Shut up․ թեժ բանավեճ՝ ԵԽԽՎ-ում
Նախօրեին Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում բանավեճ ծագեց ինչպես հայ, ադրբեջանցի ու թուրք պատվիրակների, այնպես էլ՝ հայ պատվիրակների ու ԵԽԽՎ նախագահ Թինի Քոքսի միջև:
Նախ հարկ է հիշեցնել, որ նիստի ընթացքում Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքականությանն իրենց ելույթներում քննադատաբար անդրադարձան ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Վլադիմիր Վարդանյանը, ինչպես նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:
Ինչպես կարելի էր ակնկալել, հայ պատվիրակների ելույթներից հետո թուրք և ադրբեջանցի պատվիրակների ելույթների շարք սկսվեց. Ադրբեջանից Սամադ Սեիդովը հայ պատվիրակներին հիշեցրեց, որ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը համաձայնության են եկել խաղաղության օրակարգի շուրջ, իսկ հայ պատվիրակները, ըստ նրա, իրենց վարչապետի դիրքորոշումներին հակասող ելույթներ են ունենում, որը «կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում իր ուղեղում»:
Սրան հաջորդեց Թուրքիայից Քամիլ Այդինի ելույթը, նախագահողը թույլ չտվեց հայ պատվիրակներին արձագանքել, խոսքը փոխանցելով Ադրբեջանից Ռաֆայել Հուսեյնովին, ապա Արմեն Գևորգյանին, ում հաջորդեց Մեծ Բրիտանիայից պատվիրակի ելույթը, ապա Թուրքիայից Ահմեդ Յըլդըզի ելույթը, որի ընթացքում հեռակա բանավեճ տեղի ունեցավ:
Նախ նախագահողը մինչ ելույթը խնդրեց չշարունակել դեբատը և խոսել ըստ նիստի կետերի, սակայն թուրք պատվիրակը սկսեց մեղադրել հայ խորհրդարանականներին իբրև թե սխալ գնահատականների համար:
Հայ պատվիրակների՝ ելույթին միջամտելու փորձերին ի պատասխան՝ Թինի Քոքսը ասաց. «Լռեք (Shut up)», ինչը զայրացրեց Ռուբեն Ռուբինյանին, ով մեղադրեց նախագահողին նիստը վարելու համար:
Նա նշեց, որ նախագահողը, ըստ վարման կարգի, երկու ելույթի հնարավորություն է տվել թուրք գործընկերներին, որոնք չեն խոսել կարգի կետերի մասին, ինչը խնդիր է: «Դուք այն դիրքում չեք, որպեսզի այստեղ ինչ-որ մեկին ասեք՝ լռե՛ք»,- ասաց Ռուբինյանը՝ կոչ անելով իսկապես հետևել կարգին այնպես, ինչպես կա, և թույլ չտալ ավելորդ ելույթներ:
Վլադիմիր Վարդանյանը ևս մեղադրեց նախագահողին՝ ասելով. «Shut-up բառը վիրավորական է, կներեք սա ասելու համար: Երկրորդ՝ կարգի կետերը ընթացակարգի մասին են, բայց ոչ բովանդակության: Երրորդ՝ ես կցանկանայի պարոն Լիդել Գրենջերին պատասխանել հարցին՝ արդյոք նորմա՞լ է, որ այս ասամբլեայի նախկին նախագահն օգտագործի ռադիկալ կազմակերպության նշաններ»,- ասաց նա: