«Պասիվությունը համարում եմ դավաճանություն, եթե ամեն մեկը մտածի միայն իր գյուղի մասին, մանր-մանր կկորցնենք Հայաստանը»․ Հակոբ Ավետյան

«Բոլորս պետք է ունենանք 1 նպատակ, պայքարենք հանուն Հայաստանի և Արցախի»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը։

Նրա խոսքով՝ չնայած  Արցախի 70%-ից ավելին արդեն իսկ կորցրել ենք, այժմ էլ վտանգված է այն փոքր հատվածը, որ մնացել է Արցախից, ժողովուրդը պետք է թույլ չտա.

«Հիմա վճռական պահ է, պետք է ժողովուրդը բոլորով միասին պայքարեն դրա դեմ։ Ես չեմ ասում՝ անձանց դեմ պայքարեն, այս նախարարի կամ պաշտոնյայի, ինձ համար դա չէ նպատակը։ Չեմ ասում նաև՝ պաշտպանենք ինչ-որ քաղաքական ուժի, ո՛չ, մեր պաշտպանությունը հենց Հայաստանի համար է, մեր երկրի փրկության հարցն է․․․»։

Ավետյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում Արցախի կարգավիճակի վերաբերյալ արած հայտարարությունից հետո հատկապես հասկացել է, որ երկիրը գնում է կործանման․

«Բոլորով պետք է դեմ գնանք, չթողնենք, որ դա իրականացվի։ Շատ մարդիկ չեն պատկերացնում, թե Արցախը կորցնելն ինչ է նշանակում, մտածում են՝ եթե Վարդենիսում են, Արցախն իրենց ինչի՞ն է պետք, իհարկե, դա բոլորին չի վերաբերում, բայց, ցավոք սրտի, նման զանգված շատ կա մեր ազգի մեջ։ Չեն հասկանում, որ Արցախը կորցնելով՝ Վարդենիս համայնքն արդեն դարձավ սահմանամերձ, Կութը, Նորաբակը, Վերին Շորժան, Սոթքը, Ազատը։ Այդ գյուղերն ամբողջովին վտանգի տակ են հիմա․․․

Ցավոք սրտի, Վարդենիսը հայտնվելով այդ վտանգի տակ, հիմա էլ Մարտունիում չեն հասկանում, որ հաջորդն այդ վտանգն ունի Մարտունին, Սևանա լիճը, եթե ամեն մեկը մտածի միայն իր գյուղի մասին, ուրեմն մանր-մանր կկորցնենք Հայաստանը։ Մարդիկ, որոնք կկարողանան որևէ ազդեցություն ունենալ, որևէ բան կազմակերպել, բայց պասիվ են, այդ պասիվությունը ես համարում եմ դավաճանություն։ Եթե կարող են իրենց ակտիվ լինելով՝ ի նպաստ հայրենիքի որևէ գործողություն անել, ուրեմն պարտավոր են անել․․․»։

Հակոբ Ավետյանն ասաց, որ այսօր Ազատության հրապարակում որոշվում է  մեր երեխաների ապագայի հարցը․

«Մեր երեխաների վաղվա օրվա համար պետք է այսօր պայքարենք, որ մեր երեխաները նորից չընկնեն պատերազմի մեջ․․․ Պետք է հարգել, պաշտպանել մեր զոհերի հիշատակը, իրենց արյան գինը պետք է չզրոյացնեն, որովհետև իրենք պայքարել են հանուն հայրենիքի, իսկ հիմա  մարդկանց որոշ մասը դա չհասկանալով՝ կողմնակից է այն ուժերին, որոնք այս ամենի մեղավորն են․․․»։

Տեսանյութեր

Լրահոս