Շուկայում A4 ֆորմատի թղթի պակասը՝ պատճենահանման գնի բարձրացման պատճառ
Պատճենահանման կետերում A4 ֆորմատի թղթի դեֆիցիտը շարունակում է բացասաբար ազդել մատուցվող ծառայության գնի վրա:
«Էլի խնդիր կա, թանկ գնով ենք առնում: Շուկան դեռ չի համալրվել: Միակողմանի պատճենումն արժե 20 դրամ, A3 ֆորմատի թղթի դեպքում՝ 40 դրամ, իսկ գունավոր տպագրությունն արժե 250 դրամ: Գները բարձրացել են 10-15 դրամով: A4 ֆորմատի թղթի մեկ տուփի արժեքը հիմա դարձել է 3500-5000 դրամ՝ նախկին 1500 դրամի փոխարեն»,- մեզ հետ զրույցում ասաց պատճենահանման կետերից մեկի աշխատակիցը:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից 168.am-ին ավելի վաղ հայտնել էին, որ մաքսային գործառույթների տեսանկյունից խնդիր չկա:
«ՀՀ-ում A4 ֆորմատի թղթի ներմուծման մասով որևէ սահմանափակում չկա, մաքսային ընթացակարգով որևէ փոփոխություն, նորամուծություն կամ արգելք՝ ևս»,- նշեցին ՊԵԿ-ից:
Հավելենք, որ լրագրային թուղթը 2020, 2021թթ. ներկրվել է Ռուսաստանի Դաշնությունից, Միացյալ Նահանգներից:
Իսկ թուղթ և ստվարաթուղթ, ոչ կավճապատ, թուղթ և ստվարաթուղթ ձեռքով կաղապարված՝ խմբաքանակը բերվել է հետևյալ երկրներից՝ Ֆինլանդիա, Վրաստան, Վիետնամ, Սլովենիա, ՌԴ, Պորտուգալիա, Չինաստան, Չեխիայի Հանրապետություն, Ուկրաինա, Շվեդիա, Նիդեռլանդներ, Միացյալ Նահանգներ, Կոլումբիա, Կանադա, Լիտվա, Լեհաստան, Իրան, Իտալիա, Իսպանիա, Ինդոնեզիա, Թուրքիա, Թաիլանդ, ԵՄ, Եգիպտոս, Գերմանիա, Բրազիլիա, Բելգիա, Բելառուս, Արգենտինա, ԱՄԷ, Ավստիա, Ավստրալիա: