Հերիք է ամեն ինչ գցենք արցախցիների գրպանը. Արցախը կորցրինք, Հայաստան չի լինելու. Էդուարդ Շարմազանով

Երեկ Արցախի Խորհրդարանի բոլոր խմբակցությունների կողմից միաձայն ընդունված հայտարարությունը, որն ուղղված էր 88-ի շարժման սկզբունքներին, գաղափարներին, նպատակներին հավատարիմ մնալու, ուղղված էր Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունների հակապետական ու հակաազգային քաղաքականությունը դադարեցնելու կոչին, պատմական է: Ես համարում եմ, որ 1988-ի փետրվարի 20-ի որոշման նման մի որոշում ընդունվել է երեկ, որովհետև այս պահին մենք ապրում ենք Արցախի, հայ ժողովրդի համար վճռական ժամանակաշրջանը: Դժբախտաբար, 4 տարի շարունակ այս կապիտուլյանտ ռեժիմը, քայլ առ քայլ խաբելով ու մանիպուլյացնելով, պատերազմի տանելով, հետո ներողություն խնդրելով ու էլի նոր պատերազմի տանելով, նոր զոհերով ու տարածքային կորուստներով բերեց-հասցրեց այս իրավիճակին, և երբ մենք 2018թ.  ասում էինք՝ սրանք գալիս են Արցախը հանձնելու, հիմա նրանք բացահայտ հայտարարում են:

Այս մասին Ստեփանակերտում 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ, քաղաքական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա՝ շատ կարևոր է, որ Արցախի Խորհրդարանի բոլոր խմբակցություններն են միացել երեկվա հայտարարությանը և իրենց ընդվզումը հայտնել ՀՀ իշխանությունների քաղաքականության վերաբերյալ:

«Հայաստանում կապիտուլյանտ ռեժիմի որոշ սպասարկուներ փորձում են ներկայացնել, թե սա արցախցիների խնդիրն է, թե 120 000-ի պատճառով հո 3 միլիոնը չե՞ն տուժելու, հո 2500 քմ պահելու համար 29000-ը չե՞նք տալու, Արցախի անկախությունը պահելու համար հո Հայաստանի անկախությունը չե՞նք վտանգելու… Էդ «տուպոյ», անհեթեթ խոսակցություններ վարողներին, էդ թուրքական օրակարգ սպասարկողներին մի բան ասեմ՝ սա Արցախի հարց չէ, սա հայկական հարցի արցախյան դրսևորում է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Վերջինիս պնդմամբ՝ Արցախի 30-ամյա պայքարը հայ ժողովրդին տվել է մեջքն ուղղելու հնարավորություն, արժանապատվություն:

«Հերիք է ամեն ինչ գցենք արցախցիների գրպանը: Մոնթե՞ն էր Աևցախից, Լեոնի՞դը, Խաչատուրո՞վը, թե՞ Վազգեն Սարգսյանն ու Վահան Զատիկյանը: Սա համազգային հարց է… Կորցրեցինք Արցախը, կորցնելու ենք Հայաստանը, Հայաստանը դրոշ չի ունենալու, ու նրանք, ովքեր այդ հիմար արտահայտություններն անում են, անում են մեր բոլորիս պատճառով: Որ սրանք դեռ իշխանության են, այ տենց 7-8-ի վրա բերանները բացած՝ հայտարարություններ են անում»,- նկատեց ՀՀԿ ԳՄ անդամը:

Էդուարդ Շարմազանովի համար տարակուսելի են նաև Նիկոլ Փաշինյանի հիշատակած միջազգային հանրության մասին դրույթները:

«Ո՞վ է միջազգային հանրությունը… Թուրքիան ու Ադրբեջա՞նը… Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրություն ասելով՝ ո՞ւմ ի նկատի ունի՝ Էրդողանին ու Ալիևի՞ն: Այդ միջազգային հանրությունը մեր իշխանության տարիներին 5 հայտարարություն է ընդունել նախագահների մակարդակով: Որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է լինի պարտադիր: Ընդունել է փաստաթուղթ, որը գտնվում է ԵԱՀԿ դեպոզիտարիայում, որի վրա սևով սպիտակին գրված էր՝ Արցախի կարգավիճակը որոշելու է Արցախի ժողովուրդը հանրաքվեով: Եվ ընդհանրապես Հայաստանի բոլոր իշխանությունների նպատակը պետք է լինի մեկը՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին Արցախում տեղի ունեցած հանրաքվեի որոշումների պաշտպանությունը»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու վերաբերյալ ելույթներին, ՀՀԿ-ական գործիչը նշեց, որ իր համար զարմանալի չեն այդ ելույթները:

«Ես 2018թ.-ին եմ դեռ ասել, պարզապես, դժբախտաբար, այն ժամանակ մեր ժողովուրդը չհասկացավ, խաբվեց: 2018թ.-ին երբ սրանք հայտարարեցին, որ իրենց շարժումը Սարդարապատի շարժում է, հետո հայտարարեցին, որ իրենց շարժումն Արցախյան շարժումից կարևոր է, հետո մերժեցին Արցախի հերոսներին, հետո ձերբակալեցին Արցախի հերոսներին, հետո «տուշոնկա» գցեցին Արցախի հերոսների գրպանը, մյուս հերոսին էլ ՀԱՊԿ-ից հետ կանչեցին: Հետո սկսեցին Դուշանբեում один-один տետ-ա-տետ խաղեր տալ, հետո ասացին՝ Ալիևը կառուցողական ու կիրթ է, սա էր լինելու»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով՝ այդ մարդկանց համար կարևորը պաշտոնն է ու փողը:

Նրա կարծիքով՝ ժողովուրդն իր փողոցային պայքարով այդ մարդկանց տեղը պետք է ցույց տա, պետք է համախմբվել:

«Սա գծագրված սցենար է… Ասում է՝ 88-ի Արցախյան շարժմամբ կորցրին Դաշտային Ղարաբաղը… Հայաստանի 3-րդ Հանրապետությունը 88-ի ծնունդ է: Չլիներ այն, չէր լինի ՀՀ-ն, անկախ Հայաստանը: Նախիջևանում շարժում եղե՞լ է, որ Նախիջևանը հայաթափվեց…»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ աշխարհի բոլոր հզորները հաշվի են նստում այն պետությունների հետ, ովքեր «թասիբ ու նամուս» ունեն ու «չեն կզում» հարվածների տակ:

«Կարող է՝ իրենք իրենց երեխեքին Պետրոս Գետադարձի, Վասակ Սյունու, Մելիք Շահնազարի դավաճան օրինակով են դաստիարակել, մենք մեր երեխաներին դաստիարակել ենք մեր 30-ամյա Արցախյան հերոսամարտի հերոսների օրինակով»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս