
Գարիկ Սարգսյանը ստանձնել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը

Գարիկ Սարգսյանը հանդիսավոր արարողությամբ ստանձնել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը: Միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ՀՀ կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ և պատվավոր այլ հյուրեր: Արարատի մարզպետարանը տեղեկացնում է, որ ստանձնելով համայնքի ղեկավարի լիազորությունները, Գարիկ Սարգսյանը երդվել է պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն ժողովրդի, ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին։
Ելույթի իր խոսքում, շնորհավորելով Գարիկ Սարգսյանին ընտրություններում տարած հաղթանակի և Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, Արարատի մարզպետը հույս է հայտնել, որ Վեդի խոշորացված համայնքը զարգանալու է:
Արարատի մարզի խոշորացված Վեդի համայնքում մարտի 27-ին անցկացվել են ընտրություններ: «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է առավելագույն ձայները: Կուսակցության ցուցակը գլխավորում էր Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը։