Փաշինյանը մեղադրում է բոլորին, բայց իր իշխանության օրոք զիջվեցին ՀՀ բոլոր դիրքերը՝ ոչնչի դիմաց․ Տարասովը՝ Փաշինյանի մասին

Օրերս Նիկոլ Փաշինյանի երկու ելույթներն ԱԺ-ում բացասական լայն արձագանքներ են ստացել ոչ միայն երկրի ներսում, Արցախի Հանրապետությունում, այլև դրսում՝ հատկապես այն շրջանակների մոտ, որոնք ավանդաբար զբաղվել են Ղարաբաղյան հակամարտությամբ և շատ լավ գիտեն, թե ինչ բանակցային ժառանգություն էր ստացել Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանություններից, և ինչպես էր դիրքավորված միջազգային հանրությունը կարգավորման գործընթացի նկատմամբ։

Ռուս կովկասագետ Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ամենևին զարմացած չէ այդ ելույթից, քանի որ ավելի վաղ էլ պնդում էր, որ ՀՀ իշխանությունները «հանձնել են» Արցախի շահը։

Ներկայումս, ըստ նրա, ավելի բացահայտ են ներկայացնում, և կարգավիճակի նշաձողի իջեցումը ենթադրում է հենց կարգավիճակից հրաժարում, դա այլ բան չի նշանակում։

«Բայց այնպես չէ, որ սա նոր է, պարզապես բացահայտ չէր»,- նկատեց նա։

Սակայն, Տարասովի կարծիքով, ասել, թե դա միջազգային հանրության պահանջն է՝ սխալ է, քանի որ միջազգային հանրությունը կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները երբեք միակողմանի ադրբեջանամետ դիրքորոշում չեն ունեցել, և տարօրինակ է՝ ինչպե՞ս է հենց հիմա ՀՀ-ին առաջարկվում զիջել իր բոլոր շահերը։

Նա հիշեցրեց, որ ԱՄՆ-ը սովորաբար ավելի հեռադիր է եղել ռեգիոնում, սակայն ՌԴ-ն ու Ֆրանսիան ունեցել են հայամետ դիրքորոշում, ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացվեցին, ՌԴ-ին անընդհատ մեղադրում են, իսկ Ֆրանսիայի հետ Ղարաբաղյան հարցում հայամետ հստակ օրակարգ չձևավորվեց, թեև կային նախադրյալներ։

Տարասովի պնդմամբ՝ հստակ է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները ստացել էին, իր տպավորությամբ, «յոթ շրջանները՝ կարգավիճակի դիմաց» բանաձևին համապատասխանող բանակցային ժառանգություն՝ տարբեր փաթեթներով, որը լիովին փոխվեց ՀՀ ներկայիս իշխանությունների օրոք, նրանք իբրև թե փորձում էին նոր էջ բացել բանակցային պատմության մեջ, որը վերածվեց նրան, ինչ տեսնում ենք՝ զիջվեցին ՀՀ բոլոր դիրքերը՝ ոչնչի դիմաց։

«Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է Փաշինյանը մեղադրում բոլոր-բոլորին, դրսի ուժերին, երրորդ ուժերին, միջազգային հանրությանը, բայց ոչ՝ իրեն։ Չի մեղադրում իրեն, օրինակ, որ չի ճանաչել Արցախի անկախությունը, կամ շատ այլ քայլերում։ Այդ մասին նույնիսկ պատերազմի դադարեցումից հետո խոսեց ՌԴ նախագահը։

Իհարկե, այն, ինչ տեղի է ունենում, ինձ համար շատ ցավալի է, քանի որ ես կապված եմ հայ ժողովրդի հետ, մշտապես համարել եմ ամենաիմաստուն ժողովուրդներից մեկը, ու հիմա ինձ համար նաև տարօրինակ է, որ չկա դիմադրություն դրան, թեև դա ՀՀ ներքին գործն է, սակայն դա փորձագիտական տեսանկյունից է հետաքրքիր, որ եթե չկա լայն զանգվածային բողոք, ուրեմն ընդունելի՞ է, եթե ընդունելի է, ապա դա է հայ ժողովրդի ընտրությունը»,- նման կարծիք հայտնեց Տարասովը։

Ինչ վերաբերում է ՌԴ-ին ուղղված մեղադրանքներին, ապա քաղաքագետը դրանք համարում է անտեղի՝ հատկապես ներկայումս, երբ Ռուսաստանն ահռելի խնդիրներ ունի, իսկ աշխարհն էլ գտնվում է վերադասավորման փուլում։

«Ռուսաստանը չի պատրաստվում տալ այն հարցերի պատասխանները, անել այն, ինչ Հայաստանը պետք է անի՝ հատկապես, երբ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացվեցին հնարավոր բոլոր եղանակներով։ Այլ դեպքերում ՌԴ-ին մեղադրում են ՀՀ ներքին գործերին միջամտելու մեջ։ Եթե դա լիներ ՌԴ-ի հարցը, ՌԴ-ն կվարվեր այնպես, ինչպես վարվել է, ու դա տեսել է ողջ աշխարհը»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս