Անդրեյ Կովաչովը Բելգիայի իշխանություններին կոչ է արել հետաքննել Բրյուսելում Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի պղծման միջադեպը
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող, ԵԺԿ խմբակցության փոխնախագահ բուլղարացի Անդրեյ Կովաչովն իր թվիթերյան միկրոբլոգի էջում անդրադարձել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակին նվիրված խաչքարը պղծելու միջադեպին։
Հիշեցնենք, որ այսօր ժամեր առաջ լրատվամիջոցներում լուսանկարներ տարածվեցին, որ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում պղծել են Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց
Ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակին նվիրված խաչքարը, վրան կարմիր մահիկի պատկեր նկարելով, ինչպես նաև ցաքուցրիվ անելով ապրիլի 24-ին խաչքարի մոտ տեղադրված ծաղիկները։
Անդրեյ Կովաչովն իր թվիթերյան էջում մասնավորապես գրել է, որ ապշած է ատելության և բռնության այս ցնցող դրսևորումից։ «Մենք պետք է միասնական դիրքրոշում ունենանք նման սարսափելի դեպքերի դեմ։ Ես կոչ եմ անում Բելգիայի իշխանություններին մանրակրկիտ հետաքննություն անցկացնել այս ատելության հանցագործության վերաբերյալ»,-գրել է Կովաչովը։
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին էլ Կովաչովը գրել էր, որ Հայոց Ցեղասպանությունից 107 տարի հետո այսօր էլ հիշում և ոգեկոչում են Օսմանյան Թուրքիայում սպանված կամ տեղահանված 1,5 միլլիոն հայերի հիշատակը։ «Անդրադառնալով այս ողբերգությանը՝ մենք վերահաստատում ենք մեր խոստումը այլևս երբեք թույլ չտանք նման ոճրագործություններ։ Դատապարտելով անցյալը՝ մենք կարող էինք կանխել նման ոճիրները ապագայում»,- գրել էր եվրոպացի պատգամավորը։