Փաշինյանի ուսապարկերն անհայրենիք և դավաճան մանկուրտներ են, որոնք ռազմաճակատ են բացել Հայաստանի դեմ․ Նաիրա Զոհրաբյան

Ցավոք սրտի, սա Հայաստանի և հակաՀայաստանի ռազմաճակատի վերջին արարն է, և ցավալի է, որ հակաՀայաստանը հաղթում է իրական Հայաստանին։ Խորհրդարանում կատարվողին հետևելով՝ տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանի ուսապարկերի տեքստերը գրվել և բաժանվել են Իլհամ Ալիևի աշխատակազմում, սա անհայրենիք և դավաճան մանկուրտների աղանդ է։ Իսկ աղանդներում հանում են մարդու ուղեղն ու հոգին, նրան սարքում են բնազդներով առաջնորդվող մսագունդ։ Անգամ ամբոխը դեռ ինչ-որ ենթագիտակցական բնազդ ունի, իսկ սրանք ամբոխ էլ չեն, կենսազանգված են։ ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, որը փոխել է հնարավոր բոլոր քաղաքական ճամբարները, ժամանակին Տեր-Պետրոսյանի երդվյալ կոշիկ լիզողն էր, ասում է, թե 1996-ից Տեր-Պետրոսյանի շրջանառած գաղափարը, թե Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի, ճիշտ չէ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Այդ կենսազանգվածին բաժանվել են Ալիևի մոդերատորների հետ համաձայնեցված տեքստեր։ Իրենք էլ անընդհատ հղում են անում հունիսի 20-ի չարաբաստիկ ընտրությանը, պնդում, թե ժողովուրդն իրենց մանդատ է տվել, և դրա ուժով՝ իրենք Արցախը ներառելու են Ադրբեջանի կազմում։ Այն պահին, երբ ռուս խաղաղապահներն իրենց կրունկը քաշեն Արցախից, այնտեղ նույնիսկ ոչ թե էթնիկ զտում, այլ ցեղասպանություն է լինելու, արցախցիները գիտեն դա։ Այնտեղ բոլորը մեկ հարց են տալիս՝ ռուսները մնալո՞ւ են, թե՞ ոչ, նաև հայաստանցիներին հորդորում են փոխանցել ՀՀ իշխանությանը, որ Փաշինյանն իր արյունոտ թաթերը հեռու պահի Արցախից, քանի որ իրենց տանում է ցեղասպանության»,- ասաց քաղաքական գործիչը։

«Հայաստանյան հասարակության գերակշիռ մեծամասնությանն այս խնդիրները բացարձակ հետաքրքիր չեն։ Նիկոլն այն լակմուսի թուղթն է, որին մենք մտցրինք մեր հասարակական լուծույթի մեջ և տեսանք՝ ինչպիսի հանրություն ունենք։ Կպատկերացնեի՞նք, որ ունենք այնպիսի հանրություն, որի անդամը կասի՝ «թող թուրքը գա, մեր թոռներին մորթի, միայն թե նախկինները չվերադառնան»։ Նիկոլն ունի նման արարածների հաստատուն զանգված։ Հասարակությունը նրանից պիտի պահանջի հանրաքվե անցկացնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցով, առանց հանրաքվեի նման փաստաթուղթ ստորագրելն օրենքի կոպտագույն խախտում է»,- նշեց Զոհրաբյանը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ երբ Փաշինյանն ԱԺ-ում ասում է, թե միջազգային հանրությունն իրենից պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, պետք է պարզաբանի՝ ո՞վ է այդ միջազգային հանրությունը։ «Քիսինջերն ասում էր՝ ո՞վ է Եվրամիությունը, տվե՛ք ինձ նրա հեռախոսահամարը։ Նույնկերպ՝ Նիկո՛լ, ո՞վ է միջազգային հանրությունը, տո՛ւր նրա հեռախոսահամարը։ Դու անամոթաբար ստում ես, քանի որ պատերազմից հետո ՌԴ նախագահը հայտարարել է, թե պատերազմի ավարտով ԼՂ խնդիրը չի հանգուցալուծվել։ ԵՄ-ն 2020-ի դեկտեմբերին պաշտոնական հայտարարությամբ ընդունել է, որ ԼՂ կարգավիճակի հարցը պիտի մնա քննարկման առարկա։ Ֆրանսիայի Սենատը դիմել է գործադիրին՝ ճանաչելու Արցախի անկախությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքն օրեր առաջ ասաց, որ տևական խաղաղության հասնելու համար ԼՂ կարգավիճակի հարցը պիտի լուծվի։ Եվ երբ Նիկոլը կոկորդիլոսի արցունքներ թափելով հղում է անում միջազգային հանրությանը, պետք է ասել՝ Նիկո՛լ, դու ստում ես։ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների տեսակետներն անփոփոխ են, նրանք բոլորը խոսում են կարգավիճակի մասին։ Բաքվի համար դա նշանակում է, ասենք, մշակութային ինքնավարության կարգավիճակով Ադրբեջանի կազմում ներառվելը։ Չէ՞ որ Ալիևն օրեր առաջ ասաց՝ որքան շուտ Ստեփանակերտում ապրող արցախցիները հասկանան, որ ապրելու են Ադրբեջանի դրոշի ներքո, այնքան լավ»:

«Փաշինյանն ասում էր, որ Արցախի ժողովուրդն իրեն չի ընտրել, և ինքն իրավունք չունի նրանց ներկայացնելու, այդ ինչպե՞ս է հիմա նրա ճակատագիրը որոշում։ Փաշինյանը պատրաստվում է երկիրը տանել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի և դրանով ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բայց նա դե յուրե դրա իրավունքը չունի, քանի որ 1992-ին Գերագույն խորհրդի կայացրած որոշմամբ՝ ՀՀ-ի համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում։ Այսինքն՝ օրենքն արգելում է Փաշինյանին և իր ուսապարկերին ընդունել որևէ փաստաթուղթ, որտեղ Արցախը կճանաչվի Ադրբեջանի կազմում։ Նախատեսվող սահմանադրական հանրաքվեի փոփոխության միակ նպատակը դրա նախաբանը փոխելն ու Անկախության հռչակագրի հիշատակումը հեռացնելն է, որում հիշատակում կա նաև Արցախի մասին։ Իսկ մինչ այդ Ալիևն անգամ ԼՂ-ի ինքնավարությանը համաձայն չէ։ Եվ քանի որ Ադրբեջանը շարունակում է վարել հայատյաց քաղաքականություն, այնտեղ ցեղասպանություն է լինելու»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս