Ղարաբաղյան հարցի շուրջ ՌԴ-Արևմուտք նպատակների անհամաձայնեցում կա միայն մեկ հարցի շուրջ. Բենիամին Պողոսյան
Մինչ փորձագիտական հանրությունը քննարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շուրջ ստեղծված իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն անցնում են ուղիղ երկխոսության: ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ՝ ապրիլի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
«Նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում:
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտնել էր, որ նախարարները մտքեր են փոխանակել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման, hամատեղ սահմանային հանձնաժողովի կազմակերպման և հումանիտար հարցերի շուրջ՝ երկու երկրների ղեկավարների միջև պայմանավորվածությունները շարունակելու շուրջ։
Եվրամիությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև շփումները: Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր թվիթերյան միկրոբլոգի էջում գրել է.
«Կարևոր զարգացում անցած շաբաթվա բրյուսելյան հանդիպումից հետո. Եվրամիությունն աջակցում է անմիջական շփումներին և ներգրավվածությանը»: Հիշեցնենք նաև, որ ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյն այցելեց Երևան, և Ֆրանսիան հայտնեց իր հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափին:
168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Բենիամին Պողոսյանը փորձեց պարզաբանել, թե ի՞նչ է կատարվում բանակցային գործընթացում:
Նրա խոսքով՝ փաստացի ներկայումս չի գործում ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը, որպես այդպիսին, այն փետրվարի 24-ից հետո «դիահերձարանում» է, բայց Արցախյան 2020 թվականի պատերազմից հետո արդեն համանախագահությունն ինքնին վերակենդանացման բաժանմունքում էր, քանի որ պատերազմի ավարտին երկու համանախագահներն էական դերակատարություն չունեցան, և միայն ՌԴ-ն էր, որը միջնորդական դեր ստանձնեց և արդյունքում՝ նոյեմբերի 10-ի հայտարարությունը ստորագրվեց:
Սակայն, Պողոսյանի խոսքով, եթե չկա համանախագահություն, չի նշանակում, որ չկան համանախագահներ, որովհետև զուտ իրավական առումով ԵԱՀԿ-ն է ստեղծել թե Մինսկի խումբը, թե ԵԱՀԿ-ն է հաստատել համանախագահության մանդատը 1995 թվականի մարտին, հետևաբար՝ համանախագահները կան և որպես համանախագահներ՝ առանձին կշարունակեն գործել:
«Մարտի վերջին այստեղ էր ՌԴ համանախագահը, բայց միայն Ռուսաստանի համանախագահը, 2-3 օր առաջ այստեղ էր Ֆրանսիայի համանախագահը, չեմ բացառում, որ որոշ ժամանակ անց ամերիկացի համանախագահը կգա: Հետևաբար՝ եկեք ֆիքսենք, որ համանախագահությունը, որպես խումբ, այլևս չկա, կազմալուծված է, սակայն համանախագահներ, որպես առանձին պետությունների ներկայացուցիչներ, կշարունակեն իրենց աշխատանքը և կշարունակեն գնալ-գալ, սակայն դա երկկողմ ձևաչափ է, այսինքն՝ այս առանձին այցերը պետք է դիտարկել երկկողմ հարաբերությունների համատեքստում»,- ասաց վերլուծաբանը:
Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան Խաղաղության պայմանագրի հետ կապված իրավիճակին, ապա, միջազգայնագետի խոսքով, հստակ է, որ սկսել են Խաղաղության պայմանագրի շուրջ նախապատրաստական աշխատանքները, մեկնարկը տրվեց 2022 թվականի մարտի 30-ի հանդիպմամբ Բրյուսելում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի և Արդբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդականի միջև, այսինքն՝ գործընթացը սկսվել է:
«Երեկ կայացած հեռախոսազրույցն այդ պրոցեսի երկրորդ քայլն է, կլինի երրորդ քայլ: Որքանով ես եմ պատկերացնում, Անվտանգության խորհրդի քարտուղար-նախագահ Ալիևի օգնական-խորհրդական հանդիպումները լինելու են շարունակական բնույթի, այսինքն՝ այդ պրոցեսը սկսված է, որոնք միտված են նախապատրաստել Խաղաղ բանակցությունների մեկնարկը, և այս բանակցություններում արդեն միջնորդներ կան: Ի վերջո, Անվտանգության խորհրդի քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի խորհրդականը հանդիպեցին Բրյուսելում և հանդիպմանը մասնակցել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Ապրիլի վեցին Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Շառլ Միշելի միջնորդությամբ, դրան նախորդել էին նրանց զրույցները նախագահ Պուտինի հետ, ապրիլի 6-ից հետո երկուսն էլ հեռախոսազրույցներ ունեցան նախագահ Պուտինի հետ, այսինքն՝ սկսված է երկկողմ աշխատանք Խաղաղության բանակցությունների մեկնարկը նախապատրաստելու ուղղությամբ, սակայն այդ երկկողմ աշխատանքներում ներգրավված են տարբեր միջնորդներ, տվյալ պարագայում՝ ավելի ակտիվ. ա՝ Եվրամիություն, բ՝ Ռուսաստան, կամ՝ հակառակը»,- ասաց Բենիամին Պողոսյանը:
Հարցին, թե բանակցային գործընթացի շուրջ հնարավո՞ր են ՌԴ-Արևմուտք հակասություններ, վերլուծաբանը պատասխանեց, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ ԵՄ-ն հակված են գոնե հայ-ադրբեջանական հարաբերություններում տեսնել կայունություն:
Նրա գնահատմամբ՝ այստեղ երկուսի շահերը համընկնում են նույնիսկ, եթե միջնորդություններն առանձին, սեպարատ ուղղություններով են ընթանում:
«Սակայն, իմ գնահատմամբ, կա նպատակների անհամաձայնեցում ռուս խաղաղապահների՝ Արցախում մնալու հարցի շուրջ: Արևմուտքը ցանկանում է, որ եթե ռուսները ոչ ամբողջությամբ դուրս գան, գոնե չլինեն միայն ռուսներ, այլ, որ դա լինի միջազգային առաքելություն, որտեղ կարող են լինել ռուսներ ու այլազգիներ, կամ այլազգիներ՝ առանց ռուսների: Բնականաբար, Ռուսաստանն այս ցանկությունը չի կիսում, որովհետև իր զորքերի առկայությունն Արցախում դիտարկում է՝ որպես ճնշման լծակ, ընդ որում, առաջին հերթին՝ Ադրբեջանի նկատմամբ, և հասկանում է, որ եթե X թվով ռուսների փոխարեն՝ այնտեղ լինեն երկու անգամ պակաս ռուսներ և X թվով ավստրալացիներ, ֆիններ կամ այլ պետության ներկիայացուցիչներ, դա էականորեն կնվազեցնի ռուսական լծակն Ադրբեջանի նկատմամբ:
Այսինքն՝ այստեղ կա շահերի բախում: Ռուսները ցանկանում են, որպեսզի միայն իրենք շարունակեն մնալ Արցախում, իսկ Արևմուտքը ցանկանում է, որպեսզի խաղաղապահների առաքելությունը դառնա առնվազն միջազգային»,- ասաց Պողոսյանը:
Նա այն կարծիքին է, որ այս խնդիրն ի հայտ կգա մի դեպքում, երբ խաղաղ բանակցություններն ավարտվեն Արցախի կարգավիճակի շուրջ հայ-ադրբեջանական համաձայնությամբ:
«Եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվում են, որ Արցախը պետք է զուտ մշակութային ինքնավարություն ունենա Ադրբեջանի կազմում իր նոյեմբերի 10-ի սահմաններով, այսինքն՝ առանց Հադրութի շրջանի, Մարտակերտի գյուղերի ու Շուշի քաղաքի, ապա, բնականաբար, հարց կառաջանա, որ եթե կողմերը համաձայնվել են, կոնֆլիկտ չկա, հետևաբար՝ խաղաղապահ առաքելության կարիք չկա»,- ասաց նա:
Սակայն, ըստ վերլուծաբանի, եթե մնացած հարցերում նույնիսկ լինի համաձայնություն, իսկ կարգավիճակի հարցի շուրջ՝ ոչ, ապա դա թույլ կտա ռուսներին ասելու, որ եթե զորքերն Արցախից հանեն, դա ուղիղ ճանապարհ է դեպի երրորդ Արցախյան պատերազմ: