Բաժիններ՝

ԵՊՀ Արհմիությունը՝ ամբիոնների միավորման, հաստիքների հնարավոր կրճատման մասին

Ապրիլի 7-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստի ժամանակ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը գիտխորհրդի հաստատմանն է ներկայացրել ԵՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի խմբագրված տարբերակը:

Նա ներկայացրել է առաջարկվող փոփոխությունները և փաստել, որ նախագիծն անցել է քննարկման տարբեր փուլերով:

Ներկայացված կարգի վերաբերյալ հնչել են հարցեր, կարծիքներ ու նոր առաջարկություններ, ինչից հետո գիտխորհուրդը հաստատել է ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի ներկայացված նախագիծը:

Նիստի օրակարգային հաջորդ հարցի շրջանակում ԵՊՀ ֆինանսական վերլուծությունների վարչության պետ Տիգրան Գալստյանը ներկայացրել է 2022-2023 ուստարվա ԵՊՀ ուսման վարձավճարների չափերը:

Նա նշել է, որ իրականացվել է կրթական ծրագրերի գնահատում, ինչի արդյունքում ստացվել է դրանց ինքնարժեքը, որի հիման վրա էլ կատարվել են վարձավճարների փոփոխություններ: Ապա ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը  գիտխորհրդի հաստատմանն է ներկայացրել ԵՊՀ մի շարք ամբիոնների՝ միաձուլման եղանակով վերակազմակերպման հարցը, որը հավանության արժանանալու դեպքում ներկայացվելու է ՀԽ-ի հաստատմանը: Հ.Հովհաննիսյանի հավաստմամբ, ամբիոնների՝ միաձուլման եղանակով վերակազմակերպման որոշումներն ընդունվել են համապատասխան ֆակուլտետների գիտական խորհուրդների կողմից: Նա նաև նշել է, որ այս գործընթացի արդյունքում կրթական որևէ ծրագիր չի տուժում:

Գիտխորհուրդը քվեարկությամբ հաստատել է ներկայացված բոլոր առաջարկությունները:

ԵՊՀ արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե  ամբիոնների միավորման քննարկումներից հետո արհմիություն արդեն հարցում ուղարկվե՞լ է, թե քանի հաստիք պետք է կրճատվի: Ընդհանրապես, ո՞ր ամբիոններն են միավորվում, և ուսման վարձերը ինչքանո՞վ են բարձրացվելու, հստակ կա՞ որոշում:

Ի պատասխան՝ նա ասաց․ «Ապրիլի 7-ին տեղի ունեցած ԵՊՀ գիտական խորհրդի նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել և ընդունվել են նաև մի շարք ամբիոնների միավորման առաջարկությունները: Ամբիոնների միավորման առաջարկները գիտական խորհուրդ ուղարկել են համապատասխան ֆակուլտետները (Աստվածաբանության, Պատմության, Հայ բանասիրության, Աշխարհագրության և երկրաբանության, Մաթեմատիկայի և մեխանիկայի):

Եթե ամբիոնների միավորման արդյունքում լինեն աշխատանքից ազատելու որոշումներ, ապա գործատուն՝ ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի և ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրի, պարտավոր է մինչև աշխատանքից ազատելու հրաման տալը գրություն ուղարկել ԵՊՀ Արհմիություն՝ համապատասխան կարծիք ստանալու համար:

Քանի դեռ նման գրություն ԵՊՀ Արհմիությունը չի ստացել, չենք կարող խոսել այդ մասին: ԵՊՀ գիտական խորհրդի հիշյալ նիստում քննարկվել և ընդունվել է նաև ԵՊՀ մի շարք մասնագիտությունների գծով ուսման վարձերի բարձրացման հարցը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս