«Էդմոնին ասել եմ՝ եթե Նիկոլն ուզում ա, թող իր ընտանիքը տանի, տա Ալիևին, մենք չենք ուզում». Սիլվա Դանիելյան
Երեկ տեսանյութ տարածվեց, թե ինչպես են Ստեփանակերտի շուկայում «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, վերջերս Նիկոլ Փաշինյանի կողմից հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակված Էդմոն Մարուքյանի հետ թեժ զրույց ունենում մի խումբ արցախցիներ:
168.am-ի հետ զրույցում Ստեփանակերտի շուկայի աշխատակից Սիլվա Դանիելյանը, ով ներկա է գտնվել այդ զրույցին, ասաց՝ շատ թեժ է անցել իրենց հանդիպումը Էդմոն Մարուքյանի հետ:
«Ես անձամբ մոտեցել եմ նրան, ասել՝ դու սկզբից Փաշինյանի մարդը չես եղել, կռվեցիք, իրար քացով խփեցիք Ազգային ժողովում, իրար ինչ ասես՝ ասեցիք, հիմա այդ ի՞նչ եղավ, պատճառն ի՞նչ է, որ եկել ես, գովում ես իրեն: Պաշտոն է տվել, դրա համա՞ր, ապրելու խնդիր չունես, չէ՞…»,- ասաց Սիլվա Դանիելյանը՝ հավելելով, որ Էդմոն Մարուքյանից ստացել է պատասխան՝ ուղղակի չենք ուզում պատերազմ լինի նորից, կրկին զոհեր ու ավերածություններ լինեն:
Ստեփանակերտի շուկայում Էդմոն Մարուքյանի զրուցակիցները հարցրել են նաև՝ ինչո՞ւ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ մի անգամ Արցախ չի եկել, ինչո՞ւ չի հետաքրքրվում գերիների խնդրով:
«Հերիք չէ՞ր այն ամենը, ինչ բերեց Արցախի գլխին: Երեկ՝ Խրամորթը, այսօր՝ Փարուխը, ի՞նչ է լինելու վաղը: Մենք չենք ուզում լինել Ադրբեջանի կազմում: Դա բացառված է»,- Էդմոն Մարուքյանի հետ իրենց զրույցի մանրամասները հայտնեց Սիլվա Դանիելյանը:
Ըստ նրա՝ շուկայի վերևի հատվածում իրենց զրույցից հետո, մի խումբ էլ իրենց հարցերը Էդմոն Մարուքյանին ուղղել են արդեն ներքևում:
«Մարդիկ այնպես էին վրա տվել, շուկայի հետևի կողմով փախավ: Մենակ էր եկել շուկա, սովորաբար, որ միշտ գալիս էր, մտնում էր շուկա, ժենգյալով հաց գնում, թթու էր վերցնում, զրուցում էր մարդկանց հետ: Այսօր ամեն անգամվա պես չէր: Ժողովուրդը վրդովված էր: Բոլորս հավաքվեցինք»,- ասաց ստեփանակերտցի Սիլվա Դանիելյանը:
Հարցին՝ չի՞ վախենում իր ակտիվ քաղաքական դիրքորոշման համար, արցախցի կինն ասաց՝ ոչնչից չեմ վախենում:
«Ես միշտ էլ ասել եմ, ինչ մտածել եմ: Էդմոն Մարուքյանի հետ կռվել եմ, լավ եմ արել, որովհետև ինքը նիկոլական է: Մենք չենք ուզում լինել Ադրբեջանի կազմում: Մեր կամքն այն է, որ հանրաքվե անենք, մտնենք Ռուսաստանի կազմի մեջ, որ Ռուսաստանը մեր անվտանգությունն ապահովի, մենք ապրենք»,- ասաց Սիլվա Դանիելյանը:
Նրա խոսքով՝ այսօր այդ հարցով հանրահավաք է սպասվում Ստեփանակերտում:
«Նիկոլ Փաշինյանը մեզ ուզում է տալ Ադրբեջանին, մենք չենք ուզում: Այստեղ խոսում են, որ նա արդեն ստորագրել է այդ փաստաթուղթը ու ապրիլի 6-ին գնում է, որ հաստատի: Եսիմ, չգիտեմ… Գիտե՞ք՝ ինչ խուճապ է այստեղ, մարդիկ ինչքան վախեցած են: Ո՞վ կուզի՝ թուրքի հետ միանա, թուրքի հետ ապրի»,- ասաց Սիլվա Դանիելյանը:
Արցախցիները, ըստ նրա, չեն հասկանում՝ այդքան երիտասարդ տղաների կյանքեր ինչո՞ւ զոհեցին:
«Տալիս էիր, սկզբից տայիր: Դու ինքդ էիր ասում՝ զրոյական կետից եմ սկսում: Ասում էիր՝ Սերժն ո՞վ է, Ռոբերտն ո՞վ է, ես իմ կետից եմ սկսում… Ես Մարուքյանին սա էլ եմ ասել: Ասել եմ՝ լսիր, Մարտի 1-ի հանցագործը հենց ինքն է, հրահրողն ու դրդողն ինքն է եղել: Տեսանյութում էլ է ասում՝ Երևանը պետք է ազատագրենք Ղարաբաղի տականքներից: Ինքը վատթարագույնն է արել: Փաշինյանի համար Շուշին դժգույն էր, Քարագլուխը մեզ պետք չէր, բա քեզ ի՞նչ է պետք: Էդմոնին ասել եմ՝ եթե Նիկոլն ուզում ա, թող իր ընտանիքը տանի, տա Ալիևին, մենք չենք ուզում, մեզ պետք չի»,- եզրափակեց Սիլվա Դանիելյանը: