքական պայքարի կամ իշխանության մասին չէ։ Մարդիկ միանում են ընդդիմության նախաձեռնություններին բոլորովին այլ ընկալումներով։ Այս շարժման հասցեատերը Փաշինյանը չէ, այլ հանրությունը և արտաքին աշխարհը։ Շարժումը բարձրաձայնում է Հայաստանի և Արցախի ապագայի հետ կապված մտահոգություններ, այն լայնածավալ է, ընդգրկում է հանրապետության ամբողջ տարածքը՝ ուզեն իշխանությունները, թե ոչ։ Իսկ դա պայմանավորված է բացառապես Փաշինյանի վերջին ելույթներով, իրողության փաստագրումներով՝ կապված Արցախի ապագայի, Ադրբեջանի հինգ կետերին անվերապահ համաձայնելու հետ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
«Այսօր խոսքն իշխանափոխության մասին չէ, նպատակը գահավիժող հայոց պետականությունը փրկելն է։ Եթե Նիկոլ Փաշինյանն աներ քայլեր, որոնք կփարատեին հանրության հիմնական հատվածի մտահոգությունները, կչեզոքացնեին այն սպառնալիքները, որոնք հետևանքն են նրա իշխանավարման, դժվար թե առօրեական լիներ նրա հեռացման պահանջը։ Այսօր խնդիրը ոչ թե իշխանության հեռացումն է, այլ հայոց պետականության կործանումը կասեցնելը։ Մեծագույն համակրանք է պետք տածել զոհերի հարազատների նկատմամբ։ Նրանց պայքարն ամենաարդարացվածն է, նրանց զայրույթն ամենահիմնավորն է, մարդիկ իրենց տան ճրագն են կորցրել, երբեմն՝ միակը, ծնողների հույսը, ապագան, և Փաշինյանը կանգնում ու ասում է՝ կարելի էր զոհերից խուսափել»,- ասաց քաղաքական գործիչը։
«Ալեքսանդր Լապշինի, Վլադիմիր Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի զրույցի մասին այսօր քչերն են հիշում։ Կարապետյանն ասել էր՝ եթե այս ժողովուրդը 5000 զոհ տա, այլևս պատերազմելու ցանկություն չի ունենա։ Փաստորեն, նրանք այդ ծրագիրն իրականացրին։ Փաշինյանն այնքան ինքնավստահ ու համոզված է խոսում, որ իր ցանկացած քայլ ծառայեցնում է սեփական նպատակին, որևէ խոչընդոտ չունի, արդեն բաց տեքստով է ասում, թե իբր՝ գյուղ առ գյուղ պետք է հանձնենք, որևէ տեսական տարբերակ չկար Արցախն Ադրբեջանի կազմից դուրս թողնելու, Թուրքիան թող հայտարարի՝ ուզո՞ւմ է նոր ցեղասպանություն անել, և այլն։ Փաշինյանն իրեն համարում է իրավիճակի բացարձակ տերը, և այդ պատճառով իրեն իրավունք է վերապահում բաց տեքստով ամեն ինչ ասելու»,- նշեց Հարությունյանը։
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ այս շարժումը հանուն Արցախի և Հայաստանի պետականության է, և ցանկացած գործոն, որը խոչընդոտում է այդ նպատակի իրականացմանը, պետք է վերացվի, իսկ այսօր ամենաառանցքային խոչընդոտն ու անվտանգության սպառնալիքը գործող իշխանությունն է, հետևաբար՝ դա է իշխանափոխության պահանջի պատճառը․ «Բնական է, որ ժողովուրդն ուզում է տեսնել նոր անհատի, որը կարող է դառնալ սպասելիքների իրականացման մարմնավորումը։ Դա որքան բնական է, նաև խնդրահարույց է՝ սուբյեկտիվ ընկալումների տեսանկյունից։ Պետք է ձևավորել այլընտրանքային կառավարության կազմ, և հանրությունը պետք է իմանա, որ կանգնած է ընտրության առջև։ Հանրությունն իրավունք ունի ճանաչելու ապագա կառավարության ղեկավարին և նրա նշանակած առանցքային պաշտոնյաներին, որոնք այս փուլում ստանձնում են ոլորտային հակաթեզեր ձևավորելու պատասխանատվություն։ Դա պետք է լինի ազգային համաձայնության կառավարություն՝ մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը։ Այն, փաստորեն, գործող կառավարության այլընտրանքն է, կա անգամ վարչապետին նշանակելու գործիքակազմ, իսկ նա պետք է ընտրի և նշանակի հիմնական պաշտոնյաներին։ Այն կստանձնի հանրության համար բացառիկ դերակատարում՝ հանրային կարծիք, վաղվա քաղաքականություն ձևավորելու։ Այլընտրանքային կառավարությունը փաստացի իշխանություն չի ունենա, բայց կունենա հանրային աջակցություն»:
«Էական է, որ այս շարժման բովանդակությունը, նրա քաղաքական իմաստը գնահատվի դրսում։ Կարևոր է, որ հիմնական արտաքին խաղացողները հասկանան, որ սա ոչ թե մեկ խմբի, կուսակցության, այլ ամբողջ հանրության դիրքորոշումն է Արցախի և Հայաստանի հարցով։ Նրանց պետք է հասցնել այն թեզը, որ սա իշխանափոխության համար կռիվ չէ, իշխանափոխությունը միջոց է։ Եթե վաղը եկավ այլ մեկն ու չբավարարեց հանրության ակնկալիքները, նա էլ պետք է հեռանա։ Իշխանությունն ասում է՝ «աթոռակռիվ», «նախկիններ և ներկաներ», այդ թեզը հմտորեն օգտագործում է, մինչդեռ այն պետք է չեզոքացնել և՛ ներսի, և՛ արտաքին խաղացողների համար։ Այս շարժումը պետք է ստանա նախկին երեք նախագահների քաղաքական հովանավորությունը՝ որպես պատմական բացառիկ պատասխանատուների, նրանց թողած ժառանգությունը ցաքուցրիվ է եղել, փոշիացել է»,- ամփոփեց Խոսրով Հարությունյանը: