
Զինյալները նիստի ժամանակ ականանետներով գնդակոծել են Սոմալիի խորհրդարանը

Ապրիլի 18-ին Սոմալիի դաշնային խորհրդարանի շենքը ենթարկվել է ականանետային գնդակոծման, վիրավորվել են պատգամավորներից մեկը եւ ընդդիմությունից հանրապետության նախագահի թեկնածու Աբդիռահման Աբդիշաքուրը: Այդ մասին հաղորդել է Somali Guardian նորությունների պորտալը:
Ըստ պորտալի՝ Երկրի մայրաքաղաք Մոգադիշոյում մեծ քանակությամբ արկեր են պայթել խորհրդարանի շենքի մոտ այն պահին, երբ այնտեղ նիստ էր ընթանում: Վիրավորվել է մի քանի մարդ, ներառյալ «Վադաժիր» կուսակցության առաջնորդ Աբդիշաքուրը: Իշխանությունները գնդակոծման մեջ մեղադրել են «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման զինյալներին: Սոմալիի դաշնային խորհրդարանի նոր կազմը երդում է տվել ապրիլի 14-ին:
Ապրիլի 18-ին բացված առաջին նստաշրջանի երկրորդ նիստը նվիրված է երկու պալատների խոսնակների ընտրությունների հարցերին: Գնդակոծումը տեղի է ունեցել այն պահին, երբ պատգամավորներն ավարտել էին քվեարկությունը՝ հաստատելով, որ վերին պալատի խոսնակի ընտրությունները կկայանան ապրիլի 26-ին, ստորին պալատինը՝ մեկ օր անց: Դրանից հետո պալատների համատեղ նիստում պետք է ընտրվեր Սոմալիի նոր նախագահը: Պետության ներկայիս ղեկավար Մոհամեդ Աբդուլլահի Մոհամեդը, որի մանդատի ժամկետը լրացել է անցյալ տարվա փետրվարին, ձգտում է հասնելու վերընտրման: Նախագահի պաշտոնի թեկնածուների ընդհանուր թիվը հասնում է տասի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: