Այս կառավարությունը վաղուց տուն ուղարկված է․ Հանրահավաքի օրակարգը լինել-չլինելու հարցն է. փորձագետները՝ ապրիլի 5-ի հանրահավաքի մասին
«Դիմում ենք բոլորին՝ կուսակցություններին և անհատներին, մտավորականությանը և ՀԿ-ներին, հայաստանցիներին, արցախահայությանը և սփյուռքին․ կանգնենք կողք կողքի, միասին ներկայացնենք մեր պահանջները։ Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը»,- ահա այս կարգախոսով է հայրենի ընդդիմությունն ապրիլի 5-ին, ժամը 18։30-ին Ազատության հրապարակում հրավիրում հանրահավաքի:
Արդյո՞ք ընդդիմությանը կհաջողվի հաղթահարել հանրային ապատիկ տրամադրությունները և հեռացնել իշխանություններին՝ թույլ չտալով կուլիսային ինչ-ինչ պայմանավորվածություններ. այս հարցադրումների պատասխանները 168.am-ը լսել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից և հոգեբան Կարինե Նալչաջյանից:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գնահատմամբ՝ ապրիլի 5-ի ընդդիմության հրավիրած հանրահավաքի օրակարգն իշխանություններին հեռացնելը չէ:
«Հանրահավաքի օրակարգը Բրյուսելի օրակարգն է, այսինքն՝ Ղարաբաղի և Հայաստանի լինել-չլինելու, անվտանգության հարցը, և ոչ թե՝ այս կառավարությանը տուն ուղարկելը. այս կառավարությունը վաղուց տուն ուղարկված է:
Այլ խնդիր է, որ այս կառավարության պայմաններում ընդդիմությունը ևս բավականին թույլ է եղել՝ չկարողանալով իրագործել իր նպատակները: Թույլ՝ այն իմաստով, որ ընդդիմությունն այդպես էլ չի կարողացել կոնսոլիդացվել»,- նշեց Կարեն Քոչարյանը:

Հարցին՝ արդյոք այս անգամ այդ կոնսոլիդացիան հնարավո՞ր է, նա պատասխանեց. «Կարծում եմ, երբ օրակարգն իշխանությունը չէ, այլ լինել-չլինելն է, հույս ունեմ, որ ինչ-որ բան կստացվի»:
Քաղտեխնոլոգը համոզված է՝ ճիշտ օրակարգեր ձևավորելու դեպքում հնարավոր կլինի նաև հանրությանը դուրս բերել ապատիկ մթնոլորտից:
Բրյուսելյան այցի վերաբերյալ Կարեն Քոչարյանը ենթադրություններ չարեց՝ նկատելով, որ հարցի հասցեատերը Կառավարությունն է, այդուհանդերձ չբացառեց, որ այս աշխարհաքաղաքական համատեքստում «Բրյուսելյան այցը, հնարավոր է՝ ծանր հետևանքներ ունենա»:
Հոգեբան Կարինե Նալչաջյանը թեև չի կարծում, թե հանրահավաքով հնարավոր է հիասթափված զանգվածին միանգամից ոտքի հանել, այդուհանդերձ, նշում է՝ հասարակական տրամադրություններում մոտալուտ վտանգի զգացողությունն ինչ-որ չափով ձևավորված է:
Հոգեբանը թվարկեց քաղաքացիների պասիվությանը նպաստող հիմնական գործոնները. «2018 թվականի իրադարձությունների ակտիվ մասնակիցներից շատերի մոտ զգացողություն կա, որ իրենք խաբվել են և, կարծես, երկրորդ անգամ նույն գետը չեն ուզում մտնել, թեև հասկանում ենք, որ սա նույն գետը չէ: Նույնիսկ ստանդարտացված մի արտահայտություն կա՝ էն ժամանակ գնացինք, ի՞նչ եղավ, որ հիմա գնանք: Կա նաև «նախկիններ»-ի ստերեոտիպը՝ այն ծանոթ դեմքերը, որոնց հետևից չեն ուզում գնալ:
Սրանք գործոններ են, որոնք խանգարում են, բայց ես հույս ունեմ, որ հասարակության սթափ հատվածը, որը փոքր հատված չէ, վաղը կգնա, որովհետև եթե չգնան, դա կնշանակի՝ ինքնասպանություն է, ինքնասպանվող Հայաստան: Մարդիկ պետք է գնան, գիտակցեն, որ հենց իրենցից է կախված իրենց ճակատագիրը»:

Կարինե Նալչաջյանը վստահ է՝ երկարատև պայքարն արդյունքներ կբերի.
«Կայծը պետք է բռնկվի: Մենք, օրինակ, տեսնում ենք, որ առանձին պրոբլեմների դեպքում բողոքի ալիքներ են բարձրանում, բայց դրանք շատ լոկալ են, տեղայնացված՝ ինչ-որ դպրոց իրավացի բողոք ունի, գյուղացիները:
Այսինքն՝ առանձին խմբերի մակարդակով ընդվզումներ կան, որոնք արդյունավետ չեն. եթե մարդիկ ուզում են իրենց տեղայնացված խնդիրների լուծումը ստանալ, անհրաժեշտ է գիտակցություն, որ հարցը պետք է արմատից լուծել, համախմբված ձևով գնալ և միայն այդ դեպքում հասնել արդյունքի:
Այնպես որ, ես հույս ունեմ՝ վաղը նշանակալից մի բան կստացվի, բայց այս պայքարը ժամանակ է պահանջում, այդ հոգեբանական «վարակը» պետք է գործի»:



