«Ծանր վիճակ է Մարիուպոլում, Խարկովում. կան հայեր, որոնք դուրս չեն եկել». նոր մանրամասներ
Ուկրաինայում պատերազմի 38-րդ օրն է։ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունները շարունակվում են առցանց ձևաչափով:
Այս ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Պոլտավայի և Կրեմենչուգի ռազմական օդակայաններին, ինչպես նաև Կրեմենչուգի նավթամշակման գործարանին հարվածներ հասցնելու մասին։
Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը հայտնել է, որ մարտի 30-ի առավտյան ռուսական զորքերը ծանր սպառազինությունից հրթիռակոծել են Լիսիչանսկի բնակելի հատվածները։
Իսկ ապրիլի 2-ի գիշերը հրթիռակոծվել են Կրիվոյ Ռոգը, Կրեմենչուգը, Դնեպրը, Պոլտավան և Լուգանսկի մարզի մի քանի բնակավայրերը:
Ուկրաինայի Լուգանսկի մարզի հայերի միության նախագահ Սերժ Առուսխանյանը 168.am-ին որոշ մանրամասներ հայտնեց Լիսիչանսկի մասին՝ նշելով.
«Մարտի 30-ին ռմբակոծություններ եղել են, մեր համայնքին ոչ մի վատ բան չի եղել, բոլորն արդեն տեղափոխվել են ապահով քաղաքներ: Լիսիչանսկում, Ռուբեժնոեում պրակտիկորեն հայերից մարդ չկա, շատ քիչ են մնացել»:
Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանի փոխանցմամբ՝ ծանր վիճակ է Մարիուպոլում, Խարկովում:
«Մարիուպոլում հոսանք, ջուր, գազ չկա, վառելիք չկա, որ մարդիկ դուրս գան: Մարտի 31-ին հայտարարվեց էվակուացիոն միջանցք՝ Մարիուպոլից դեպի Զապորոժիե: Տարել են նաև սննդամթերք, ջուր, դեղորայք և վառելիք, դուրս են բերել մոտ 2000 մարդ: Բացի ավտոբուսներով տեղափոխելուց, եղել են նաև մարդիկ, որոնք իրենց ավտոմեքենաներով են դուրս եկել: Նրանց թվում կան նաև հայեր, ինչը մեզ շատ է ուրախացնում: Խարկովում ևս ծանր իրավիճակ է, գիշեր-ցերեկ ռմբակոծում են: Կան հայեր, որոնք դուրս չեն եկել, Ուկրաինայի հայերի միությունն առաջին օրվանից ամեն ինչ անում է, որպեսզի օգնի: Միայն անցած շաբաթ Խարկով, Զապորոժիե 4 մեքենա օգնություն է հասցվել: Կիևը միայն օդից է ռմբակոծվում: Կարողացել են նաև 3 շրջան հետ վերցնել՝ Իրպենը, Բուչան, Գոստոմելը»,- տեղեկացրեց Դավիթ Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։