Բաժիններ՝

Մենք այն ազգն ենք, որն ավելի մեծ տեղ պիտի տա արվեստին և մշակույթին. Փարավոն Միրզոյան

«Թեքեյան» մշակութային միությունում ապրիլի 27-29 կբացվի ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի «Նկարիչը եւ էրոսը» ցուցահանդեսը եւ տեղի կունենա համանուն գրքի շնորհանդեսը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Փարավոն Միրզոյանն ասաց, որ գիրքը միջազգային ցուցահանդեսում արժանացել է «Գրան պրի» մրցանակի: Ցուցահանդեսին կներկայացվեն 40-ից ավել աշխատանքներ՝ մեծ մասը թեմատիկ գծանկարներ:

«Մեր մշակութային պատմության մեջ առաջին անգամ է տպագրվում էրոս թեմայով գիրք: Իմ այս գրքում թեմայով գծանկարներ են, որոնք ստեղծվել են 1970 թվականից մինչեւ օրս: Ցուցահանդեսում ներկայացվելու են այն աշխատանքները, որոնք տեղ են գտել հենց այս գրքում; Բացի այդ, երկու տարի առաջ պետք է լիներ իմ անհատական ցուցահանդեսը՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, սակայն հետաձգվեց՝ կորոնավիրուսի եւ ազգային պատկերասրահի վերանորոգման պատճառով: Երբ այս տարի ավարտվի վերանորոգումը, սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամսին կբացենք ցուցահանդեսը: Այնտեղ կլինեն գեղանկարների, քանդակների, գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն»,-տեղեկացրեց նկարիչը:

Կցուցադրվեն վերջին 10 տարվա գործերը, արվեստագետը ընդգծում է՝ ընտրել է վերջին շրջանը, քանի որ, իր համոզմամբ, նկարիչը նորովի պետք է ներկայանա ժողովրդին, արվեստասեր հանրությանը:

Միրզոյանը նաեւ տեղեկացրեց, որ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը տպագրում է՝ «Դիմանկարը Փարավոն Միրզոյանի արվեստում» գիրքը, որ մեկ կամ երկու ամսվա մեջ արդեն կհրատարակվի: «Մենք մտածում ենք, որ գրքի շնորհանդեսը կկազմակերպենք հենց ազգային պատկերասրահում, երբ կբացվի վերը նշված ցուցահանդեսը»,-սպասվելիք նորություններով մեզ հետ կիսվեց արվեստագետը:

Փարավոն Միրզոյանն այժմ դասավանդում է Գեղարվեստի ակադեմիայում, ամբիոնի վարիչն է, ասում է՝ հիանում է իր հետաքրքիր եւ շնորհալի ուսանողներով: Արվեստը Միրզոյանի կյանքում մեծ նշանակություն ունի, անկեղծանում է՝ իր ցանկությունն է հասարակությանը տալ ապրելու, սիրելու զգացում, որպեսզի արվեստը մեր հասարակության կյանքում լինի ամենաթանկն ու արժեքավորը:

Նկարիչն օրվա մեծ մասն անցկացնում է Պուշկինի փողոցի վրա գտնվող իր արվեստանոցում. «Ես վայելում եմ կյանքը, իմ ապրած տարիները, հիանալի արվեստանոց ունեմ Գառնիում, հաճախ եմ այնտեղ լինում: Շփվում եմ հետաքրքիր մարդկանց հետ՝ տարբեր բնագավառներից: Քաղաքի կենտրոնում ունեմ լավ արվեստանոց, որտեղ ես ապրում եւ ստեղծագործում եմ: Երբ արշալույսին արթնանում եմ, առաջին հերթին թարմ աչքով տեսնում եմ իմ ստեղծագործությունները, մտածում հետագայի մասին: Սիրում եմ Երեւանի կենտրոնական մասը, ման եմ գալիս առավոտյան, երբ քիչ մեքենաներ կան, տհաճություն եմ ապրում տգետ մարդկանցից: Ունեմ հետաքրքիր եւ շնորհալի ուսանողներ, այդ ամենը այն է, ինչ մարդուն պետք է»,-ընդգծում է նա:

Մշակույթի զարգացման պրոցեսից է խոսում, ասում է՝ չի զարգանում. «Ինձ ցավ է պատճառում, իմ կարծիքով մենք այն ազգն ենք, որ կարող էինք ավելի մեծ տեղ տալ արվեստին եւ մշակույթին, անպայման պետք է ունենալ առանձին մշակույթի նախարարություն: Ես չեմ ուզում խոսել մշակույթի այսօրվա վիճակից, բայց կարող եմ ասել, որ առանձնապես զարգացում չի ապրում: Մենք ունենք տաղանդավոր ստեղծագործողներ համարյա բոլոր բնագավառներում, բայց զարգացման պրոցես կերպարվեստում չեմ տեսնում»,-ասաց նա:

Միրզոյանը հավելում է՝ ոչ միայն կերպարվեստում, մշակույթի գրեթե բոլոր բնագավառներում զարգացում չի տեսնում: «Գուցե լավ ներկայացում լինի, երաժշտական համերգ, բայց դա քիչ է: Մենք պետք է մեծ ծրագիր ունենանք, մեր երկիրը կարեւորում են մշակույթով, որը ըստ պատշաճի չի ներկայացվում, չեն կազմակերպվում ցուցահանդեսներ տարբեր երկրներում, չի ներկայացվում ազգային մեծ նկարիչների արվեստը աշխարհում, որ մեզ ճիշտ ճանաչեն: Ավանդույթները կտրվել են, որը շատ ցավալի է ինձ համար»,-ընդգծեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս