Արևմուտքը խլում է նախաձեռնությունը Ռուսաստանից. բրյուսելյան հանդիպման աշխարհաքաղաքական կոնտեքստը
Մինչ Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Փաշինյանին ու Ալիևին: Սա վերջին երկու շաբաթների ընթացքում Բլինքենի երկրորդ զանգն է Երևան ու Բաքու: Թեև հեռախոսազրույցների բովանդակության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր, սակայն ակնհայտորեն այդ զանգերը կապ ունեն Բրյուսելում կայանալիք եռակողմ բանակցությունների հետ, որոնք կոորդինացնում է հավաքական Արևմուտքը, մասնավորապես՝ ԵՄ-ն, ԱՄՆ-ը: Ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանի դեմ սկսված արևմտյան տնտեսական աննախադեպ «պատերազմի» ֆոնին կարևոր է հասկանալ ոչ միայն բանակցային տրամաբանությունը Երևանի և Բաքվի միջև, այլև այն աշխարհաքաղաքական նպատակը, որի ներքո կազմակերպվում են այս բանակցությունները:
Նախ՝ տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության փոխանցմամբ՝
- Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճին:
- Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը:
- Մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսության շուրջ:
- Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:
Իլհամ Ալիևն ու ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Շառլ Միշելի միջնորդությամբ կայանալիք հանդիպումը: Իր հերթին՝ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը նշել է, որ հեռախոսազրույցներում պետքարտուղարն ընդգծել է, որ այժմ տարածաշրջանում հետագա էսկալացիայի ժամանակը չէ։ Պետքարտուղարն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա խաղաղ բանակցություններին, այդ թվում՝ Փաշինյանի և Ալիևի՝ ապրիլի 6-ին նախատեսված հանդիպմանը Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի հետ։
Զուգահեռաբար հարկ է նկատել, որ Ուկրաինայում ձգվող պատերազմի ընթացքում կարծես թուրք-ամերիկյան տարաձայնությունները մեղմվում են, որի վառ ապացույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի բանակցություններն էին Անկարայում ապրիլի 5-ին, որից հետո կողմերը հայտարարեցին ռազմավարական մեխանիզմի գործարկման մասին՝ «երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման նպատակով»:
Վերջին երկու ամիսների ընթացքում նկատելի է նաև Արևմուտքի ցանկությունը՝ արագացնել միջուկային համաձայնագրի վերականգնման գործընթացը, տալով ռեգիոնում Իրանին նոր հնարավորություններ, ինչպես նաև իր համար ստեղծելով այլընտրանքներ տարբեր ոլորտներում: Նախորդող ամսվա ընթացքում մանրամասնորեն գրել ենք այն հայ-արևմտյան շփումների մասին, որոնք ակտիվացել էին, այդ թվում՝ շփումներ ՀՀ-ՆԱՏՕ հարթությունում, որին մանրամասնորեն անդրադառնալու ենք առաջիկայում:
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ Արևմուտքը, բնականաբար, ջանում է «խլել նախաձեռնությունը» Հարավային Կովկասում, որտեղ մեծ ազդեցություն ունի՝ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ՝ Թուրքիան: Վերջինիս հետ, ըստ փորձագետի, ԱՄՆ-ը փորձում է կարգավորել հարաբերությունները՝ նրա միջոցով կամ նրա արտոնությամբ իր ազդեցությունը հաստատելու կամ գոնե ռուսական ազդեցությունն էականորեն մեղմելու նպատակով:
Սա այն փուլն է, ըստ միջազգայնագետի, երբ մենք ակնհայտորեն տեսնում ենք, թե իրադարձություններն ինչ ուղիով են գնում, սակայն դրանք չափազանց շարժուն ու անկայուն են, մեծապես կախված նաև պատերազմի արդյունքներից Ռուսաստանի, Ուկրաինայի ու Արևմուտքի համար:
«Ինչպես ավելի վաղ եմ ասել, կրկին այն կարծիքին եմ, որ բավականին ամուր է Թուրքիան, բավականին ճկուն քաղաքականություն է վարում և Ռուսաստանի, և Արևմուտքի հետ, տեսնում ենք, թե ինչպես է Թուրքիային հաջողվում պահպանել հարաբերությունները և Ռուսաստանի, և ԱՄՆ-ի հետ, երբ ողջ աշխարհը փորձում է Ռուսաստանի համար ընդլայնել թշնամի պետությունների ցանկը:
Վերադառնալով ԼՂ հակամարտությանը՝ այո, արևմտյան ակտիվությունն այդ ուղղությամբ պատահական չէ, Արևմուտքը հավակնում է այն դերին, որն ուներ ՌԴ-ն պատերազմի ընթացքում ու դրան հաջորդող ժամանակահատվածում: Սակայն Արևմուտքն այս ընթացքում պետք է կարողանա այնպիսի առաջարկներ անել կողմերին, որպեսզի նրանք սկսեն կարգավորման հաջորդ փուլը, որը երևի թե պետք է վերաբերի Խաղաղության համաձայնագրին, եթե համաձայնեցման գործընթացները ձգձգվեն, ապա արևմտյան միջամտության այս փուլը կարող է նաև լիովին տապալվել: Այսինքն՝ այս փորձերի հաջողության հարցում միանշանակ կանխատեսումներ չեմ կարող անել, քանի որ թե՛ Ղարաբաղյան գործընթացն է անկանխատեսելի՝ բազմաթիվ չհամաձայնեցված հարցերով, թե՛ անկայուն է իրավիճակն Ուկրաինայի շուրջ»,- ասաց Լուկիանովը:
Վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին ևս այն կարծիքին է, որ Արևմուտքը սկսում է ակտիվ աշխատել Հարավային Կովկասում, ինչը մեծապես պայմանավորված է աշխարհաքաղաքական ավելի գլոբալ պրոցեսներով: Ըստ նրա, վերջին մեկ տարվա ընթացքում ԵՄ-ն ու ԱՄՆ-ը մի փոքր ավելի շատ ակտիվություն են ցուցաբերել մեր տարածաշրջանում, սակայն աննախադեպ աշխարհաքաղաքական գործընթացները բերում են նաև աննախադեպ հետևանքներ, որը դրսևորվում է մեծ մրցակցությամբ:
«Իհարկե, պատահական չեն այդ շփումները, նախաձեռնությունները, Արևմուտքը ձգտում է նոր իրավիճակ ստեղծել, Հարավային Կովկասը ռազմավարական, անցումային ռեգիոններից մեկն է, որը չափազանց կարևոր է ԵՄ-ի, ԱՄՆ-ի համար: Գլխավոր թիրախը, իհարկե, Ռուսաստանն է, որի համար նույնիսկ ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությունն է թուլանում, ԱՄՆ-ը Թուրքիային ևս ցանկանում է վերադիրքավորել, ավելի ընդլայնել համագործակցությունը, աշխարհաքաղաքական կոնսենսուսը Ռուսաստանի հարցում, եթե դա տեղի ունենա, ապա Թուրքիան, բնականաբար, ավելի մեծ ազդեցություն կստանա մեր տարածաշրջանում: Սակայն մինչ դա՝ գտնվում ենք գլոբալ տուրբուլենտության զոնայում, և երկրները պարզապես պատրաստվում են նոր իրողությունների սպասվող նոր աշխարհում»,- ասաց նա: