«Մեր աչքի առջև ունենալով վտանգները, պետք է համախմբվենք». Շուշիի քաղաքապետ
Ապրիլի 5-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում հրապարակեց հայտարարություն, որով կոչ արեց ձևավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ։
168.am-ի հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն անդրադառնալով Արցախի ԱԺ հայտարարությանը և առհասարակ համազգային համախմբմանը, նշեց, որ վաղուց էր պետք համախմբվել, սակայն այսօր էլ ուշ չէ, քանի որ ցանկացած ճանապարհով պետք է չեզոքացվի Արցախին սպառնացող վտանգը։
«Երեկ այդ հանրահավաքին մասնակցում էի, գուցե պետք է հանրահավաքներից սկսենք ու համախմբվենք։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Կառավարության վերջին նիստում, ինձ մոտ շատ մտահոգություններ առաջացրեց, քանի որ 2020 թվականի պատերազմից առ այսօր նա երբեք նման կերպ չէր խոսել։ Հետևաբար՝ մեր աչքի առջև ունենալով վտանգները, պետք է համախմբվենք»,- նշեց Արծվիկ Սարգսյանը։
Արդյո՞ք «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցություններ սկսելուց առաջ հայկական կողմը չպետք է բարձրացնի Արցախի տարածքների դեօկուպացիայի հարցը։
Արծվիկ Սարգսյանը պատասխանեց, որ առհասարակ այդ հարցը վերջին շրջանում հայկական կողմից չի բարձրացվում, և խիստ կասկածում է, որ նրանք կբարձրացնեն։
Ըստ նրա, երբ խոսում են խաղաղությունից, այնպես չէ, որ թուրքը դա ուզում է, քանի որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը մշտապես խախտում է։ Սկզբում Թաղավարդն էր, Խծաբերդը, հետո Փառուխն ու Քարագլուխը։
«Վախենամ, որ այսօր կայանալիք հանդիպմանը թշնամին առաջ կքաշի իր նախապայմանները, և դրանք կբավարարվեն»,- հավելեց Արծվիկ Սարգսյանը։
Ի դեպ, Ադրբեջանն արցախյան ցեղատեսակի ձիերին աճուրդով վաճառքի է հանել, մեր զրուցակիցը պատմեց, որ այդ ձիերը թշնամին տարել է Շոշ գյուղի հարակից հատվածից, որտեղ ձիաբուծարան կար։
«Իրենց տարած ձիերից մի քանիսը վերադարձել են, նույնիսկ կենդանիները դրանց հետ չեն կարողանում ապրել»,- եզրափակեց Արծվիկ Սարգսյանը։