«Այս իշխանությունն ամուր է այնքան, քանի դեռ կարողանում է ասել՝ «ժող ջան», մի ամբողջ ժողովրդի իրենք կարողացան վերածել ամբոխի». Մետաքսե Հակոբյան
ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ ապրիլի 5-ին, ժամը 18։30-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Հանուն Արցախի ու Հայաստանի» խորագրով հանրահավաք։ Այս մասին օրեր առաջ խորհրդարանում հայտարարել էր ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ հանրահավաքին մասնակցելու են նաև Արցախից։
Հանրահավաքներով որքանո՞վ է հնարավոր չեզոքացնել Արցախին և Հայաստանին սպառնացող վտանգը։
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին և սպասվող հանրահավաքին՝ Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նկատեց՝ կարևոր հարց է, թե որքանով է հնարավոր հանրահավաքով փրկել Արցախը, սակայն հակառակ դեպքում ի՞նչ պետք է անել, քանի որ քաղաքական ճանապարհով հարցին որևէ լուծում չի տրվում։
«Այս պրոադրբեջանական իշխանությունների ներկայությամբ հնարավոր չէ ակնկալել, որ Արցախի հարցը կրող է ունենալ հայանպաստ լուծում։ Այլևս ապացուցելու կարիք էլ չկա, թե ինչ ուղղվածություն ունեն այս իշխանությունները։ Ստեղծված իրավիճակում կա՛մ պետք է ազատվենք այս իշխանություններից, կա՛մ ստիպենք, որպեսզի անեն այնպես, ինչպես պահանջում է Հայաստանի ու Արցախի շահը։ Այս իշխանությունն ամուր է այնքան, քանի դեռ կարողանում է ասել՝ «ժող ջան», մի ամբողջ ժողովրդի իրենք կարողացան վերածել ամբոխի։ Այսօր խնդիր ունենք ժողովրդին իրազեկել, տեղեկացնել, հասկացնել, որ այս իշխանությունը հեշտությամբ հրաժարվել է Արցախից, սկսել են Սյունիքից հրաժարվել, ինչո՞ւ է բոլորին թվում, որ վաղն էլ իրենց տներից չի հրաժարվելու։ Նստել ու սպասել, թե մի օր Հադրութը մերը կլինի՝ այդպես չի լինելու, պետք է գործել ու փրկվել»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Ըստ նրա, Հայաստանից նոր է վերադարձել Արցախ, դեռ չի հասցրել տեղեկանալ, թե Արցախի ԱԺ խմբակցություններից ովքեր կմասնակցեն հանրահավաքին, բայց վստահ է, որ իշխանական խմբակցությունները չեն մասնակցի, իսկ ընդդիմադիրներից կլինեն ներկայացուցիչներ։
«Ինքս ֆիզիկապես չեմ հասցնի ներկա լինել հանրահավաքին, բայց մենք կունենանք ներկայացուցիչներ»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։
Ինչ վերաբերում է ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը և սպասելիքներին, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ մարտի 7-ի Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը փառապանծ հաղթանակ չի տարել և իզուր թող չնշի իր փառապանծ հաղթանակը, քանի որ Արցախում հայեր են ապրում։
«Նա սրանով բոլորին հասկացրեց, որ Ադրբեջանն իր փառապանծ հաղթանակը կարող է նշել այն ժամանակ, երբ արցախցին այլևս Արցախում չի ապրի։ Հենց այս օրվանից թշնամին պայթեցրեց գազատարը, սկսվեց խաղաղ բնակչությանը բարձրախոսներով ահաբեկելու գործընթաց, արդյունքում՝ սկսվեց Փառուխի նկատմամբ գործողությունները։ Նա վերջերս կրկին Կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը տեղավորվել է Փառուխում և սպառնում է պատերազմով՝ ընդգծելով, որ, միևնույն է՝ ինքը Ալիևի հետ հանդիպելու է և քննարկելու «խաղաղության պայմանագիրը»։
Այստեղ պարզապես ակնհայտ է, որ ինչպես նոյեմբերի 9-ին, այնպես էլ այսօր խաբում է և նույն բանն է անելու։ Մենք գրեթե վստահ ենք, որ իր «վերելակային դիվանագիտության» շրջանակներում նա ստորագրել է որոշակի փաստաթղթեր, որոնք փուլ առ փուլ կատարում է։ Նա հետո այդ ամենը ժողովրդին ներկայացնելու է՝ որպես փրկություն։ Նման սցենար կարող է լինել»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։



