Քննարկվում է աշխատող քաղաքացիների՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու կետը հանելու հարցը. ԱՆ

Հաշվի առնելով կորոնավիրուսի համարավակի նվազման հանգամանքը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը սահմանափակումների փոփոխությունների նոր փաթեթ է նախաձեռնել, որը շուտով կհանրայնացվի:

ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ փաթեթն արդեն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ հաստատման, իսկ քննարկվող հարցերի թվում նաև աշխատավայրում ՊՇՌ հետազոտության արդյունք պահանջելը վերացնելն է:

«Աշխատող քաղաքացիների պատվաստումների և ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու վերաբերյալ կետը հանելու վերաբերյալ հարցը նույնպես քննարկվում է»,- նշեց ԱՆ խոսնակը:

Հավելենք, որ ապրիլի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք, կատարվել է 3123 թեստավորում, կա 18 առողջացած, մահվան դեպք չի արձանագրվել:

Ավելի վաղ գրել էինք, որ գնաճը լուրջ դժվարություններ է առաջացրել քաղաքացիների համար։ Սննդամթերքի, տան վարձերի գների բարձրացմամբ պայմանավորված՝ շատերը խնդրի առջև են կանգնել, ու սրան գումարվել է նաև աշխատավայրերում 7 օրը մեկ թեստի բացասական արդյունք ներկայացնելու պահանջը, որը գործում է  2021թ․ դեկտեմբերի 1-ից։ Համաձայն որոշման՝ աշխատող, չպատվաստված անձինք յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է իրենց գործատուներին ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող` առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ: Բացառություն են կազմում ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողները, հղիները, մինչև 18 տարեկան աշխատողները, ինչպես նաև նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած աշխատողները՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում:

 

Տեսանյութեր

Լրահոս