«Բրյուսելյան հանդիպումը հետևյալի մասին էր՝ ափալ-թափալ եկեք տարածքային ամբողջականության հարցը լուծենք, մեզանից ձեզ ինչ պետք է՝ ստացեք». Աննա Մկրտչյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին որևէ բան չի խանգարում ուրանալ հայկական շահը, լինի Բրյուսելում թե Մոսկվայում։
«Հայտարարությունը, որն իրենք տարածել են Բրյուսելից, հենց սրա մասին է խոսում՝ չկա Արցախ, գոյություն չունի հայկական շահ։ Այնտեղ, իմ կարծիքով, հետևյալն է՝ ափալ-թափալ եկեք տարածքային ամբողջականության հարցը լուծենք, ափալ-թափալ եկեք տեսեք՝ մեզանից ինչ է ձեզ պետք՝ ստացեք։ Խոսում են հայելային հետքաշման մասին, երբ մենք տեսանք, թե ինչ հետևանքների է բերում հայելային հետքաշումը։ Կամ ինչ հայելային հետքաշում՝ եկել մխրճվել են մեր տարածք, մենք ասում ենք՝ մենք էլի հետ կգնանք, դուք առաջ եկեք։ Բրյուսելյան հանդիպումը սրա մասին էր»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Աննա Մկրտչյանը։
Ըստ նրա՝ նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթղթի մասին որևէ մեկը տեղյակ չէր՝ ստորագրել է գիշերով։ Մինչդեռ մինչև նոյեմբերի 8-ը հայկական կողմը հաղթում էր, Շուշիի ինքնապաշտպանությունն էր կազմակերպում, գեներալների կոչումներ էին բաժանում, հետո պարզվեց, որ այդ ամենը սուտ է։
«Ես մեծ հույս ունեմ, որ մեր հասարակությունը դրա հետ չի հաշտվի, մեր բազմահազարանոց հավաքը դրա ապացույցն էր։ Հույս ունեմ, որ այդ թվերը կկրկնապատկվեն, և այն հասարակությունը, որտեղ արդեն կա օբյեկտիվորեն ձևավորված անհանդուրժողականություն այս դավաճանների նկատմամբ, կունենա իր արտացոլումը նաև հանրային կյանքում»,- հավելեց Ա. Մկրտչյանը։
Ըստ նրա՝ իշխանության գործուղումները սկսվում ու ավարտվում են Բալիով։ Եվ այս համատեքստում կա հիմնավոր կասկած, որ նրանք չեն հիշում ոչ ռազմագերիներին, կամ էլ մի քանի ռազմագերիներ բերում ու կալանավորում են, որպեսզի նրանք հայ հասարակությանը որևէ բան չասեն։
Ինչ վերաբերում է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, որ եթե հայկական կողմը սահմանազատում ու սահմանագծում չի ուզում, ուրեմն՝ պետք է բանակ ունենա, Աննա Մկրտչյանը նկատեց. «Եթե Սամվել Բաբայանը հայրենիքի զգացողություն ունենար, չեմ հասկանում, թե ինչ գործ ունի Նիկոլի կողքին»,- եզրափակեց Աննա Մկրտչյանը։