Ի՞նչ օրակարգով և ինչո՞ւ էր Էդմոն Մարուքյանը մեկնել Բրյուսել, ու ինչո՞ւ են դժգոհ Բրյուսելում ՀՀ դեսպանատանը

Մինչ Բրյուսելում սպասվող Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը, մարտի 24-ին Բրյուսել այց էր կատարել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

168.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Էդմոն Մարուքյանը մեկնել էր Բրյուսել Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման նախապատրաստությունների օրակարգով: Այս փաստը, մեր աղբյուրների համաձայն, մեծ դժգոհության առիթ է դարձել հատկապես Բրյուսելում ՀՀ դեսպանատանը, քանի որ ակնհայտ է դարձել, որ Նիկոլ Փաշինյանը չի վստահել այդ գործը տեղի դեսպանությանը, և Էդմոն Մարուքյանը գործուղվել է որպես հատուկ բանագնաց՝ այս այցի հետ կապված որոշ հարցեր քննարկելու և կազմակերպելու համար:  Ի դեպ, նույն աղբյուրների փոխանցմամբ՝ եռակողմ  հանդիպման օրակարգից տեղյակ չէ անգամ Եվրամիությունում ՀՀ դեսպանատունը:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ այցի մասին պաշտոնապես հաղորդել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: Մարտի 24-ին Մարուքյանի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության համաձայն, Բրյուսելում հավաքվել են Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի («ALDE») քաղաքական ուժերի ղեկավարները, որին մասնակցել է նաև Մարուքյանը:

«Բնականաբար, բոլորի մտահոգությունն ու առաջնային քննարկման առարկան ռուս-ուկրաինական պատերազմն է, իսկ մեր պարագայում, բացի նշված ընթացող պատերազմից, օրակարգում են Արցախյան հակամարտության նոր դրսևորումները: Ադրբեջանի կողմից գազային տեռորի միջոցով Արցախում էթնիկ զտումների քաղաքականության շարունակությունը, ինչի ուղիղ հետևանքն է Արցախում արդեն մի քանի օր շարունակվող հումանիտար աղետը, Ադրբեջանի իշխանությունների թշնամական գործողություններն ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության, հայ ռազմագերիների վերադարձի հարցը: Եվ այս ամենը մեկ անգամ ևս միջազգային հանրությանն ապացուցում է այն իրողությունը, որ Ադրբեջանը երբեք չի հարգի և առավել ևս չի ապահովի Արցախի ժողովրդի իրավունքները։ Նշված հանգամանքները քննարկելու նպատակով մի շարք հանդիպումներ եմ ունենալու ինչպես Եվրախորհրդարանի «Renew Europe» խմբի առաջնորդների, այնպես էլ  «ALDE» դաշինքի ԵՄ երկրների կուսակցությունների առաջնորդների և կարծիք ձևավորող այլ ինստիտուտների և ուժերի ներկայացուցիչների հետ»,- գրել էր Էդմոն Մարուքյանը։ Ստացվում է, որ այցն ունեցել է ինչպես պաշտոնական, այնպես էլ փակ հատված, ինչպես նշում են մեր աղբյուրները:

168.am-ը կապ հաստատեց ԼՀԿ ղեկավար, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հետ, ով նախ նշեց, որ ներկայումս հարցազրույցներ չի տալիս: Այս այցի առնչությամբ նա ուշադրություն հրավիրեց արդեն իսկ տարածված մամուլի հաղորդագրության վրա:

«Ես գնացել եմ՝ որպես կուսակցության ղեկավար, ինչը հաղորդագրությունում գրված է»,- նշեց Մարուքյանը, ով այդ այցի ընթացքում արդեն հատուկ հանձնարարություններով դեսպան էր:

Տեսանյութեր

Լրահոս