«Այդ հակասությունը պետք է հաղթահարվի՝ նախևառաջ փողոցում ծավալվող շարժման շուրջ անդրկուսակցական կոնսոլիդացիա ապահովելու միջոցով»

Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Բաքուն հրաժարվել է ռուսական գազի համար վճարել ռուբլիով, ինչը չափազանց կարևոր դետալ է ձևավորվող տարածաշրջանային փազլի մեջ:

Դրան զուգահեռ Ապշերոնի սուլթանատը շարունակում է նավթամթերք մատակարարել Ուկրաինային, ինչը սկսում է դուրս գալ զուտ մարդասիրական օգնության տրամաբանությունից: Ուկրաինան ավանդաբար եղել է ադրբեջանական նավթի ու նավթամթերքի առանցքային ներկրողներից մեկը, ու ակնհայտ է, որ այսօր Բաքուն փորձում է պահպանել արտահանման տվյալ ուղղությունը՝ միաժամանակ ձգտելով սպասարկել իր Մեծ եղբոր՝ Թուրքիայի հավակնոտ շահերը Ուկրաինայում ու առհասարակ սևծովյան տարածաշրջանում:

Հատկանշական է, որ ընդամենը օրեր առաջ Անկարան որոշում կայացրեց փակել սեփական օդային տարածքը դեպի Սիրիա ուղևորվող ռուսական ռազմական ու քաղաքացիական օդանավերի համար: Արդյունքում Մոսկվան ստիպված է օգտվել երկու անգամ ավելի երկար լոգիստիկայից՝ Իրանի ու Իրաքի օդային տարածքներով:
Այս ամենին զուգահեռ ակտիվացել են Թեհրանից հնչող հայտարարությունները տարածաշրջանում սահմանների փոփոխության անընդունելիության, Հայաստանի հետ համագործակցության խորացման, առևտրաշրջանառությունը կրկնապատկելու մասին, ինչն օրգանապես տեղավորվում է Իրանի ու ԵԱՏՄ միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի մշակման տրամաբանության մեջ:

Հայաստանը, լինելով ԵԱՏՄ միակ անդամ-պետությունը, որն ունի ցամաքային սահման Իրանի հետ, կարող է և պետք է հանդիսանա կարևոր լոգիստիկ հանգույց, ինչը նախևառաջ ենթադրում է Հյուսիս-Հարավ տրանսպորտային ու էներգետիկ միջանցքի գործարկումը:

Հիշեցնեմ, որ այս լոգիստիկան՝ Հյուսիսային Եվրոպայից Հնդկական Մումբայ նավագանգիստ, նախաձեռնվել է 2000-ականների սկզբին հենց Մոսկվայի կողմից և Թեհրանի ուղիղ աջակցությամբ ի պատասխան ԵՄ կողմից իրականցվող Արևելք-Արևմուտք՝ TRACECA նախագծի:

Նշված գործընթացները փոխկապակցված են ու վկայում են այն մասին, որ այս օրերին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումները ռուս-թուրքական մրցակցության ուղիղ արգասիքներից է: Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրն ուղիղ հակասության մեջ է մտնում տարածաշրջանում ռուս-իրանական համընկնող շահի հետ:

Ու այդ հակասությունը պետք է հաղթահարվի՝ նախևառաջ փողոցում ծավալվող շարժման շուրջ անդրկուսակցական կոնսոլիդացիա ապահովելու միջոցով»:

Տեսանյութեր

Լրահոս