Եթե ռազմական ուժը չունես հակազդելու, առնվազն կարող ես բողոքել. այդ բողոքն էլ չկա. Հարութ Սասունյան
Վաղը` ապրիլի 24-ին, համայն հայությունը հիշատակելու է Ցեղասպանության 107-րդ տարելիցը: Բայց անգամ այս օրերին հայաստանյան իշխանությունների կողմից չեն դադարում հնչել հայ-թուրքական հարաբերությունների մասին անորոշ ու մտահոգիչ թեզերը: Ի դեպ, այս օրակարգի վերաբերյալ ցայսօր չեն լսել նաև համայն աշխարհով սփռված Ցեղասպանության զոհերի ժառանգների կարծիքը:
168.am-ի հետ զրույցում «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանն անդրադառնալով առկա իրավիճակին՝ ցավով արձանագրեց, որ ՀՀ գործող իշխանություններն առնչություն չունեն հայկական շահի, ազգային խնդիրների հետ:
«Իրենք պատերազմը պարտվել են, կորցրել են հետաքրքրությունը բոլոր ազգային հարցերով, ցանկանում են խոսել միայն զիջումների մասին. եթե մեկը հոգեբանորեն ջախջախված է, չի կարող որևէ կարևոր հարցի մասին ազգային դիրքորոշում ունենալ:
Իրենք ամեն ինչ նայում են այդ պարտվողական հոգեբանությունից և որևէ խիզախ քայլ անելու ո՛չ կամքը ունեն, ո՛չ էլ հետաքրքրությունը»,- նշեց Հարութ Սասունյանը:
Ամերիկահայ գործիչը կեղծ է համարում հայաստանյան իշխանությունների պնդումը, թե հայ-թուրքական օրակարգն առանց նախապայմանների է. նա շեշտում է՝ հակառակ կողմը պարտադրում է ոչ միայն հին նախապայմանները, այլև՝ նորերը. «Թրքական և ադրբեջանական կողմը բազմիցս արտահայտել են իրենց նախապայմանները, թեև շարունակում են ասել, որ նախապայմաններ չկան, փորձում են մեզ հերթական անգամ խաբել:
Օրինակ, նշում են, որ Հայաստանը Ադրբեջանի հետ պետք է խաղաղության դաշնագիր ստորագրի, պետք է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը իրականություն դառնա, Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. սրանք պատերազմից հետո ի հայտ եկած նոր նախապայմաններն են: Անշուշտ, տարիներ շարունակ կան նաև նախկին նախապայմանները՝ Ցեղասպանության ճանաչումից հրաժարվել, ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և այլն:
Ինձ համար հասկանալի է, որ երբ թուրքական և ադրբեջական կողմը տեսնում է՝ Հայաստանի ղեկավարը թույլ մարդ է և ամեն ինչ պատրաստ է զիջելու, իրենք անընդհատ նոր նախապայմաններ են առաջ քաշում, նոր զիջումներ են պահանջում: Ամեն պահանջից հետո հայկական կողմն «այո» է ասում, և այդպես շարունակելու են, որովհետև թուրքերը և ադրբեջանցիները հասկանում են, որ դիմացինդ պատերազմից հետո ջախջախված է և պատրաստ է զիջումների:
Արցախի մեծ մասը վերցրեցին և անգամ 2021 թ. մայիսի 12-ից մտան Հայաստանի սահմանները, և մեր իշխանություններից ոչ մի ձայն, հակադրություն չկա, ոչինչ չեն ձեռնարկում, որպեսզի ադրբեջանցիներին հեռացնեն Հայաստանի սահմաններից, նույնիսկ չեն խոսում, բողոքում: Եթե ռազմական ուժը չունես հակազդելու, առնվազն կարող ես բողոքել. այդ բողոքն էլ չկա:
Արդեն ամիսների ի վեր ոչ մի իշխանական պաշտոնյա՝ լինի վարչապետ թե այլ, չեն խոսում մեր գերիների մասին, որոնք մեկուկես տարի է՝ ադրբեջանական բանտերում են, իրենց չարչարում են, դատում են կողծ ամբաստանություններով»:
Հարութ Սասունյանը տեղյակ չէ, թե Ցեղասպանության տարելիցի առիթով ինչ նախաձեռնություններով է հանդես գալու Ամերիկայում Հայաստանի դեսպանը:
Նա նշում է՝ եկած օրվանից տիկին Մակունցն անգամ չի ծանոթացել հայ համայնքի հետ, իսկ սակավաթիվ հանդիպումներն էլ անցել են հիմնականում փակ, առանց տեղեկացնելու:
«Ես Հայաստանի դեսպանից ոչ մի բան չեմ ակնկալում, որովհետև Մակունցն անկարող անձնավորություն է, որևէ հեռավոր կապ անգամ չունի դիպլոմատի աշխատանքի հետ: Անկեղծորեն ասեմ, որ ձախողված դեսպան է. ունեցել ենք դեսպաններ, որոնք շատ աշխույժ են եղել, դեսպաններ, որոնք նվազ աշխույժ են եղել, բայց երբեք չենք ունեցել մի դեսպան, որ լրիվ 0 լինի իր աշխատանքով, իր կարողություններով:
Գրեթե մեկ տարի է, ինչ ԱՄՆ է եկել, բայց երբեք չի արել այն, ինչ բոլոր դեսպաններն ավանդույթի ուժով անում էին. նախ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը հյուրասիրություն են կազմակերպում, հրավիրում ԱՄՆ պետական բարձրաստիճան պաշտոնյաների, այլ դեսպանների և հայ համայնքի ներկայացուցիչներին, որպեսզի ծանոթանան նոր դեսպանի հետ:
Սակայն Մակունցը դեռ չի ներկայացել քաղաքական դեմքերին և համայնքին, ինչ բոլոր դեսպանները 30 տարի է՝ արել են: Եվ ոչ միայն Վաշինգտոնում, այլև Լոս Անջելեսում, որովհետև այստեղ ևս հսկա հայկական համայնք կա: Բայց օրերս իմացա, որ անցյալ շաբաթ Մակունցը գաղտագողի եկել էր Լոս Անջելես, առանց հայտարարության՝ հանդիպել է 15 մարդու հետ և մեկնել է, ինչը շատ ցավալի է:
Ես որ այսքան ակտիվ եմ համայնքում, խմբագիր եմ՝ լուրերն ինքս եմ հավաքում և համայնքին տեղեկացնում, նույնիսկ ինձ չեն տեղեկացրել, որ նա այստեղ է եղել կարճ հանդիպման համար:
Այստեղ մենք ունենք հազարավոր հայեր, և եթե ինքը նորմալ դեսպան լիներ, պետք է գար՝ ներկայանար համայնքի առաջ, ելույթ ունենար և ծանոթանար համայնքին, ինքն իրեն և իր ծրագրերը ներկայացներ համայնքին: Լոս Անջելեսում շատ հայեր կան, որոնք մեծ կապեր ունեն ամերիկյան քաղաքական դեմքերի հետ և կարող են իրենց կապերը ներկայացնել դեսպանին, որպեսզի հաջող աշխատանք տանի. դա էլ չարեց: Եվ ես նույնիսկ տեղյակ չեմ, թե նա կապ է հաստատել որևէ հայկական կազմակերպության հետ. այսպես առանձին նստում է դեսպանատանը, և չգիտենք, թե ինչ է անում օրը 8 ժամ:
Ցավալիորեն ասեմ, որ այդքան էլ զարմանալի չէ, որովհետև վարչապետն անընդհատ նշանակում է անկարող մարդկանց. գրեթե բոլորն էլ որևէ պատրաստություն չունեն իրենց նշանակված աշխատանքի համար»:
Հիշեցնենք՝ օրերս համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ամերիկահայ մի քանի ցուցարարներ Արցախի դրոշը պարզած, «դավաճան» կոչերով քայլում ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի հետևից: