ԱՆ-ը՝ աշխատավայրերում 7 օրը մեկ թեստի բացասական արդյունք ներկայացնելու մասին
Գնաճը լուրջ դժվարություններ է առաջացրել քաղաքացիների համար։ Սննդամթերքի, տան վարձերի գների բարձրացմամբ պայմանավորված՝ շատերը խնդրի առջև են կանգնել, ու սրան գումարվել է նաև աշխատավայրերում 7 օրը մեկ թեստի բացասական արդյունք ներկայացնելու պահանջը, որը գործում է 2021թ․ դեկտեմբերի 1-ից։ Համաձայն որոշման՝ աշխատող, չպատվաստված անձինք յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է իրենց գործատուներին ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող` առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ: Բացառություն են կազմում ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողները, հղիները, մինչև 18 տարեկան աշխատողները, ինչպես նաև նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած աշխատողները՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում:
«Ստանում եմ 90.000 դրամ աշխատավարձ, ապրում եմ վարձով ու չեմ կարողանում ամսվա մեջ երկու անգամ թեստ հանձնել։ Այս թանկացումների ֆոնին ամեն ամիս մոտ 15․000 դրամի էլ որ թեստ հանձնեմ, բա երեխաներիս ո՞վ կպահի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։
ՀՀ Առողջաապահության նախարարությունից փորձեցինք պարզել՝ արդյո՞ք քննարկվում է թեստի բացասական արդյունք ներկայացնելը մեղմացնելու կամ չեղարկելու որոշումը, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ կորոնավիրուսային հիվանդության վիճակը Հայաստանում կտրուկ նվազել է, ԱՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնից պատասխանեցին․
«Այս պահին սահմանափակումների փոփոխության մասով նոր բան չի քննարկվում։ Հենց լինի՝ հայտարարությամբ հանդես կգանք»։
Նույնը վերաբերում է նաև հունվարի 22-ի որոշմանը։
Հիշեցնենք, որ հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և մարզասրահի հաճախորդները, գրադարանների և թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք են գործում միայն, եթե ներկայացնում են կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նախաորակավորված COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24-ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք՝ արտածված ԱՐՄԵԴ համակարգից, կամ պատվաստման սերտիֆիկատ, բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։
Հավելենք, որ ապրիլի 8-ի` ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք, կատարվել է 2046 թեստավորում, կա 25 առողջացած, մահվան դեպք չի արձանագրվել։