
Թրամփը դիմել է Էլիզաբեթ 2-րդին՝ կոչ անելով արքայազն Հարիին թույլ չտալ այցելել Մեծ Բրիտանիա

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդին՝ կոչ անելով թոռանը՝ արքայազն Հարիին, և կնոջը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին, զրկել բոլոր թագավորական կոչումներից:
Ինչպես գրում է Daily Mail-ը, նախկին ղեկավարն արքայազն Հարիին քննադատել է իր երկրի՝ Մեծ Բրիտանիայի հանդեպ «այդքան անհարգալից» լինելու համար: Նրա կարծիքով՝ այժմ 96-ամյա թագուհին պետք է թոռանն արգելի այցելել Մեծ Բրիտանիա և անկեղծորեն ասի՝ «այստեղ չերևա՛ս»:
Թրամփը հավելել է, որ Հարին «շեղվել է ուղուց»: Նախկին նախագահը նաև ասել է, որ Մեգան Մարքլին չի հավանում: