10 տարի հետո Հայաստանի հետ բոլոր խնդիրները կլուծվեն. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կանխատեսել է, թե երբ Բաքուն և Երևանը կբարելավեն հարաբերությունները։ Նա այս մասին հայտարարել է «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը, գրում է minval.az-ը։
«Առաջիկա տասը տարում մենք ավելի ուժեղ կլինենք, և հուսով եմ, որ այդ ժամանակ, միգուցե 10 տարի հետո, Հայաստանի հետ կապված բոլոր թյուրիմացություններն ու խնդիրները կլուծվեն։ Միևնույն ժամանակ, Հարավային Կովկասի տարածաշրջանը լիովին ինտեգրվելու է, և տարածաշրջանի երեք երկրներն արդեն կունենան սերտ համագործակցություն»,- նշել է նա:
Հայաստանի հետ հաշտեցումը հեշտ գործընթաց չէ, բայց այս գործընթացին այլընտրանք չկա, ընդգծել է Ալիևը։
«Ադրբեջանական հասարակությունը ըմբռնումով է վերաբերվում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի գործընթացին։ Հեշտ չէ, մենք դա հասկանում ենք, բայց մեզ նոր պատերազմ պետք չէ։ Միևնույն ժամանակ, մենք պետք է պաշտպանվենք Հայաստանից եկող հնարավոր «ռևանշիստական» (չակերտները՝ Tert.am) ռիսկերից։ Ուստի մի կողմից մենք պետք է հզորացնենք մեր բանակը, մյուս կողմից՝ ադրբեջանական հասարակությանը պատրաստենք խաղաղության»,-ասել է Ալիևը։
Նա առաջարկել է կապեր հաստատել Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության միջև՝ հասարակական կազմակերպությունների, լրագրողների մակարդակով։
«Սա պետք է դառնա հիմք (ապագա հաշտեցման համար): Այո, սա երկարաժամկետ գործընթաց է, բայց մենք այլընտրանք չունենք»,- ասել է Ալիևը։
Ելնելով Ադրբեջանի առաջարկից՝ Հայաստանը վերջապես համաձայնել է ստեղծել համատեղ աշխատանքային խմբեր Ադրբեջանի հետ՝ սկսելու մեր սահմանազատման գործընթացը, տեղեկացրել է նա։
«Սա կարևոր նշան է, այն ցուցանիշը, որ հիմա՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմից մեկուկես տարի անց, Հայաստանի ղեկավարությունը և, հուսով եմ, բնակչությունը հասկանում են խաղաղության անհրաժեշտությունը։ Եվ եթե խաղաղության պայմանագիր կնքվի, և այդ հիմնարար սկզբունքները հայտնի են, ապա Կովկասում խաղաղությունը կլինի կայուն։ Սա այն է, ինչ մենք ուզում ենք: Այն, ինչ մենք ցույց ենք տալիս և հայտարարում, Կովկասում խաղաղության հաստատման մեր կամքի վառ օրինակն է»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։