«Փաշինյանը ո՞նց կարող է մեկ մահի համար ափսոսանք զգալ». Արեգ Բարսեղյան
Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում որևէ բառ անգամ չասաց կառավարական շարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու և անօգնական թողնել-հեռանալու փաստի վերաբերյալ: Ամեն ինչի վերաբերյալ կարծիք հայտնող, ամեն երևույթի գնահատական տվող Փաշինյանի այս լռությունը տարբեր քննարկումների առիթ դարձավ, և կարծիքներ հնչեցին, որ գուցե մեղավորության զգացո՞ւմ ունի:
Կրթության փորձագետ Արեգ Բարսեղյանը չի կարծում, թե Նիկոլ Փաշինյանի մոտ որևէ կերպ կարող է մեղավորության զգացում առաջանալ:
«Մի մարդ, որն ԱԺ ամբիոնում կարող է կանգնել և հայտարարել, որ ինքը կարող էր այնպես անել, որ պատերազմ չլիներ, զոհեր չլինեին, ինքը ո՞նց կարող է մեկ մահի համար ափսոսանք զգալ: Ես այդ վթարի օրը հիշեցի, որ Նիկոլ Փաշինյանի փաստացի իշխանությունը նույնպես սկսվեց ավտոպատահարով և 1 տարեկան երեխայի մահով: «Օպել»-ի վարորդը, որը հարվածել էր տաքսուն և դեպքի վայրից փախել էր, վերջում արդարացվեց: Համենայնդեպս, մենք հերթական անգամ թե՛ այս պատահարի, թե՛ 2018թ. ապրիլի 23-ի պատահարի արդյունքում տեսանք, թե ինչքան լուռ է, այսպես կոչված, իրավապաշտպանների համայնքը: Եվ հակառակը, մենք տեսանք Նիկոլ Փաշինյանի աջակից ճենճահոտ կանանց արդարացումները՝ ճիշտ են արել, լավ են արել և այլն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Փողոցային պայքարը լայն թափ է ստանում, հանրության լայն շերտեր են ներգրավվում դրանում, նույնիսկ ուսուցիչներ եղան, որոնք աշխատանքից ազատման դիմում գրեցին և միացան պայքարին, և այս ֆոնին այսօր կառավարության նիստին որոշվեց բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը: Արեգ Բարսեղյանը սա պատահական չի համարում:
«Նիկոլ Փաշինյանի, նրա բոլոր թիմակիցների և աջակիցների համար ստամոքսը առաջին տեղում է, և, բնականաբար, լինելու են այսպիսի քայլեր: Գուցե ևս մեկ անգամ դիմի 2018թ. հունիսին հայտարարած այդ ճղճիմ քայլին՝ բոլորի ՃՈ ակտերը զրոյացնելու և այլն, որպեսզի կրկին այն ստամոքսով մտածող զանգվածի մոտ իր ռեյտինգը բարձրանա»,- նկատեց նա:
Կրթության փորձագետը հիշեցրեց, որ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները ներգրավված էին 2018թ. իրադարձություններին.
«Երբ ես հակադարձում էի այդ շարժմանը, ասում, թե ով է իրականում Նիկոլ Փաշինյանը, նույն կրթական համայնքի ներկայացուցիչներն էին ինձ շատ տգեղ հակադարձում, այդ ամենը ես շատ լավ եմ հիշում և ժամանակ առ ժամանակ հիշեցնում եմ: Հիմա, եթե այդ մարդկանց մոտ կառաջանա հայրենասիրության զգացում, որն իրենց կմղի դուրս գալ փողոց, ձեռնարկել քայլեր՝ իրենցից հետո եկող երեխաներին, իրենց կողմից կրթվող հասարակությանը ճիշտ պատմություն դասավանդելու, ես միայն ողջունում եմ դա»:
Նա նշեց, որ Երևանում կան բազմաթիվ փողոցներ և հրապարակներ, Հայաստանում կան այլ քաղաքներ, որոնք ունեն բազմաթիվ փողոցներ և հրապարակներ, և եթե որևէ մեկն ուզում է իր բողոքն արտահայտել գործող իշխանությունների հանդեպ, բայց չի ուզում միանալ տարբեր ուժերի պայքարին, թող իրենց գործողությունները ձեռնարկեն:
Երեկ քաղաքացիները շշեր են նետել «Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի ուղղությամբ, և դրան անմիջապես հաջորդեց իշխանամերձ շրջանակների արձագանքը, թե պետք է իշխանությունները կոշտ մեթոդներով վերջ դնեն փողոցային այդ պայքարին։ Կարծիքներ էլ հնչեցին, թե դա իշխանությունների կազմակերպածն է, որպեսզի թափ հավաքող այս բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ուժ կիրառեն: Արեգ Բարսեղյանից հետաքրքրվեցինք՝ ո՞ր վարկածն է առավել իրատեսական համարում, կամ գուցե բոլորովին այլ կարծիք ունի։
«Ես այսօր նույն կարծիքը լսեցի Արմեն Աշոտյանից, և համաձայն եմ, որ նրա այդտեղ հայտնվելը սադրանք էր: Արմեն Մարտիրոսյանը բացահայտ թուրք է, և նրան սատարող ցանկացած մարդ նույնպես բացահայտ թուրք է: Մարդ, որը Շուռնուխի բնակիչներին ասում է՝ գնացել եք՝ ադրբեջանցիների հողերում տուն եք կառուցել, 26 տարի ապրել եք Ադրբեջանի հողերում և հիմա կառավարությունից արդարություն եք պահանջում, ու ոչ միայն դա, նաև այս 4 տարիների ընթացքում նրա նիկոլա-լևոնապաշտ, թրքապաշտ հայտարարությունները շատ են: Եվ հենց այդ պահին, որտեղ ընդդիմության զանգվածն այդ խաչմերուկում էր գտնվում, հայտնվել, և կարդացի, որ նաև հայհոյանք է տեղացել ընդդիմության հասցեին, բնականաբար, դա սադրանք էր, որպեսզի Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր խաղաքարտ ունենա իր ձեռքում՝ ուժ կիրառելու ուժը ավելացնելու համար»,- ի պատասխան՝ ասաց նա:
Ինչ վերաբերում է Մարտիրոսյանի այն հայտարարություններին, թե Հայաստանում խոսքի ազատություն չկա, նա նշեց, որ դա նորություն չէ, և նույնիսկ Ֆեյսբուքում գրառում անելու համար են իշխանությունները մարդկանց ոստիկանություն հրավիրում.
«Պետական աշխատողներին աշխատանքից հեռացնում են նույնիսկ լայքի համար: Ի՞նչ են ուզում իրենք: Այսինքն՝ ինքն ուզում է թրքահպատակ հայտարարություններ անել և հղում կատարել խոսքի ազատության բացակայության վրա՞: Եթե նույնիսկ լինի խոսքի ամենամեծ ազատությունը մեր երկրում, թրքասիրությունը պետք է պատժվի ամենախիստ մակարդակով»:
Արեգ Բարսեղյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է՝ անի ամեն ինչ, որպեսզի «Քաղաքացու օրը» հնարավորինս շատ զանգված փողոց դուրս բերի. «Եթե խորովածի մանղալները շարի փողոցում, իհարկե, մարդիկ դուրս կգան: Ցավոք, ստամոքսը շատ մեծ շարժիչ ուժ է մեր հանրապետությունում, և այդ խորովածի մանղալները շատ մարդկանց փողոց կհանեն»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում