Տրամադրվածությունն այն է, որ ավելի տեսանելի վայրում լինեն, քողարկված չլինեն. Քաղաքապետը՝ Վահագն Վիշապաքաղի և Տորք Անգեղի արձանների տեղափոխման մասին
«Մեր ավագանիներից Արման Անտոնյանը նախագիծ է ներկայացրել, որպեսզի իրականացվի Վահագն Վիշապաքաղի արձանի տեղափոխությունը: Կարծեմ՝ նաև Տորք Անգեղի արձանի տեղափոխության հետ կապված առաջարկ կա»,- Երևանի քաղաքապետարանում ապրիլի 18-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Ապրիլի 25-ին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Մշակույթի և տուրիզմի վարչությունից հայտնեցին, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում գտնվող Տորք Անգեղ հուշարձանը ներառված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան, իսկ Արաբկիր վարչական շրջանի Վաղարշ Վաղարշյան փողոցի 12 հասցեում գտնվող Վահագն Վիշապաքաղի հուշարձանը գրանցված է՝ որպես տեղական հուշարձան: Հուշարձանների տեղափոխման և փոփոխման թույլտվություն տրվում է միայն լիազորված մարմնի դրական եզրակացության հիման վրա, ուստի վարչությունն առաջարկում է ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ, որի եզրակացությունից հետո հնարավոր կլինի ընթացքն ու ժամանակացույցը պլանավորել:
«Համացանցում նայեցի, որ քննարկվում էր տեղափոխելը կամ նման բան: Ասեմ, տրամադրվածությունն այն է, որ այդ նույն վարչական շրջաններում մնան արձանները, բայց ավելի տեսանելի վայրում լինեն, քողարկված չլինեն: Ընդհանուր նպատակը դա է, և առաջարկում եմ այդ հանձնաժողովը ստեղծել և քննարկում իրականացնել»,- ասաց Հրաչյա Սարգսյանը: