Կարգավիճակի թեմայի շուրջ Բաքվի և Երևանի միջև սկզբունքային տարաձայնություններ կան. առաջիկայում կկայանա Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում. Զախարովա

Առաջիկայում կկայանա Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ, իսկ մինչև այս շաբաթվա վերջ նախատեսվում են շփումներ նաև Բաքվում՝ արտաքին գործերի նախարարության միջոցով։ Այս մասին հինգշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերը դիտարկում է որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջխաղացման հիմք և շարունակում է ակտիվորեն աշխատել Բաքվի և Երևանի հետ բոլոր ուղղություններով, ներառյալ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը և խաղաղության պայմանագրի բանակցությունները։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների՝ Էնդրյու Շոֆերի և Բրիս Ռոքֆոյի բարձր դիվանագիտական գործունեությունը փաստացի կաթվածահար արեց երեք համանախագահների երբեմնի լավ համակարգված աշխատանքը, որոնք հրաժարվեցին այդ կազմակերպության շրջանակներում համագործակցել Ռուսաստանի հետ։ Մենք արձանագրեցինք Բրյուսելի անամոթ փորձերը՝ յուրացնելու ռուս-հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների թեման ամենաբարձր մակարդակով և այն օրակարգը, որն առաջարկվել էր անցյալ տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»,- ասել է Զախարովան՝ անդրադառնալով Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բրյուսելյան հանդիպմանը։

«Հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը քննարկվել են Օվերչուկի և  Ալիևի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել ապրիլի 26-ին։ Հայկական և ադրբեջանական կողմերի հետ նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անցկացնել եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը՝ փոխվարչապետերի համանախագահությամբ։ Ինչ վերաբերում է սահմանային հարցերին, ապա Բաքվում ԱԳՆ-ի միջոցով շփումներ են նախատեսվում մինչև այս շաբաթվա վերջ»,- ասել է Զախարովան։

Ռուսական կողմն ընդգծում է Ադրբեջանի և Հայաստանի պատրաստակամությունն իրար ընդառաջ շարժվելու , այդ թեմայով եռակողմ շփումները մշակվում են բարձր մակարդակով, հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Աջակցելով Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հարցում՝ ռուսական կողմն առաջնորդվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկներով, հավելել է Զախարովան։

Տեսանյութեր

Լրահոս