«Իշխանության հիմնական արդարացումն այն է, որ ունեն ժողովրդից ստացած մանդատ, լեգիտիմություն և կարող են անել այն, ինչ ուզում են». Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր խորհրդարանի ամբիոնից, ապա նաև լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ընդդիմությունը ապրիլի 5-ին սկսում է բողոքի ցույց։

«Ապրիլի 5-ին ժամը 18։30-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Հանուն Արցախի ու Հայաստանի» խորագրով ցույց՝ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ։ Այս խորհրդարանն այս վիճակով ադեկվատ չէ երկրի մարտահրավերներին, սա կեղծ օրակարգ է հասարակությանը շեղելու, այն իրական առնչություն չունի մեր երկրի բուն մարտահրավերների հետ։ Հաշվի առնելով, որ խորհրդարանն ի վիճակի չէ քննարկելու իրական խնդիրները, մենք մեր հայրենակիցներին հրավիրում ենք հանրահավաքի՝ խոսելու Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակից, մարտահրավերներից, լուծման հնարավոր ելքերից»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով ապրիլի 6-ին Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպմանը, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այդ ցույցն ինչ-որ տեղ կապ ունի նաև հանդիպման հետ, քանի որ տեղի են ունենում պրոցեսներ, ուստի  շատ կարևոր է, որպեսզի ՀՀ քաղաքացիները ներկա լինեն այդ հանրահավաքին, որպեսզի արձանագրվի, որ ՀՀ օրվա իշխանությունը չունի որևէ մանդատ  երկիրը նոր զիջումների տանելու համար։

«Իշխանության հիմնական արդարացումն այն է, որ իրենք ունեն ժողովրդից ստացած մանդատ, ունեն լեգիտիմություն և կարող են անել այն, ինչ ուզում են։ Իրենք սխալվում են, իրենք մանդատ չունեն երկիրը զիջումների տանելու և խաղաղության կեղծ լոզունգի տակ հարվածի տակ դնելու մեր պետության գոյությունը»,- հավելեց Իշխան Սաղաթելյանը։

Ինչ վերաբերում է նիստերի դահլիճում 107 պատգամավորի ներկայությամբ կամ ԱԺ խորհրդի կազմով առանձին Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպման վերաբերյալ առաջարկին, Իշխան Սաղաթելյանը պարզաբանեց իրենց դիրքորոշումը.

«Այդ առաջարկը մերժվել է, մենք 20 րոպե ընդմիջում պահանջեցինք, որպեսզի իրենք իրենց տեսակետը հստակեցնեն, բայց մինչև այս պահը դեռ արձագանք չկա։ Մինչ այդ, առաջարկը մերժել էին, մենք հրապարակային ներկայացրեցինք նաև այդ առաջարկը։ Իրենք առաջարկել են, որպեսզի հանդիպումը տեղի ունենա ԱԺ խորհրդի նիստում, մենք դեմ ենք արտահայտվել՝ հստակ հիմնավորումներով։ Մենք նաև ասել ենք, որ պետք է ծանոթանանք այն փաստաթղթերի հետ, որոնց շուրջ այս մարդիկ բանակցել են»։

Միաժամանակ նա ընդգծեց, որ այնպես չէ, որ այդ հանդիպումներից շատ մեծ հույսեր ունեն, բայց երկիրն այսօր կանգնած է մեծ մարտահրավերի առջև, գոյություն ունի լրջագույն ճգնաժամ, պատերազմի վտանգ, և այս իրավիճակում բնական է՝ բոլորի ներկայությամբ, թեկուզ փակ քննարկել այդ խնդիրները։

Տեսանյութեր

Լրահոս