«Կուզենայի իմանալ` ինչ է մտածում հայրս իմ գործունեության վերաբերյալ». Մոնիկա Գրիգորյանը` հոր մահվան, թշնամու լեզվի, անձնական կյանքի մասին
2021թ. «Միսս տիեզերք-2020» մրցույթում Հայաստանը ներկայացրեց «Միսս աշխարհ Արմենիա-2019» մրցույթի 1-ին վիցե-միսս Մոնիկա Գրիգորյանը, որի թեկնածություն առաջադրել էր «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009», «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը։
Մրցույթը տեղի էր ունեցել ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում։
Մոնիկան 22 տարեկան է, ծնունդով Վանաձորից, վերջին տարիներին ապրում է Երևանում։ Սովորում է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանում։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և թուրքերեն լեզուներին։
«Ես մեծացել եմ առանց հայրիկի, 10 տարեկան էի, երբ նրան կորցրի։ Մայրս ստիպված էր արտագնա աշխատանքի մեկնել։ Ես շատ դժվարություններ եմ հաղթահարել։ Ուզում եմ խոսել արցախյան պատերազմի մասին, որը բազմաթիվ երեխաների ծնողազուրկ դարձրեց, ու նրանք ստիպված են լինելու կյանքի հարվածներին միայնակ դիմակայել։ Ես մրցույթին ներկայանալու եմ նաև Արցախի տարազով։ Եթե հնարավորություն տան, ես կպատմեմ Արցախի մասին»,-մրցոււյթից առաջ ասել էր Մոնիկան:
Ֆլորիդայում անցկացված «Միսս Տիեզերք» միջազգային մրցույթի հաղթող դարձավ Մեքսիկայի ներկայացուցիչ Անդրեա Մեսան:
«Պերսոնա» հաղորդաշարում Տաթև Վարդանյանի զրուցակիցը գեղեցկուհի Մոնիկա Գրիգորյանն է:
Հարցին, թե ինչո՞վ ես հիմա զբաղված, Մոնիկան պատասխանել է.
«2019 թվականից մինչ օրս զբաղվում եմ մոդելինգով, առընթեր նաև գրասենյակային աշխատանք եմ իրականացնում, բայց այս մասով փակագծերը չէի ուզենա բացել: Ես անընդհատ աշխատանքի մեջ եմ և ինձ դուր է գալիս իմ ակտիվ կյանքը:
Իսկ ինչո՞ւ «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթի սկզբնական փուլում Մոնիկան հրաժարվեց դուրս գալ լողազգեստով, իսկ հետո մտափոխվեց:
«Խնդիրը նրանում էր, որ ես Վանաձորից էի ու չունեի փորձ, ամաչում էի, թե ինչ կմտածեն իմ համաքաղաքացիները և առանձնապես ցանկություն էլ չունեի մասնակցել նման մրցույթների: Իրականում հանգամանքների բերումով եմ մասնակցել մրցույթին: Դա չի եղել իմ մանկության երազանքը»:
-Եթե ֆանտաստիկ հնարավորություն լիներ մեկ րոպեով տեսնեիր հայրիկիդ, ի՞նչ կասեիր նրան կամ ինչ կուզենայիր լսել իրենից:
«Կուզենայի իմանալ` ինչ է մտածում իմ գործունեության վերաբերյալ: Չնայած, վստահ եմ, որ դրական կարձագանքեր, որովհետև հայրս, լինելով խիստ անձնավորություն, երբեք մեզ ոչինչ չի արգելել»:
– Ինչո՞վ է պայմանավորված թուրքերենի հանդեպ քո հետաքրքրությունը:
Թուրքերեն ինքնուրույն եմ սկսել ուսումնասիրել: Կարծում եմ` թշնամու լեզուն պետք է իմանալ: Հիմա հանգիստ կարողանում եմ հասկանալ և հաղորդակցվել: Դեպք է եղել Երևանում, երբ փողոցով քայլող աղջիկների ետևից ռեպլիկներ անող թուրք զբոսաշրջիկներին մոտեցել և թուրքերենով սաստել եմ: Իրենք, մեղմ ասած, բավականին անհարմար վիճակում հայտնվեցին»:
– Ինչպիսի՞ն պետք է լինի քո երազած պետությունը: Հետևո՞ւմ ես քաղաքական անցուդարձին:
«Ես միշտ տեղյակ եմ թե ինչ է կատարվում մեր երկրում, բայց ինքս երբեք չեմ մասնակցում միտինգների: Դա խանգարում է ինձ իմ լսարանի հետ շփմանը: Մարդիկ բաժանվել են երկու մասի՝ նախկիններ ու ներկաներ: Հենց այդ պատճառով էլ ոչ մի հարց վերջնական լուծում չի ստանում: Կարծում եմ մեզ շատ է պակասում սերն ու ներողամտությունը»:
– Եղե՞լ ես Եռաբլուրում:
«Չեմ գնացել, որովհետև դեռ պատրաստ չեմ մեր հազարավոր տղաներին տեսնել այդ վիճակում»:
ՏԱԹԵՎ ՎԱՐԴԱՆՅԱՆ