
Սաուդյան Արաբիան արտասահմանից մուսուլմաններին թույլատրել է ժամանել հաջի

Սաուդյան Արաբիայի հաջի եւ ումրայի գործերի նախարարությունը կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ արտասահմանից ուխտավորներին թույլատրել է հաջ կատարել այս տարի եւ մեկ միլիոնի հասցնել այն ուխտավորների թույլատրելի թիվը, որոնք կկարողանան այցելել Մեքքայի եւ Մեդինայի սուրբ վայրեր:
Այդ մասին հաղորդել է Սաուդյան նորությունների գործակալությունը՝ վկայակոչելով նախարարությանը: «Ինչպես թագավորությունից, այնպես էլ արտասահմանից մինչեւ մեկ միլիոն ուխտավորների՝ այս տարի հաջ կատարելու թույլատվության որոշումն արտացոլում է հաջի շարունակականությանը նպաստելու Սաուդյան Արաբիայի շահերը, որպեսզի աշխարհի մուսուլմանները կարողանան կատարել հաջի եւ ումրայի արարողությունները՝ այցելելով մարգարեի մզկիթ եւ այլ վայրեր»,-նշվում է հաղորդագրության մեջ: Այս տարի հաջի կկարողանան ժամանել թագավորությունում հավանության արժանացած պատվաստանյութերով լիովին պատվաստված 65-ից ցածր տարիքի անձինք:
Նրանք պետք է ներկայացնեն ՊՇՌ-թեստի բացասական արդյունք, որը կատարվել է թագավորություն մուտք գործելուց առաջ 72 ժամվա ընթացքում: Համավարակի առաջին տարում Սաուդյան Արաբիան թույլատրել էր հաջ կատարել միայն երկրում ապրող մուսուլմաններին՝ նրանց թիվը սահմանափակելով մինչեւ հազար: Անցյալ տարի նույնպես հաջին մասնակցել են միայն թագավորության բնակիչները, թեեւ նրանց թիվը հասել էր մինչեւ 60 հազարի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: