Ադրբեջանն ահաբեկում է Արցախի սահմանամերձ գյուղերի բնակչությանը՝ տարատեսակ սպառնալիքներով ու հոգեբանական ճնշումներով. Էդուարդ Աղաջանյանը՝ ԵԽԽՎ-ում

Նախօրեին Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում բանավեճեր ծագեցին հայ և թուրք պատվիրակների միջև հայկական կողմի ելույթների պատճառով: Առաջին ելույթը Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանինն էր: Նա նշեց իր ելույթում, որ իսկապես ճգնաժամն Ուկրաինայում ու դրա հումանիտար հետևանքները ներկայումս առաջնահերթ նշանակություն ունեն Եվրոպայի խորհրդի համար, և, ցավոք սրտի, Ադրբեջանը օգտվեց  միջազգային հանրության լիակատար զբաղվածությունից ուկրաինական ճգնաժամով՝ ձեռնարկելով բացահայտ գործողություններ, խախտելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիան:

Նա մասնավորապես ներկայացրեց, որ 2022 թվականի փետրվարից Ադրբեջանի զինված ուժերը շարունակաբար ահաբեկել են Արցախի սահմանամերձ գյուղերի բնակչությանը տարատեսակ քրեածին քայլերի սպառնալիքով և հոգեբանական ճնշումներով, բարձրախոսներով ուղիղ ահաբեկող հայտարարություններով՝ ուղղված քաղաքացիական բնակչությանը: Աղաջանյանի խոսքով, կանոնավոր արձակվող հայտարարություններով սահմանակից գյուղերի բնակչությանն ասվում է՝ դադարեցնել հողագործությունը և լքել սեփական տները, այլապես ահաբեկում են ֆիզիկական հաշվեհարդար տեսնել ընտանիքների հետ:

«Նույն փուլում մարտի 6-ին ԼՂ գազամատակարարումը դադարեցվեց՝ թողնելով 150 հազար մարդու առանց ջեռուցման՝ գետնի վրա 1,5 մետր ձյան և աննախադեպ ցրտի պայմաններում: Միջազգային ճնշման ներքո Ադրբեջանը վերականգնեց գազամատակարարումը մարտի 19-ին և երկու օրից կրկին այն դադարեցրեց: Սա էթնիկ զտման դասական օրինակ է:

Եվ մինչ միջազգային հարթակներում ադրբեջանցի պաշտոնյաները հաճախ նշում են, որ ԼՂ հակամարտությունն ավարտված է, ու հայերը ԼՂ–ում կարող են խաղաղ ապրել իրենց տներում, Ադրբեջանը փորձում է ուժով իրականացնել ԼՂ հայերի էթնիկ զտման վերջին փուլը, կրկին նշեմ, օգտվելով ուկրաինական ճգնաժամով միջազգային հանրության զբաղվածությունից: Չնայած սրան, Հայաստանը հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին և ԼՂ հակամարտության վերջնական խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո»,- ասաց Աղաջանյանը:

Տեսանյութեր

Լրահոս