«Նիկոլը բարձրացել է մահվան արահետը, ժողովրդին էլ է ուզում բարձրացնի, պետք չի՛․․․»․ Արցախից տեղահանվածները նստացույց հայտարարեցին
Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով իրենց հայրենի հողից՝ Հադրութից, Շուշիից տեղահանված բնակիչներն այսօր հավաքվել էին Հանրապետության հրապարակում և բողոքի ակցիա իրականացրել։
«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ, Հադրութի բնակիչ Լևոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ստորագրահավաք են սկսել, և շուրջ 2000 մարդ միացել է իրենց պահանջին, իսկ թե ո՞րն է իրենց հիմնական պահանջը, ասաց․
«Մեր պահանջն է՝ առաջին հերթին վերադառնալ հայրենիք՝ Հադրութ, Շուշի․․․ Հադրութը մոռանալ չտալու համար․ Ես որ ասում եմ՝ Հադրութ, միշտ հասկացեք, որ Քարվաճառը, Քաշաթաղը, Շուշին, և Մարտունու մի քանի տեղահանված բնակիչների անունից եմ աշխատում խոսել, մենք պետք է վերադառնանք մեր հայրենիք, իսկ վերադառնալու համար պետք է համայնքը պաշտպանենք, իսկ համայնք պահպանելու համար պետք է իրար գլխի հավաքված լինենք։ Եթե այժմ մեզ Արցախ չեն վերադարձնում, Հայաստանում մեզ համար պետք է համայնք սարքեն, այնտեղ ապրենք, որպեսզի մեր երեխաներին, մեր թոռներին էլ բացատրենք, որ պետք է վերադառնան Հադրութ։ Եթե մենք ցրվենք այնպես, ինչպես 90-ականներին գաղթած շահումյանցիներն են ցրվել, մենք մեր հայրենիքը չենք տեսնելու այլևս․․․»։
Տեղահանված հադրութցի տղամարդու խոսքով՝ դիմել են տարբեր գերատեսչությունների, Հայաստանում գործող տարբեր երկրների դեսպանատների, սակայն 0 արձագանք, իսկ ՀՀ ԱԳՆ-ից գրավոր պատասխանել են, որ իրենց հարցերով չեն կարող զբաղվել։ Լևոն Հայրյանն ասաց, որ այսօր գնալու են Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ և նստացույց իրականացնեն և հանդիպում պահանջեն։
Անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ երեկ տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպմանը, որի ժամանակ որևէ խոսք չի եղել Արցախի խնդրի վերաբերյալ, փոխարենը՝ հիմնական շեշտադրումը եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքները, Լևոն Հայրյանն ասաց, որ իրենք, այսպես թե այնպես, որևէ բան չէին սպաում Նիկոլ Փաշինյանից․
«Այս 4 տարվա ընթացքում Նիկոլը որևէ այցից դրական քայլով վերադարձե՞լ է։ Մոսկվա է գնում, Ֆրանսիա է գնում, որևէ տեղից որևէ դրական բան սպասվո՞ւմ էր, չէ՛ր սպասվում։ Կամ 4 տարվա ընթացքում որևէ բան այս Կառավարությունն արե՞լ է, չի՛ արել։ Այս Կառավարությունը միայն մի բան կարող է անել, դա իր հրաժարականն է, մի բան պետք է հասկանան, որ արդեն ազգին, ժողովրդին վնաս են տալիս, եթե սա չեն հասկանում, չգիտեմ․․․ Պետք է հասկանան, որ այս ժողովրդին չե՛ն կարողանում օգնել, 4 տարի որևէ բան չի եղել, ինչո՞ւ են մտածում, որ հաջորդ 4 տարին կախարդական է լինելու, կարողանալու են մի բան անել։ Պետք է այս մարդիկ հասկանան, որ պետության, ազգի շահն ավելի բարձր է, քան պարզ իշխանական շահը․․․ Նիկոլը բարձրացել է մահվան արահետը, ժողովրդին էլ է ուզում բարձրացնի, պետք չի՛․․․»։
Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ, ևս մեկ անգամ բարձրաձայնեցին իրենց խնդիրները, պահանջները, ապա Հադրութից տեղահանված Լևոն Հայրյանը դիմելով ակցիայի մասնակցիներին՝ ասաց․
«Ժողովո՛ւրդ, շատ եք հարցնում՝ ի՞նչ է լինելու Ղարաբաղի վիճակը, եթե թողնենք մեր իշխանություններին, շատ վատ է լինելու․․․
ՄԱԿ-ը հիմնականում ասում է, որ զբաղվում են մարդասիրական հումանիտար հարցերով, մենք էլ փորձում ենք ՄԱԿ-ին և մնացածներին հասկացնել, որ իսկական հումանիտար օգնությունն այն է, որ ինձ՝ Լևոն Հայրյանիս, տանեն մեր գյուղ, իմ տնկած ծառի տակ նստեմ, աշխատեմ, մարդիկ մեծացնեմ։ Եթե ինձ տանեն Սենեգալ, մի մեծ վիլլա էլ տան, նույնիսկ, եթե Պուտինի յախտայի նման մի յախտա էլ տան, դա չի լինի հումանիտար օգնություն։ Հումանիտար օգնությունն այն է, որ մարդը կարողանա իր զավակին մեծացնի իր օջախում, վերմիշելը չի հումանիտար օգնությունը, մեր գլուխն ուզում են յուղել, որ վերմիշելով, փողով, չգիտես ինչով կարելի է հումանիտար հարցեր լուծել։ Հումանիտարն իմ հասկացողությամբ այն է, որ մարդը կարողանա ապրել այնտեղ, որտեղ ուզում է, այնպես, ինչպես ուզում է, և չհայրենազրկվի․․․»։
Չնայած եղանակային անբարենապաստ պայմաններին, ակցիայի մասնակիցները որոշեցին ՄԱԿ-ի գրասենյակի մոտ նստացույց իրականացնել՝ հուսով, որ իրենց բարձրացրած խնդիրներին պատշաճ արձագանք կլինի։