Լուսանկարներ՝ Երևանի տարբեր հատվածներում տեղի ունեցող բողոքի ակցիաներից

Երևանում ապրիլի 27-ին ժամը 12-ից սկսած շարունակվել են բողոքի ակցիաները: ՀՀԿ–ականներն ու քաղաքացիները միաժամանակ փակել են Տերյան-Մոսկովյան, Քոչար-Գյուլբենկյան խաչմերուկները, Մյասնիկյան և Մաշտոցի պողոտաները: Ակցիայի մասնակիցները վանկարկում էին՝ «Առանց թուրքի Հայաստան» և «Դավաճան Նիկոլ»:  Ակցիան սկսելուց մի քանի րոպե անց փակ խաչմերուկներում և պողոտաներում կուտակվեցին ոստիկանական մեծաթիվ ուժեր և կարմիրբերետավորներ, արձանագրվեցին հրմշտոցներ, բիրտ ուժի կիրառում, ինչի արդյունքում բողոքի ակցիայի մեծ թվով մասնակիցներ բերման ենթարկվեցին Ոստիկանության տարբեր բաժիններ:

Էրեբունու բաժին բերման ենթարկված 8 անչափահասները քիչ անց ազատ կարձակվեն, ֆեյսբուքյան էջով տեղեկացրեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Հաջորդ թեժ կետը Մաշտոցի պողոտա-Ամիրյան խաչմերուկն էր:

Բողոքի ակցիաները մայրաքաղաքում շարունակվում են:

Լրատվամիջոցների ներկայացուցիչները նույնպես  բողոքի ակցիա էին իրականացնում  ԱԳՆ շենքի դիմաց:

Ազատության հրապարակում Արթուր Վանեցյանի իրազեկման ակցիան շարունակվել է ամբողջ օրվա ընթացքում:

Մելիք-Ադամյան փողոցում բողոքի ակցիա են իրականացրել նաեւ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներն ու ՀՀԿ անդամները:

Զոհված զինծառայողների հարազատները կրկին Գլխավոր դատախազության մոտ էին՝  «Կալանավորե՛ք Փաշինյանին» պահանջով:

ՀՅԴ երիտասարդներն ու «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանն ու Թադևոս Ավետիսյանը կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում  կարմիր ներկված ձեռքերով, ինչը խորհրդանշում է 44–օրյա պատերազմի ընթացքում թափված երիտասարդների, Նիկոլ Փաշինյանի  կառավարական ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված հղի կնոջ արյունը:

«Նիկոլ Փաշինյան, դու միայն արյուն ես բերում», «Նիկոլ մարդասպան» կոչեր հնչեցնելով, ակցիայի մասնակիցները դույլով կարմիր ներկ էին բերել Կառավարության դիմաց: Կարմիր բերետավորները պատգամավոր Թադևոս Ավետիսյանին և ակցիայի մի քանի մասնակիցների բռնի ուժով բերման ենթարկեցին, ապա պատգամավորին բաց թողեցին:

 

Տեսանյութեր

Լրահոս