Բաժիններ՝

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ֆիլհարմոնիկ նվագախումբը Ծիծեռնակաբերդում կկատարի Մոցարտի «Ռեքվիեմը»

Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին ապրիլի 23-ին Ծիծեռնակաբերդում և ապրիլի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի Մոցարտի բոլոր ժամանակների ամենաազդեցիկ «Ռեքվիեմը»:

Այն կկատարեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու Ազգային ակադեմիական երգչախումբը: Համերգները կղեկավարի ավստրիացի անվանի դիրիժոր Գյունտեր Նոյհոլդը, իսկ որպես մենակատարներ հանդես կգան Գերմանիայից ժամանած սոպրանո Աննա Սամուիլը, բաս Թոբիաս Բերնդտը, մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանն ու տենոր Տիգրան Մելքոնյանը:

Գյունտեր Նոյհոլդը, որը ղեկավարել է բազմաթիվ աշխարհահռչակ նվագախմբեր, որոնցից են Վիեննայի Ֆիլհարմոնիկ, Վիեննայի սիմֆոնիկ, Ֆրանսիայի ազգային նվագախմբերը, ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իր համար մեծ նշանակություն ունի Հայաստանում Մոցարտի «Ռեքվիեմ»-ի կատարումը: Նա կարծում է՝ երաժշտությունը լավագույն ձևն է ցեղասպանության վերաբերյալ հույզերն արտահայտելու համար:

«Մոցարտ կատարելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ մենք ստիպված ենք լինում վերադառնալ կատարման ակունքներին, ինչը բազմաթիվ երկրներում արդեն չկա. կատարման ավանդույթները մոռացվել են: Ըստ իս՝ Մոցարտի «Ռեքվիեմը» պետք է ղեկավարել այնպես, ինչպես այն գրվել է, ինչպես Մոցարտն է այն ստեղծել: Այն, ինչ տեսնում եմ նվագախմբում, կատարյալ է, կատարումն ինձ դուր է գալիս»,-շեշտեց դիրիժորը:

Աննա Սամուիլը հանդես է գալիս աշխարհի ամենակարևոր օպերային թատրոններում: Հաճախ հրավիրված լինելով միջազգային փառատոնների՝ նա զգալի հաջողություն է ունեցել Զալցբուրգի փառատոնում, Aix-en-Provence-ում և Էդինբուրգում, Գլայնդբորնում, Վերբիերում և Արենա դի Վերոնայում, ինչպես նաև Maggio Musicale Fiorentino-ում: 2008 թվականին Աննա Սամուիլն իր վոկալ և դերասանական ակնառու հաջողությունների համար պարգևատրվել է Բեռլինի TheatreGemeinde-ի հանդիսատեսի Daphne մրցանակով:

Երգչուհին երկրորդ անգամ է Հայաստանում: Առաջին անգամ տասը տարի առաջ է այցելել Երևան: Նա խոստովանեց, որ նախորդ համերգներից շատ լավ հիշողություններ ունի: «Սիրով եմ համաձայնվել մասնակցելու այս նախաձեռնությանը, քանի որ ինձ համար պատիվ է և նման օրերին Հայաստանում լինելը»,-նշեց երգչուհին ու հավելեց՝ բոլորը Երևանում սիրալիր են, հյուրընկալ, իսկ Ֆիլհարմոնիկ նվագախումբը հիանալի է նվագում. և՛ դիրիժորը, և՛ մենակատարները, և՛ երաժիշտները ներդաշնակ են: Անդրադառնալով «Ռեքվիեմ» ստեղծագործությանը՝ Աննա Սամուիլն ընդգծեց, որ այն ամենահայտնի, նշանավոր, խորը գործերից է: Երգչուհին հեղինակի բազմաթիվ օպերային ստեղծագործություններ է կատարել, իսկ «Ռեքվիեմը» համարում է յուրահատուկ, քանի որ այն կատարելը նման է եկեղեցում ծառայություն մատուցելուն:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանն էլ տեղեկացրեց, որ այս նախաձեռնությունից զատ ապրիլի 23-ին Օնտարիոյի «Ռեգենտ» թատրոնում նույնպես կկայանա համերգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների: Համերգին կմասնակցի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Երեկոյին տեղի կունենա հայ ժամանակակից կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Անապատի հարսը» բալետի սյուիտի համաշխարհային պրեմիերան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս