«Ի տխրություն գործող քաղաքական ուժի՝ մենք միջազգայնորեն վիճարկում ենք «Նոյեմբերի 9-ի» փաստաթղթի ընդունման իրավականությունը»․ Սիրանուշ Սահակյան

«Գերիներին վերադարձնելու իրավական կոմպոնենտից հրաժարվելու կարիքը չեմ տեսնում, հակառակը՝ դրանք լուրջ հակակշիռ են քաղաքական գործընթացներում հայկական կողմի ձախողումներին: Պարզապես երկու մաս կար, և առաջինն այն էր, որ հնարավոր լիներ լուծել գերիների խնդիրը անհապաղ միջոցների շրջանակում, երբ, օրինակ, միջազգային դատական ատյանները մինչև հարցի վերջնական լուծումը Ադրբեջանից կպահանջեին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին: Ընդորում, դրա նախադեպը ՄԻԵԴ-ում կար առնվազն Նավալնիի գործով»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

Նույն համատեքստում, ըստ նրա, ՄԻԵԴ-ը հանդես եկավ պահպանողական դիրքերից՝ ասելով, որ հարցը դուրս է իր իրավասության շրջանակներից, և այս վաղ փուլում Ադրբեջանից կարող է պահանջել ռազմագերիների անվտանգային միջոցառումները բարձրացնել, նրանց բժշկական օգնություն ու փաստաթղթեր տրամադրել, սակայն չի կարող պահանջել նրանց ազատ արձակել, որովհետև դա կապված է հարցի վերջնական լուծման հետ:

«Սակայն ՄԻԵԴ-ը մեզ համար շարունակում է մնալ կենսունակ դատական, իրավական մեխանիզմ, քանի որ միայն ՄԻԵԴ-ի դատական ակտի հիման վրա կարող ենք ապահովել հայ գերիների վերադարձը, եթե քաղաքական ճանապարհով հանգուցալուծում չլինի: Պարզապես 2 տարի կպահանջվի, մինչև առաջին գործերով դատական ակտեր ունենանք»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Նրա խոսքով, սակայն, ՄԻԵԴ-ը միակ դատական ատյանը չէ, և այս խնդիրը բարձրաձայնվեց նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, որի հեղինակությունն ավելի բարձր է:

«Այստեղ հանդես է գալիս բացառապես պետությունը, և հայկական կողմը «Խտրականության բոլոր ձևերի վերացման» կոնվենցիայի շրջանակներում բարձրաձայնեց նաև գերիների վերադարձի խնդիրը, և այստեղ կար մերժման հավանականություն, որի քաղաքական հետևանքներն են ծանր»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը՝ շեշտելով՝ այս ատյանի մերժումից հետո հարցն իրավական մակարդակով համարվեց սպառված:

Ըստ նրա՝ միակ հնարավոր դրական ճանապարհը քաղաքականն է, և մեծ ծանրություն փոխանցվեց քաղաքական հարթակին:

«Այստեղ Ադրբեջանն ավելի լավ դիրքավորվեց, քանի որ շատ պարզ փաստարկ կարող է ներկայացնել՝ ուզեք թե չուզեք, պետք է մեր պահանջները բավարարեք ձեր գերիներին վերադարձնելու համար, քանի որ դուք սպառել եք այլ միջոցները, և նույնիսկ իրավունքը չի կիսում ձեր դիրքորոշումը»,- ասաց Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ քաղաքական բացասական հետևանքն այն է, որ ռազմագերիների խնդրով մեծացել է կախվածությունն Ադրբեջանից:

Սիրանուշ Սահակյանը կարծում է՝ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած իրավաբանների թիմը պետք է քննարկման առարկա դարձներ՝ տակտիկապես այդ փուլում նպատակահարմա՞ր էր գերիների անհապաղ վերադարձի հարցի բարձրաձայնումը Խտրականության կոնվենցիայի համատեքստում, և ի՞նչ քաղաքական նախադրյալներ կային, որոնք խոսում էին հօգուտ հայկական կողմի:

«Ես, անկեղծ ասած, վստահ չեմ, որ այդ ռիսկերի գնահատումը եղել է համակողմանիորեն, և պատշաճորեն հաշվի են առնվել աշխարհաքաղաքական և այլ իրողությունները»,- ասաց նա:

Միջազգային իրավունքի մասնագետը նկատում է՝ գերիների անհապաղ վերադարձի հարցն իր կարծիքով էլ այնքան էլ չի տեղավորվում նշված կոնվենցիայի շրջանակում, և դժվար է հիմնավորել, որ գերիների պահումը պայմանավորված է էթնիկ պատկանելությամբ, և միգուցե այս խնդիրն ավելի տեղավորելի էր Պատանդառության կոնվենցիայի շրջանակներում:

«Ուստի կառավարությունը կարող էր քննարկման առարկա դարձնել, որ այս գործընթացում հարցը չբարձրաձայնվի, իրավական մահակի սպառնալիքը պահվի և շահարկվի քաղաքական գործընթացում, և միգուցե Պատանդառության կոնվենցիայի շրջանակում հիմնավորվի պատանդ լինելը և որպես կյանքի և ֆիզիկական անձեռնմխելիության բացառիկ միջոց՝ պահանջվի անհապաղ ազատելը»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Անդրադառնալով միջազգային գործընկերների արձագանքին՝ Սիրանուշ Սահակյանը նշեց, որ այդտեղ կա երկու գործոն՝ աշխարհաքաղաքական, որտեղ հայկական գործոնը փոքր է, և պահանջատիրական:

«Հայաստանի իշխանությունները Ադրբեջանին պատժելու պահանջարկ առհասարակ չձևավորեցին, և հակառակը՝ ձևավորեցին Ադրբեջանի իշխանություններին գովաբանելու, նրանց վարկանիշը բարձրացնելու քաղաքական գիծ»,- ասաց նա:

Ըստ իրավապաշտպանի՝ դրանով նրանք ազդարարում էին աշխարհին, որ այլ երկրների կամ կառույցների միջամտությունն ավելորդ է, և դա կվնասի երկկողմանի դրական հարաբերությունների զարգացմանը:

«Այս պայմաններում որևէ երկիր իր հարաբերությունները վտանգի տակ չի դնի Ադրբեջանի հետ, եթե դա կարևորված չէ Հայաստանի իշխանությունների համար»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները շահագրգռված չեն, որ միջազգային հանրությունը պատշաճ արձագանքի Ադրբեջանի գործողություններին, և սա փոխհամաձայնեցված գործելակերպ է:

«Նույնիսկ Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող շատ հարցեր համաձայնեցվում են ադրբեջանական, թուրքական, չեմ բացառում՝ որոշ հարցեր՝ ռուսական և նաև արևմտյան երկրների հետ: Հայաստանի արտաքին քաղաքականությունը ենթարկվում է ազդեցության ազդեցիկ երկրների կողմից, որոնք Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգ բերում են ապազգային շահեր»,- ասաց Ս․ Սահակյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ չեն խոսում ՄԻԵԴ-ում քննվող «Հայաստանն ընդդեմ Թուրքիայի» գործի մասին, միջազգային իրավունքի մասնագետն ասաց, որ դա արվում է նպատակային կերպով:

«Իհարկե, կար և կան իրավական նախադրյալներ Թուրքիայի դեմ գործեր ներկայացնելու: Այդ իրավական հնարավորությունն օգտագործվել է միջպետական գանգատի շրջանակներում: Ես, անկեղծ ասած, զգուշավորություն կցուցաբերեի և դա կապրոբացնեի անհատական գանգատի շրջանակներում, որովհետև եթե անհատական գանգատի շրջանակներում մենք անգամ պարտություն ունենանք, դա անձ-պետություն հարաբերություն է, և մենք չեզոքացնում ենք քաղաքական բացասական հետևանքները»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Նրա խոսքով՝ առաջին անգամ, սակայն, միանգամից ընտրվեց Հայաստան-Թուրքիա գանգատի ներկայացումը, որը հիմնավոր դիրքերից հանդես գալու պարագայում իսկապես հրաշալի նախաձեռնություն է:

«Սակայն ես արդեն տեսնում եմ բացասական ազդակներ համեմատական ճանապարհով: «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով կիրառվեց միջանկյալ միջոց: Նույնը կիրառվեց Թուրքիայի պարագայում, սակայն Թուրքիան նոտա ուղարկեց Եվրոպական դատարանին, իր անհամաձայնությունը հայտնեց անհապաղ միջոցի առնչությամբ, նշեց, որ դրա հիմքերը գոյություն չունեն, ու վիճելի դարձրեց հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիային ուղղված որևէ միջոց: Եվ քննարկումներից կարճ ժամանակ անց ՄԻԵԴ-ը վերացրեց Հայաստանն ընդդեմ Թուրքիայի գործով կիրառված միջոցը»,- ասաց իրավապաշտպանը:

Սիրանուշ Սահակյանը խոսեց նաև ՄԻԵԴ-ում ընթացող այլ տարաբնույթ զարգացումների մասին:

«Օրինակ, «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի», «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործերն ուղարկվել են Մեծ Պալատին, իրավազորության զիջում է տեղի ունեցել, մինչդեռ «Հայաստանն ընդդեմ Թուրքիայի» գործը, որն իրավական առումով ավելի բարդ է, թողնվել է սովորական Պալատի քննարկմանը: Դատարանի գործունեության քաջածանոթ մարդիկ իմաստավորում կտան այս փոքրիկ զարգացումներին և կտեսնեն, որ թուրքական նախատրամադրվածությունը չափազանց ազդեցիկ է: Եվ եթե նախատրամադրություններն այսպիսին են, մենք՝ մասնագետներս, առնվազն շատ բարձր ենք գնահատում այդ հայցը կորցնելու հավանականությունը»,- ասաց մասնագետը՝ հավելելով, որ իշխանությունները սա չեն ցանկանում հանրային լայն քննարկման առարկա դարձնել բացասական ռեզոնանսը կառավարելի դարձնելու համար:

Սիրանուշ Սահակյանը վատ լուր ուներ ՀՀ իշխանությունների համար:

«Ի տխրություն գործող քաղաքական ուժի՝ մենք նաև միջազգայնորեն վիճարկում ենք «Նոյեմբերի 9-ի» փաստաթղթի ընդունման իրավականությունը: Վստահ եմ, որ պետությունը նման գործընթաց չի նախաձեռնի, քանի դեռ մեզ մոտ փոփոխություններ չեն եղել, բայց անհատական գանգատները ևս առնչվում են նմանատիպ խնդիրների:

Եվ մենք ունենք ռազմավարական գործ, որտեղ միջազգայնորեն բարձրաձայնում ենք նոյեմբերի 9-ի փաստաթղթում թույլ տրված սահմանադրական կոպիտ խախտումները… Եվ շատ հետաքրքրական է լինելու, որովհետև այդ գործով կողմ է ոչ միայն Ադրբեջանը, այլև ՀՀ-ն: Եվ մենք մեր հանրության հետ ուրախությամբ կկիսվենք, թե Հայաստանի Հանրապետությունը ինչպիսի դիրքորոշում է հայտնելու՝ արդյո՞ք պաշտպանելու է Նոյեմբերի 9-ի հայտարարությունը»,- եզրափակեց Սիրանուշ Սահակյանը

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս