Միշուստինը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պայմաններում կարևորել է Հայաստանի հետ առևտրում ազգային արժույթների ավելի ակտիվ օգտագործումը

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ  համագործակցությունը զարգացնելու գործում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին հայտարարեց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Ողջունում ենք ձեզ Կառավարության տանը։ Ձեր պաշտոնական այցն ունի շատ կարևոր նշանակություն մեր բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար, որոնք կապում են Հայաստանը և Ռուսաստանը։ Այս տարի մենք նշում ենք երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը և Հայաստանի հետ բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը։ Երեկ կայացած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դուք ձեռք եք բերել լայնածավալ պայմանավորվածություններ երկուստեք համագործակցության ամրապնդման մասին՝ գրեթե բոլոր ուղղություններով, որոնք կան մեր երկու երկրների օրակարգերում։ Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի բոլոր միջոցները բարձր մակարդակում կայացած որոշումների իրականացման համար»,- ընդգծեց Միշուստինը։

ՌԴ վարչապետի խոսքով՝ Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի արտաքին գործընկերների և ներդրող երկրների շարքում: Միշուստինին ուրախացնում է այն փաստը, որ նախորդ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 13 տոկոսով՝ հասնելով 2 միլիարդ 600 միլիոն դոլարի, իսկ 2022 թվականին հունվար և փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապրանքաշրջանառությունը աճել է 42 տոկոսով՝ կազմելով 430 միլիոն դոլար։ «Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների չափը ավելի քան 2 միլիարդ դոլար է։ Մենք հետաքրքրված են երկկողմ համագործակցության զարգացման, նոր նախագծերի իրագործման հարցում, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, հանքաարդյունաբերությունը, տրանսպորտային ենթակառուցվածքները, դեղագործությունը, գյուղատնտեսությունը և թվային տեխնոլոգիաները»,- ասաց Միշուստինը՝ հավելելով, որ նմանատիպ նախաձեռնություններով զբաղվում են երկու երկրների միջկառավարական հանձնաժողովները։

Միշուստինն առաջարկում է արագացնել Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի տնտեսական համագործակցության նոր ծրագրի ստորագրման գործընթացը։ «Ռուսաստանի դեմ ոչ բարեկամ երկրների կողմից անօրինական պատժամիջոցների պայմաններում, իհարկե, կարևոր է երկկողմ առևտրում ավելի ակտիվ օգտագործել ազգային արժույթները, զարգացնել արդյունաբերական կոոպերացիաները, ստեղծել առևտրի նոր հնարավորություններ»,- ընդգծեց Միշուստինը։

Տեսանյութեր

Լրահոս