Իշխանության «ոսկե դարը» չսկսված ավարտվեց
Իշխանությունները պահը բաց չեն թողնում խոսելու իրենց կառավարման հաջողությունների մասին։ Ու ամեն անգամ, երբ առիթ է լինում, հիշեցնում են 2019թ., որը համարում են իրենց իշխանության «ոսկե դարը»։ Բայց մոռանում են, որ դրանից հետո էլ է կյանք եղել, որ դրանից հետո կյանքն ու տնտեսական զարգացումներն առաջ գնալու փոխարեն՝ միայն հետ են գնացել։
Մոտենում է «թավշյա» իշխանափոխության ու Նիկոլ Փաշինյանի վարչապետության 4 տարին։ Անկախ նրանից, թե ինչ կասեն իշխանությունները, միանշանակ է, որ այդ տարիները եղել են Հայաստանի համար ամենամռայլ ու կորստաբեր ժամանակահատվածներից մեկը՝ տնտեսության և, ոչ միայն՝ տնտեսության համար։
Իշխանափոխության առաջին տարում տնտեսական աճը մեր երկրում կազմեց 5,2 տոկոս։ Մինչև իշխանափոխությունը՝ տարին մեկնարկել էր 9-10 տոկոս աճով։ Իշխանափոխությունից հետո տնտեսական զարգացումները դանդաղեցին, ու տարեվերջին աճը գրեթե կիսով չափ ավելի ցածր էր, քան տարեսկզբին էր։
Հաջորդ տարին աճը կազմեց 7,6 տոկոս։ Այն բարձր էր նախորդ տարվանից, բայց գրեթե այնքան էր, որքան իշխանափոխությանը նախորդած տարում։
Իհարկե, դա չէր խանգարում, որպեսզի իշխանությունները խոսեին աննախադեպ ձեռքբերումների ու համաշխարհային հաջողությունների մասին։ Չնայած այդ աճի մեջ բուն տնտեսական զարգացումների դերը շատ ցածր էր։
Մեծ բաժին ուներ հատկապես հաշվարկային աճը։ Դա էլ դարձավ այդ տարվա տնտեսական աճի հիմնական գործոններից մեկը։
Մյուս գործոնն էլ տրանսպորտային միջոցների ներմուծման կտրուկ ակտիվությունն էր ու վերաարտահանման աճը, ինչը լրացուցիչ խթաններ էր ստեղծել ծառայությունների ու պետական բյուջեի եկամուտների համար։
Բայց դրանով ամեն ինչ ավարտվեց։ Ավարտվեց նաև այս իշխանության «ոսկե դարը»։
Հաջորդ տարիներին մեր տնտեսության զարգացումները ոչնչով աչքի չեն ընկել։
2020թ. ունեցանք վերջին տարիների ամենամեծ անկումը, հաջորդ տարի էլ 7,4 տոկոս անկումից հետո գրանցվեց 5,7 տոկոս աճ։ Ավելի քիչ, քան նախորդ տարվա անկումն էր։
Այդ 2 տարվա տնտեսական զարգացումների արդյունքը զրոյից ցածր էր։
2020-2021թթ. իշխանության ձեռքբերումը տնտեսության մեջ եղել է այն, որ միջին տարեկան գրանցվել է 0,85 տոկոս անկում։
Այդքանից հետո ռիսկի տակ է նաև հերթական տնտեսական տարին՝ կապ չունի, որ իշխանությունները 7 տոկոս տնտեսական աճ են խոստացել։ Խոստումներ այս իշխանությունները, ինչքան ուզես՝ տվել են. հայտնի է, թե դրանք ինչքանով են կատարվել։ Այս անգամ էլ չեն կատարվի։ Այդպես մտածելու բոլոր հիմքերը կան։ Դա մենք չենք հորինում, մասնագիտացված միջազգային ու տեղական կազմակերպություններն են ասում։ Ու եթե իրականանան նրանց կանխատեսումները, կստացվի, որ երեք տարի մեր տնտեսությունը ոչ մի զարգացում չի ապահովել։
Նախորդ երկու տարիների տնտեսական աճի հանրագումարը -1,7 տոկոս է։ Դրսի ու ներսի կառույցների գնահատումներով՝ տնտեսական աճի այս տարվա սպասումը 1,5 տոկոսի սահմաններում է։
Նույնիսկ ավելի քիչ, քան նախորդ երկու տարվա համախառն կորուստը։ Այսինքն՝ դրանից հետո էլ մեր տնտեսությունը դեռևս 2020թ. կորուստները չի վերականգնի։
Երեք տարում կունենանք զրոյական արդյունք ու տնտեսական աճ։ Եվ այդ պարագայում՝ առնվազն 2-2,5 մլրդ դոլարի նոր պարտքեր։
Միայն 2020-2021թթ. այս իշխանությունները մեր երկրի պարտքն ավելացրել են 1,9 միլիարդով։ Այս տարվա հունվար-փետրվարին՝ ևս 100 միլիոնով։
Բայց դա միայն սկիզբն է։ Մինչև տարեվերջ նախատեսվում է պարտքն ավելացնել ևս մի քանի հարյուր միլիոնով։
Եվ դա՝ դեռ այն սցենարի դեպքում, որը դրված է պետական բյուջեում։ Տնտեսական իրավիճակի վատացումը սպառնալիք է պետական ֆինանսների համար։ Խնդիրը լուծելու հեշտ ձևը իշխանությունները վաղուց գտել են՝ պատրաստ են նոր պարտքեր ներգրավել, ինչպես արել են մինչև հիմա։
Զարմանալի չէ, որ իրենց գոյության ընդամենը 4 տարվա ընթացքում պետական պարտքը հասցրել են ավելացրել գրեթե 2,6 մլրդ դոլարով։ Աճը 38 տոկոս է։
Նախորդ 3 նախագահների իշխանության տարիներին մեր երկիրը կուտակել էր 6,7 մլրդ դրամի պարտք։ Միայն Նիկոլ Փաշինյանի վարչապետության 4 տարում՝ 2,6 միլիարդի պարտք։
Հիմա պատկերացրեք՝ 28 տարում՝ 6,7 միլիարդ, չորս տարում՝ 2,6 միլիարդ։
Ու այդ պարագայում մեր տնտեսության աճը 4 տարվա հանրագումարում կազմել է ընդամենը 11 տոկոս։ Մի քանի անգամ ավելի ցածր, քան եղել է պարտքի աճի տեմպը։
Տնտեսական այս իրավիճակի հետևանք է նաև այն սոցիալական միջավայրը, որում հայտնվել ենք։ Չնայած ներգրավված մեծ քանակությամբ վարկային ռեսուրսներին, հասարակ քաղաքացու կյանքը մեր երկրում գրեթե չի բարելավվել, եթե նույնիսկ չասենք, որ հետ է գնացել։
Չորս տարում հիմնական կենսաթոշակն իշխանությունները բարձրացել են 10 տոկոսով, ինչը համարժեք է ընդամենը 3 հազար դրամի։ Նույնը՝ նաև նպաստները։ Այն դեպքում, երբ միայն անցած տարի գնաճը կազմեց 7,2 տոկոս, սննդամթերքինն էլ՝ 13 տոկոս։ Այս տարի էլ գտնվում ենք բարձր գնաճի տիրույթում, ու կրկին թոշակների և նպաստների բարձրացում չի եղել։
Միայն սա բավական է ասելու, որ այս մարդկանց կյանքի պայմաններն իշխանափոխությունից հետո վատացել են։ Չենք հաշվում նույնիսկ 2018-2020թթ. գնաճի ազդեցությունը։ Խոսքը ոչ թե հազարների կամ տասնյակ-հազարների, այլ հարյուր-հազարավոր քաղաքացիների մասին է։
Հիշեցնենք, որ կենսաթոշակառուների ու նպաստառուների թիվը մեր երկրում հասնում է 600 հազարի։
Եվս շուրջ 200 հազար գործազուրկ կա։
Ու դեռ չհաշված այն աշխատող քաղաքացիներին, որոնց աշխատավարձերը վերջին չորս տարիներին չեն բարձրացել կամ ավելի քիչ են բարձրացել, քան արձանագրված գնաճն է։ Այդ մարդիկ էլ շարունակել են աղքատանալ ու համալրել աշխատող աղքատների շարքերը։
Վերջին տվյալներով, բնակչության շուրջ 48 տոկոսի եկամուտները գտնվում են աղքատության վերին գծից ներքև, այն էլ՝ 2020թ. դրությամբ։ Բայց աղքատությունը մեր երկրում մեծ տեմպերով խորացավ հատկապես անցած տարի։ Կխորանա նաև այս տարվա ընթացքում, ու կասկած չկա, որ կանցնի 50 տոկոսից։
Այսքանից հետո, ահա թե որն է իշխանության սփոփանքը. «Սիրելի հայրենակիցներ, պիտի իմանաք աներկբա, ինչպես նախկինում, այսօր առավել ևս՝ ձեր բոլոր ցավերը մեր սրտում են, ձեր բոլոր կարիքները մեր մտքում են, ձեր բոլոր երազանքները մեր հոգում են»։
Այսպիսի խոսքերով ժամանակին Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, այսօր էլ նույն խոսքերով շարունակում է կերակրել հասարակությանը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ