Բաժիններ՝

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը դեռ չի արձագանքի Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վրաերթի միջադեպին. հանդիպումների է

Այսօր համացանցում հայտնվեցին աշխատավայրից դեպի կառավարական ամառանոց շտապող Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան մեքենաներից մեկի անմիջական կատարմամբ վրաերթի կադրերը:

Մինչ այդ արդեն հայտնի էր դարձել վրաերթի հետևանքով մահացած հղի կնոջ անունը. Սոնա Մնացականյանը Արարատի մարզի 28-ամյա բնակչուհի էր, իր առաջին երեխային էր սպասում։

Երեկվանից դեպքի վայրում մարդիկ մոմեր ու խաղալիքներ են դնում։

Զարմանալի է, որ միջադեպի մասին հանրային լուրջ քննարկումներին, տեղի ունեցած միջադեպին մինչ այս պահը չի արձագանքել Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

168.am-ը փորձեց տեղեկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված տիկին Գրիգորյանի մինչ այս պահը թեմայի առնչությամբ պահպանվող «լռության ուխտը»:

Զանգահարեցինք ՄԻՊ գրասենյակի Հանրային կապերի բաժին՝ հարցով՝ արդյո՞ք պաշտպանն այս առնչությամբ հանդես գալու է հայտարարությամբ:

Ի պատասխան, սակայն, տեղեկացանք, որ այս հարցի պատասխանն այսօր հնարավոր չէ ճշտել, քանի որ Քրիստիննե Գրիգորյանը հանդիպումների է:

Նշենք՝ թեմային անդրադարձել և կատարվածը քննադատել են  իրավապաշտպաններ, հանրային ու քաղաքական գործիչներ, շարքային քաղաքացիներ:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ քննչական կոմիտեն տարածել էր հաղորդագրություն՝ մասնավորապես հայտնելով. «Նախնական տվյալներով, 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի վերոնշյալ փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին:

Վերջինս ձերբակալվել է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս