«Հինգ կետերն ինձ հետ չեն քննարկել, որովհետև ես էլ ունեմ իմ հինգ կետերը». Արցախի ԱԺ նախագահ
Ապրիլի 5-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն անցկացրել էր արտահերթ նիստ, որի ընթացքում հրապարակված հայտարարությամբ՝ կոչ էին արել ձևավորել ազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ։
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն իր ելույթի ընթացքում նախ ողջունել էր բոլոր այն հայերին, որոնք այս ընթացքում հանուն Արցախի խաղաղ ակցիաներ էին իրականացնում Ստեփանակերտում, Երևանում և սփյուռքում։
«Մենք հարգելով ռազմական դրության մասին օրենքը, մենք էլ կարող էինք այդ ցույցին մասնակցել։ Իրենց ճակատագրով մտահոգ մարդիկ են հավաքվել։
Իհարկե, համաձայն եմ, ամեն ինչ լավ է, երբ մենք միասին ենք, իհարկե, հայտարարության մեջ դա ընդգծված է, բայց արդյո՞ք, եթե Հայաստանում և Արցախում այլ որակի իշխանություն լինի… Արցախի իշխանության որակից ասեմ, քանի որ մյուս ընտրությունները նշանակումներ են կամ ընտրություններ համաժողովրդական, հեշտ է ԱԺ նախագահին փոխելը։ Եթե այլ որակ կա այստեղ, որն ավելի է մտահոգված Արցախով, խնդրեմ, դուք բոլորդ իրավունք ունեք անվստահություն հայտնելու ԱԺ նախագահին։ Սրա փակագծերը կբացեմ, երբ լրատվամիջոցները գնան»,- նշեց Արթուր Թովմասյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ ընդդիմությունը միշտ էլ պետք է մտածի, որ իրենք ավելի լավ որակի են, քան գործող իշխանությունը, բայց այսօր այդ օրը չէ, քանի որ որևէ մեկն աթոռից կառչած չէ։
«Երբ այս արտահերթ նիստը պետք է անեինք, ես մի քանի օր առաջ մտահոգված Բրյուսելի հանդիպումով՝ հանդիպումներ ունեցա Երևանում պաշտոնատար անձանց հետ։ Առանց լրատվամիջոցների ես կասեմ, թե ում հետ ենք հանդիպել ու ինչ ենք զրուցել։ Իհարկե, 5 կետերն ինձ հետ չեն քննարկել, որովհետև ես էլ ունեմ իմ հինգ կետերը։ Բազմիցս ասել եմ, որ Վրաստանն ու Ադրբեջանը մինչև հիմա սահմանազատումն ու սահմանագծումը չեն ավարտել։ Աշխարհում կան բազմաթիվ պետություններ, որոնք ունեն սահմանային վեճ։ Ինչ պիտի անենք մենք, ամեն ինչ պիտի անենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատի։ Սակայն ռուս-ուկրաինական պատերազմից հետո էլ ավելի դժվարացավ, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբն Արցախով զբաղվի։ Արցախյան հիմնախնդիրը միակ հիմնախնդիրն է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը ու Ֆրանսիան գրեթե ունեն միատեսակ մոտեցումներ, երկրորդ նման հակամարտությունը չկա, որ այդ գերտերությունները մոտավորապես նույն տեսակետն ունենան։ Ի՞նչ պետք է անենք մենք՝ պահպանենք քաղաքական դուխը, ոգին, որը կա»,- եզրափակեց Արթուր Թովմասյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում