«Եթե Գերմանիայի արտգործնախարարը հրեական համայնքի ցուցարարներին «Զիգ Հայլ» նացիստական ժեստով ողջուներ, ինչպիսին կլիներ միջազգային հանրության արձագանքը». Լևոն Գևորգյան
Ընդհանրապես ցանկացած միջազգային դատական ատյանում խոսքը գնում է միջպետական գործընթացների մասին, և դրանք անխուսափելիորեն չեն կարող զերծ մնալ այն զարգացումներից, որոնք տեղի են ունենում դիվանագիտական հարթակներում, քաղաքական մարմիններում: Հաճախ օպտիմալ արդյունքի հասնելու համար իրավական թիմի աշխատանքը անհրաժեշտաբար պետք է զուգորդվի նաև զուգահեռ ընթացող ինտենսիվ դիվանագիտական աշխատանքով: Եվ, իհարկե, պետք է համաձայնել պարոն Թաթոյանի գնահատականի հետ այն տեսանկյունից, որ երբ իրավական թիմը պահանջում է մի բան, իսկ քաղաքական հայտարարությունները հակասության մեջ են այդ պահանջների հետ, միջազգային հանրության կողմից իրավիճակը կարող է լավ չընկալվել:
Այս մասին 168.am–ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի այն դիտարկմանը, թե ՀՀ կառավարության «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը լրջորեն վտանգում է Հայաստանի դիմումների քննությունը միջազգային դատարաններում` Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և Հաագայի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում:
Ըստ նրա՝ դժվար է պատկերացնել դատական վճիռների ամբողջական հայանպաստ իրացում մի իրավիճակում, երբ դրա համար պատրաստված չէ քաղաքական հող և հենք:
Խոսելով «Նոյեմբերի 9-ի» հայտարարության մասին՝ Լևոն Գևորգյանն ասաց՝ այդ փաստաթուղթը խնդրահարույց է թե սահմանադրական իրավունքի, և թե միջազգային իրավունքի նորմերի իմպերատիվության տեսանկյունից, որովհետև ակնհայտ է, որ ուժի գործադրման ազդեցության ներքո ստորագրված փաստաթուղթ է:
«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը վիճահարույց է նաև այն տեսանկյունից, որ այն նաև որոշ առումով էթնիկ զտումը լեգիտիմացնող փաստաթուղթ է այն պատճառով, որ նրանում խոսվում է խաղաղապահների տեղակայման անհրաժեշտության մասին: Դա նշանակում է, որ կա խաղաղապահների կարիք, ինչն է իր հերթին՝ նշանակում է, որ կա ինչ-որ խումբ անձանց մեկ այլ խումբ անձանցից պաշտպանելու անհրաժեշտություն: Սակայն ակնհայտ է, որ ըստ այդ փաստաթղթի՝ խաղաղապահներ տեղակայվել են ոչ նախկին ԼՂԻՄ-ի, և ոչ էլ Արցախի Հանրապետության աշխարհագրությանը համապատասխան, այլ պարզապես այն վայրերում, որտեղ փաստաթղթի ստորագրման պահին առկա են եղել զինված ուժեր: Այսինքն՝ փաստաթղթի ստորագրումն ինքնին հանգեցրել է նաև որոշակի հատվածներից քաղաքացիական բնակչության տարհանման»,- ասաց Լևոն Գևորգյանը՝ հավելելով, որ միջազգային իրավունքի տեսանկյունից այդ փաստաթուղթը խնդրահարույց է:
Ինչ վերաբերում է «Խաղաղության պայմանագիր» հասկացությանը, դրանք, ըստ միջազգային իրավունքի մասնագետ, 20-րդ դարի 2-րդ կեսին և 21-րդ դարին հարիր կոնցեպտ չեն, որովհետև ՄԱԿ-ի ստեղծման պահից պետությունները գոյատևում են խաղաղության դոմինանտի և ուժի գործադրման արգելքի հիմնարար սկզբունքների հիման վրա, և «խաղաղության պայմանագրերը», որպես այդպիսին, անցյալին բնորոշ երևույթներ են:
«Հիմնական հարցը, որ մենք պետք է մեզ տանք, հետևյալն է՝ արդյո՞ք «խաղաղության պայմանագիրը ՀՀ-ի համար լրացուցիչ իրավունքների զիջումը, իրավունքներից հրաժարումը և պետության շահերին հետամուտ չլինելը սիրուն ձևով փաթեթավորելու որոշակի գործիք է լինելու»,- ասաց Լևոն Գևորգյանը՝ շեշտելով, որ ադրբեջանական կողմի ակնկալիքը հենց դա է լինելու, իսկ թե որն է մեր ակնկալիքը, դժվարանում է ասել:
Խոսելով Ուրուգվայում Թուրքիայի դեսպանատան բացման դեմ խաղաղ ակցիա իրականացնող հայերին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի կողմից թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստի ցուցադրման մասին՝ Լևոն Գևորգյանն ասաց՝ մեսիջն ակնհայտորեն ռասիստական էր:
«Պատկերացրեք՝ եթե Գերմանիայի արտգործնախարարը հրեական համայնքի ցուցարարներին «Զիգ Հայլ» (Sieg Heil) նացիստական ժեստով ողջուներ, ինչպիսին կլիներ միջազգային հանրության արձագանքը: Այդ մարդն ամենայն հավանականությամբ արդեն աշխատանքից ազատված կլիներ, ապագայի որևիցե աշխատանքի հեռանկար չէր ունենա, ողջ միջազգային հանրությունը կդատապարտեր, բոլորը կդատապարտեին, իսկ մեր պարագայում իրավիճակն այլ է»,- ասաց Լևոն Գևորգյանը՝ բացատրելով դրա պատճառները՝ անգամ երկրի ներսում մարդկանց անիրազեկություն, ոչ բավարար հակադարձելիություն, պետական քաղաքականություն և այլն:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Ազգային ժողովի հայտնի ելույթին և մասնավորապես այն հատվածին, որ միջազգային հանրությունը կոչ է անում իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, Լևոն Գևորգյանն ասաց՝ եթե սա սեփական հասարակության հետ երկխոսելու փորձ էր, ապա այն շատ անհաջող փորձ էր:
«Նախ և առաջ պետք է հասկանալ, թե ով է այդ միջազգային հանրությունը, ինչ է նշանակում այդ կոնսոլիդացիան, որ առաջարկել է միջազգային հանրությունը, այդ կոնսոլիդացիան ապահովելո՞ւ է արդյոք տեղի բնակչության իրավունքների պաշտպանությունը, և վերջապես, ինչ է նշանակում՝ նշաձողն իջեցնել: Եվ եթե այդ բոլոր հարցերի պատասխանները չեն տրվում, հետևաբար՝ սա ֆորմատ է, որով միգուցե լրագրողը կարող է դիմել իր ընթերցողներին, բայց ոչ պետական պաշտոնատար անձը, որովհետև նա պետք է քաղաքականություն կերտի ու թելադրի, և նաև ակնկալվում է, որ այդ քաղաքականությունը պետք է բխի սեփական իրավունքների շահերից ու իրավունքներից»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:
Ըստ նրա՝ այն մեսիջը, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հաղորդի միջազգային հանրությանն այս պահին, պետք է լինի այն, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ որևէ զիջում չպետք է լինի՝ ընդհուպ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը ստանալը:
«Եթե մենք հիմա գնանք որոշակի զիջումների, իսկ 5 տարի հետո կայացված վճռով արձանագրվի, որ Ադրբեջանում ռասիստական ռեժիմ է, սխալների ուղղում հետին թվով անել հնարավոր չի լինելու: Դա նշանակելու է, որ երբ միջազգային հանրությունն արդեն գիտակցի՝ ինչ տեղի ունեցավ, Արցախում հայ հասարակություն պարզապես չի լինելու, և փաստացի էթնիկ զտման խարանը մնալու է, այսպես կոչված, միջազգային հանրության ձեռքերին, ով իբր թե մեզ կոչ է անում իջեցնել նշաձողը»,- ասաց Լևոն Գևորգյանը:
Նա նաև նկատեց, որ միջազգային հանրության գնահատականները կերտվում են մեր ակտիվության շնորհիվ:
«Միջազգային հանրության բացասական գնահատականը մեր թերացման և մեր տնային աշխատանքը վատ կատարելու գնահատականն է, ուստի հասարակությանը հրամցնել ինչ-որ անհասկանալի միջազգային հանրության կողմից պահանջներ և այնուհետև ասել՝ ստիպված ենք, որովհետև բոլորը դա են ուզում, փորձ է սեփական անկարողությունն ու վատ աշխատանքը փաթեթավորելու և արդարացնելու»,- ասաց Լևոն Գևորգյանը:
Վերջինիս խոսքով՝ միջազգային հանրության կարծիքը ձևավորելու համար նախ և առաջ պետք է պետության պաշտոնական դիրքորոշումը փոխվի:
«Ուստի ես դա կկապեի նրա հետ՝ հնարավոր կլինի՞ արդյունքում ձևավորել պետության նոր դիրքորոշում կամ նոր դիրքորոշումով պետություն»,- եզրափակեց Լևոն Գևորգյանը:
Մանրամասները՝ տեսանյութում