Հարցումները՝ ընդդեմ իշխանական խաղաղության օրակարգերի

«Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը չի ցանկանում կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ». ահա այս ձևակերպումը կունենար արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, եթե հիմք ընդուներ սոցիոլոգիական իրական հետազոտությունների արդյունքները:

Իսկ նմանատիպ հետազոտություն օրերս իրականացրել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ընկերությունը:

Պարզվում է՝ Հայաստանում 1002 հարցվածների 68 %-ը դեմ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը. 68 տոկոսից 59.3 տոկոսը միանշանակ դեմ է արտահայտվել հայ-թուրքական օրակարգին:

Մեր քաղաքացիները թերահավատ են նաև հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի հանդեպ.  հետազոտության արդյունքներով՝ հարցվածների 57.2 %-ը չի կարծում, որ ՀՀ ներկա իշխանություններն ունակ են ՀՀ և Լեռնային Ղարաբաղի շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Ավելին՝ Արցախում ստեղծված լարված իրավիճակի համար հարցվածները մեղավորների շարքում դիտարկում են  Ադրբեջանը 43.8 տոկոս և ՀՀ իշխանություններին՝ 27 տոկոս:

Ի դեպ, հարցմամբ տեղեկանում ենք նաև, որ վարչապետ Փաշինյանի ռեյտինգն է անկում ապրել.  47.7 տոկոսը բացասական է գնահատել վարչապետի գործելաոճը:

Նկատենք՝ ժամանակին, երբ Փաշինյանի վարկանիշը, ըստ GALLUP-ի հարցումների, բարձր էր, իշխանական ու մերձիշխանական շրջանակներն ակտիվ տարածում էին հարցման արդյունքները:

Տեսանյութեր

Լրահոս