Բաժիններ՝

Գվատեմալայի բուրգի ներսում հայտնաբերվել են մայաների օրացույցի ամենավաղ ապացույցները

Գվատեմալայում բուրգի ավերակների ներսում հայտնաբերված որմնանկարի բեկորների վրա, որը ներկայացնում է «7 եղնիկ» կոչվող օրը, նշվում է մայաների օրացույցի ամենավաղ կիրառումը։

Հնագետների ներկայացմամբ՝ բեկորները հայտնաբերվել են Սան Բարտոլո հնագիտական ​​վայրում՝ հյուսիսային Գվատեմալայի ջունգլիներում, որը հայտնի է դարձել 2001 թվականին թաղված պալատի հայտնաբերմամբ՝ մ.թ.ա մոտ 100 թվականով թվագրվող մշակված և գունեղ որմնանկարներով, որոնք պատկերում են մայաների ծիսական և դիցաբանական տեսարաններ:

«7 եղնիկ» պատկերանիշով կտորները հայտնաբերվել են Լաս Պինտուրաս բուրգի ներսում: Բանն այն է, որ մայաները հաճախ կառուցում էին ավելի համեստ չափերի կառույցներ ու տաճարներ, հետագայում կառուցում էին ավելի մեծ տարբերակները նախկինների վերևում: Այս բուրգը ի վերջո հասել է մոտ 30 մետր բարձրության։

Հնագույն պատի երկու բեկորները կարող են պարունակել մայաների նախագրագրային օրացույցի ամենավաղ ապացույցները

Օրացույցի 260 անվանակոչված օրերից մեկի՝ «7 Եղնիկի» որմնանկարի բեկորների վրա հայտնաբերված պատկերը եղնիկի գլխի ուրվագիծ է որը զարդարված է կետով և վերևում գծով, որը 260-օրյա օրացուցային ցիկլի ամսաթվերից մեկն է:

Նախակոլումբիական Ամերիկայի մի շարք հնագույն քաղաքակրթություններ, այդ թվում՝ ացտեկները, մայաները, միքստեկները և զապոտեկները, հետևում էին ժամանակին՝ օգտագործելով թվերով նշված 13-օրյա ցիկլեր, ինչպես նաև աստվածների հետ կապված 20-օրյա ցիկլեր: Այդպիսի օրացույցում յուրաքանչյուր օրվա համար նշանակվում էր և՛ թիվ, և՛ աստվածության հղում, որը տալիս էր 260 եզակի համակցություններ մինչև ամբողջ ցիկլը կրկնելը: Ենթադրվում է, որ հնդկացիներն օգտագործել են իրենց օրացույցը կարևորագույն արարողությունների ժամանակը որոշելու համար, ինչպես նաև նշել են պատմական տարեթվեր և փորձել դրա օգնությամբ կանխատեսել ապագա իրադարձությունները։

Մինչ այժմ հնագույն մարդկանց կողմից օրացույցի օգտագործման ամենավաղ վկայությունները հայտնաբերվել են մոտ 100 մ.թ.ա. Այժմ Օսթինում Թեքսասի համալսարանի հնագետները և նրա գործընկերները ապացույցներ են գտել, որ մայաները կարող էին օգտագործել այս օրացույցը մեկ դար առաջ:Պրոֆեսոր Դեյվիդ Ստյուարտը՝հետազոտության հեղինակը, նկարագրել է բեկորները որպես «սպիտակ գիպսի երկու փոքր կտոր, որոնք տեղավորվում են ձեռքի ափի մեջ և մի ժամանակ ամրացված էին քարե պատին»:

«Պատը միտումնավոր ավերվել է հնագույն մայաների կողմից, երբ նրանք վերակառուցում էին իրենց ծիսական տարածքները. այն ի վերջո վերածվել է բուրգի: Երկու կտորները լրացնում են միմյանց և բացահայտում են «7 Եղնիկ» տարեթիվը: Մնացածը դժվար է կարդալ»,- նշել է Ստյուարտը։

Մինչ այժմ մայաների ամենավաղ օրացույցային նշումը թվագրվում էր մ.թ.ա. առաջին դարով:

Մայաների որոշ համայնքներ այսօր դեռ օգտագործում են հնագույն օրացույցը:

«Այս օրացույցային համակարգը գոյատևել է առնվազն 2200 տարի, որը պահպանվել է մայաների կողմից անհավանական փոփոխությունների, սթրեսի և ողբերգության ժամանակներում», – ասել է Ստյուարտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս