Ի՞նչը, եթե ոչ՝ Նիկոլ Փաշինյանը

Ընդդիմության վերջին օրերի ակտիվ գործողությունների համատեքստում կրկին առաջին պլան է մղվել ընդդիմության առաջնորդի մասին հարցը։ Հարցն օբյեկտիվ է և հիմնավոր, որովհետև որևէ քաղաքական գործընթաց չի կարող հաջողության հասնել՝ առանց համարժեք առաջնորդի։ Բայց առաջնորդի փնտրտուքներին նվիրված քննարկումներում կա մի հայեցակարգային բացթողում, որը շատերի կողմից կատարվում է ակամայից, ավելի փոքր հատված՝ դա անում է կանխամտածված։

Խնդիրն այն է, որ այդ քննարկումները լղոզում, միախառնում են առաջնորդ ու առաջնորդություն հասկացությունները, որոնք նույնական չեն և սկզբունքորեն տարբերվում են իրարից։ Իրականում մինչև լավ առաջնորդ գտնելը հասարակությունը կարիք ունի համարժեք, գրագետ, արդյունավետ առաջնորդության, որի հիմքում ոչ թե որևէ անձի այս կամ այն հատկանիշն է, այլ գաղափարը, ծրագիրը։

Հիմա Երևանի տարբեր հրապարակներում կան բազմաթիվ, չափից ավելի շատ առաջնորդ դառնալու հավակնություն ունեցողներ, քչերը, որոնք ունեն առաջնորդ դառնալու հնարավորություն, և, ցավոք, դեռևս չկա առաջնորդություն՝ բառի ընդգրկուն իմաստով։

Իրավիճակի նրբությունն այն է, որ որևէ գործընթաց կարող է հաջողության հասնել արդյունավետ առաջնորդության դեպքում, անգամ, եթե չլինի ընդգծված առաջնորդ, և հակառակը՝ նույնիսկ ամենավառ առաջնորդը, մեծ հավանականությամբ, կտապալվի առանց առաջնորդության։

Այս երևույթների մասին հիմա մոդայիկ չէ խոսել, առավել տրենդային է «ո՞վ, եթե ոչ՝ Նիկոլ Փաշինյանը» հարցադրումը։ Սա ի սկզբանե արհեստական հարցադրում է, որը հնչեցնողները գուցե ակամայից ծառայում են հենց Նիկոլ Փաշինյանին, քանի որ հրապարակում ընդգծված խարիզմատիկ լիդերների բացակայության պայմաններում հարցի այդպիսի դրվածքն ամենաշատը ձեռնտու է նրան։

Բայց այս հարցադրումն ունի հայեցակարգային սխալ։ Հաշվի առնելով Հայաստանի աղետալի վիճակը, հարցադրումը պետք է հնչի ոչ թե՝ «ո՞վ, եթե ոչ՝ Նիկոլ Փաշինյանը» ձևակերպմամբ, այլ՝ «ի՞նչը և ինչպե՞ս, եթե ոչ՝ Նիկոլ Փաշինյանը» դրվածքով։

Սա սկզբունքորեն փոխում է խնդրի էությունը, որովհետև «ո՞վ»-ով հարցադրման դեպքում առաջին պլան են մղվում հնարավոր լիդերի անձնային  որակները՝ խարիզմը, հռետորաբանությունը, դերասանական տաղանդը, սանրվածքի ոճը և այլն։ Մինդեռ երկրորդ հարցադրման պարագայում առաջ են գալիս ոչ թե անձին, այլ անելիքներին, ծրագրերին, գաղափարներին վերաբերող պատասխաններ։ Այսօրվա հրապարակների գլխավոր խնդիրներից մեկը հենց նշված հարցադրման սխալ դրվածքն է․ գաղափարների և ծրագրերի սակավության կամ իսպառ բացակայության պայմաններում, ողջ հանրային միտքն ու էներգիան կենտրոնացած է առաջնորդի փնտրտուքի վրա։ Իսկ քանի դեռ դա այդպես է, ամենամեծ շանսերն ունեն ոչ թե՝ մրցունակ ու իրատեսական գաղափարներ կրողները, այլ՝ գեղեցիկ հագնված, հուզախառն էմոցիոնալ, բոցաշունչ տեքստեր ասողները, որոնք հրաշալի համապատասխանում են առանց առաջնորդության առաջնորդի կերպարին։

Հետևաբար՝ բոլոր այն ուժերը, անհատներն ու քաղաքացիական խմբերը, ովքեր ցանկանում են իրապես հասնել փոփոխությունների և հասնել ոչ թե՝ կոսմետիկ, այլ՝ իրական փոփոխությունների, պետք է սկսեն օդում ու բոլորի զրույցներում սավառնող այդ հարցադրման փոփոխությունից, ինչի արդյունքում հանրության որոնողական համակարգն անձից, անհատից կփոխադրվի այլ՝ գաղափարական, ծրագրային հարթություն, որի սպասարկման համար առաջնորդ կամ առաջնորդներ գտնելու խնդիրը կդառնա շատ ավելի դյուրին, ընդհուպ՝ տեխնիկական հարցի մակարդակի։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս