«Փաշինյան, ինչի՞ մասին ես մտածում. այսպիսի գրպանահատություն հայ ժողովուրդը դեռ չէր տեսել». Հրաչ Բերբերյան

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ ֆերմերների հիմնական բողոքները կապված են պարարտանյութի հետ:

«Այսպիսի գրպանահատություն դեռ հայ ժողովուրդը չէր տեսել: Մինչև սուբսիդավորման սկսելը նույն պարարտանյութը շուկայում արժեր 16-18 հազար դրամ, այսօր սուբսիդավորված վրացական պարարտանյութը գյուղացուն առաջարկում են 22-24 հազար դրամով: Որ օրը չարաբաստիկ կազմակերպություններն Էկոնոմիկայի նախարարությունով հաստատվեցին՝ 5-7 հազար դրամով պարարտանյութի գինը բարձրացավ: Այսինքն՝ սուբսիդավորման մասը, որ 9000 էր, դրա 7000-ը էլի գյուղացուց թալանվում է: Պարոն Նիկոլ Փաշինյան, ինչի՞ մասին ես մտածում, այսպիսի գրպանահատություն հայ ժողովուրդը դեռ չէր տեսել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Բերբերյանի խոսքով՝ կառավարությունը պետք է հստակ որոշում ընդուներ՝ յուրաքանչյուր գյուղացու մեկ հեկտարի հաշվարկով որոշակի գումար հատկացներ. «9000 դրամները գյուղացին պետք է ստանար, այսինքն՝ 10 պա՞րկ է օգտագործում՝ մեկ հեկտարի համար, ուրեմն՝ պետք է 90 հազար դրամ գյուղացին ստանար: Սրանք գնացին վարկերի ճանապարհով, ինչպես նախորդ տարի գարու դեպքում արեցին, իսկ նախորդ տարվա գարու մեծ մասը չի ծլել, հիմա էլ նույնը պարարտանյութի դեպքում են անում: Մոտ 22-ից ավելի կազմակերպություններ գրանցվել են Էկոնոմիկայի նախարարությունում, որոնք պետք է պարարտանյութով զբաղվեն. Այստեղ նաև դատախազության հարցը կա, կարծում եմ՝ այն կազմակերպությունները, որոնք գումարները հավաքել են և իրենց պարտավորությունը չեն կատարել, պետք է քրեական գործ հարուցվի»:

Ինչ վերաբերում է ոռոգման խնդիրներին, նա նշեց, որ նախորդ տարի երաշտ չէր լինի, եթե ջրի մի մասը չգնար Թուրքիա. «Այս տարի պետք է որ ոռոգման խնդիր չունենանք: Ջուրը ոչ մի տեղ չի ցնդի, կգնա դեպի ջրամբարներ, եթե ջրամբարների ձագարներն ու հեղեղատարները մաքրած պահեն: 5-7 տարի առաջ ջրի նման խնդիր չունեինք՝ նույն այս ջրամբարների քանակով: Կաթիլային ոռոգման անցնելու դեպքում ջրի 70 տոկոսը տնտեսվում է: Գումարի առումով մենք խոսել ենք մեր իրանցի գործընկերների հետ, վատ գներ չեն առաջարկում, բայց քանի որ մեր ֆերմերներն այստեղ փոքր-փոքր հողակտորներ ունեն, ավելի լավ է սկսել այգիներից»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հիմա արդեն ավելի ակնհայտ է՝ ավանդական գյուղատնտեսությունն ապագա չունի, չունի հեռանկար, որովհետև կա ջրի խնդիր: Հրաչ Բերբերյանից հետաքրքրվեցինք՝ ոռոգման ջրի համակարգը բարելավելու փոխարեն՝ ավանդական գյուղատնտեսությունից հրաժարվելը որքանո՞վ է ճիշտ մոտեցում:

«Իհարկե ճիշտ չէ: Չգիտեմ՝ որ խորհրդականն է նման խորհուրդ տվել, բազմիցս ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը գյուղատնտեսության գծով որևէ խելքը գլխին խորհրդական չունի: Մի խորհրդականն էլ ինձ մոտ գործավար էր աշխատում, սահմանափակ ունակությունները լավ գիտեմ: Այնպես որ, մենք և՛ ավանդական գյուղատնտեսությունը պետք է խթանենք, և՛ օգտագործենք ինտենսիվ տեխնոլոգիաները՝ գյուղատնտեսության մեջ: Միանշանակ բարձր բերքատու այգիներն են շահույթ բերում, այստեղ ինքնարժեքի հարց կա, շուկայի հարց կա, և պետք է գնանք նաև այդ ճանապարհով՝ չմոռանալով մեր ներքին շուկան»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս