Բանակ պահեք, որ թշնամին ուժի լեզվով չխոսի. Սամվել Բաբայան
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը աշխատանքային այցով գտնվում է Հայաստանի ԱԺ-ում։ Լրագրողների հարցին՝ ի՞նչ կարող է ասել Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմն հանդիպման մասին, Բաբայանը պատասխանեց. «Աշխատանքային եմ եկել, որևէ բան չունեմ ասելու, տեղյակ չեմ»։
Անդրադառնալով պատերազմի արդյունքները քննող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին և հարցին՝ ինչպես է ստացվել, որ ինքը քննիչ հանձնաժողովում է որպես փորձագետ, հաշվի առնելով, որ պատերազմի ժամանակ պաշտոն էր զբաղեցնում, Բաբայանը պատասխանեց. «Ինչքան ես ձեզ բացատրեմ, ես պատերազմի ժամանակ պաշտոն չեմ զբաղեցրել, բանակը չի ենթարկվում Արցախին»։
Իսկ դիտարկմանը, թե թշնամին շարունակում է մեզ հետ ուժի լեզվով խոսել, ի՞նչ սահմանազատման ու սահմանագծման մասին կարող է խոսք լինել, նա արձագանքեց. «Ես ձեզ այն ժամանակ էի ասում՝ բանակ պահեք, որ թշնամին մեզ հետ ուժի լեզվով չխոսի»:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը 2020 թվականի մայիսի 29-ին նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար։ Այդ պաշտոնից հրաժարվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին։